ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հրաբուխը պայթել է, և դեռ հայտնի չէ, թե լավան որ ուղղությամբ կհոսի»

«Հրաբուխը պայթել է, և դեռ հայտնի չէ, թե լավան որ ուղղությամբ կհոսի»
24.10.2008 | 00:00

«Թատերական Լոռի» և «Ալավերդու օր» տոնակատարությունների շրջանակում կայացած տոնախմբությունների օրը նաև առիթ ընձեռվեց զրուցելու «Վալլեքս Գրուպ»-ի նախագահ ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ հետ, մասնավորապես պղնձի շուկայում տիրող իրավիճակի և Թեղուտի հանքավայրի հետագա ֆինանսավորման հարցերի շուրջ: Պարոն Մեջլումյանը նշեց, որ աշխարհում սկսված տնտեսական ճգնաժամն արդեն իսկ ազդել է պղնձի խտանյութի արտադրության վրա: Սա, ըստ նրա, մեկ օրվա կամ մեկ ամսվա երևույթ չէ, և հետևանքները դեռևս զգալի են լինելու: Համենայն դեպս, պետք է մի քանի ամիս անցնի, որպեսզի շուկան հասկանա, թե ինչպիսին է ճգնաժամի խորությունը: Եվ անհրաժեշտ է առնվազն մեկ տարի, որպեսզի գիտակցվի, թե այն հարվածը, որ ստացավ համաշխարհային, նաև Հայաստանի տնտեսությունը, ինչ խորության է, քանի որ դրա ազդեցությունը մենք զգալու ենք նաև մեր ամենօրյա կյանքում:
Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման շարունակությանը և նոր ֆաբրիկայի կառուցման ֆինանսավորման խնդրին, Վ. Մեջլումյանը նշեց, որ բիզնեսը ռիսկ է, և խոսելով շահույթի մասին՝ պետք է նկատի ունենանք նաև կորուստները: Դեռևս լուրջ սպառնալիքներ ֆինանսավորման հետ կապված չկան, սակայն բոլոր խոշոր ռուսական բանկերը, ինչպես նաև աշխարհի յուրաքանչյուր բանկ զգում է բացասական երևույթները: Ոչ ՎՏԲ-ի, ոչ էլ այլ ռուսական բանկերի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և Ռուսաստանի կառավարությունը յուրովի է փորձում աջակցել իր խոշորագույն բանկերին:
Խոսելով Ալավերդու պղնձաձուլարանի հետագա գործունեության մասին՝ Վ. Մեջլումյանը, նկատի ունենալով այն իրողությունը, որ պղնձի արտադրությունը Ալավերդում աշխարհի ամենափոքր արտադրություններից մեկն է, որտեղ 1 տոննա պղնձի ձուլումն ավելի թանկ է նստում, քան այլ ընկերություններում, որտեղ, ասենք, տարեկան կտրվածքով ոչ թե 10 հազար, այլ պղնձի խտանյութից ավելի քան 300 հազար տոննա պղինձ են արտադրում, ընդգծեց, որ այս առումով պետք է կատարել մի շարք քայլեր և ունենալ տեղական բավականաչափ խտանյութ:
Նաև որոշում է կայացվել Ալավերդու պղնձաձուլարանում սկսել պողպատի արտադրություն, և մինչև տարեվերջ կգործարկվի պողպատե գնդերի արտադրամասը: Եվ եթե ստիպված լինեն տնտեսական պատճառներով պղնձաձուլարանը ժամանակավորապես կանգնեցնել, ապա կսկսի աշխատել այդ արտադրամասը, որը թույլ կտա տնտեսական հարվածներին դիմակայել, այսինքն՝ աշխատատեղեր չկորցնել: Ներկայումս ամսեամիս ավելանում են աշխատատեղերը Թեղուտի հանքավայրում, և Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների մի մասը կաշխատի նոր կառուցվող ֆաբրիկայի վրա: Կրկին անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին՝ նա նշեց, որ հրաբուխը պայթել է, և դեռ հայտնի չէ, թե լավան որ ուղղությամբ կհոսի: Պարզապես խնդիրն այն է, որ պղնձի գները աննախադեպ անկում ապրեցին, և հետագա իրավիճակին գնահատական տալու համար ժամանակ է անհրաժեշտ:
Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7776

Մեկնաբանություններ