ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարիամաձորեցի Արտյոմը

Մարիամաձորեցի Արտյոմը
01.10.2023 | 10:57

Աշխատանքը գիշերային էր, տևում էր մինչեւ 1-3-ը, պատահում էր մինչև լուսաբաց:

Մի քանի սրբագրիչներ էինք, մի քանիսն էլ արճիճից տառեր շարող: Այս շարողների մեջ կարճ հասակով մի տղա՝ Արտյոմը, որ չգիտես ինչու, էջերը, երբ տանում էի, որ ուղղումները վերաշարեր, անընդհատ դժգոհում էր: Բնական է, գիշեր էր, և մանավանդ ձմեռներն ամենքն աշխատում էին ժամ առաջ գործն ավարտել ու տուն գնալ: Չորս կողմից նեղում էին մեր Արտյոմին, շտապեցնում: Հետո այդ բաները, թվում է, հասկացա: Իսկ այդ ժամանակ ինքս իմ մեջ բարկանում էի, թե դիտմամբ ու անտեղի է ինձնից դժգոհում, երբ իմ պարտավոր գործն եմ անում, ինքն էլ` իր: Եվ մի անգամ, երբ մոտեցա Արտյոմին ոչ բարյացակամ վերաբերմունքս արտահայտեմ: Վեճ, որ կարող էր կռվի վերածվել, որ պատշաճ բան չէր: Բայց, այնուամենայնիվ, երբ բարկացած մոտեցա Արտյոմին, անակնկալից ապշեցի. Արտյոմի գլխավերեւում, մոտ երկու մետր բարձրության վրա հանկարծ կլոր, լուսավոր մի շրջանակ հայտնվեց (մոտ յոթանասուն սմ. շառավիղով շրջանակ էր) և շրջանակի մեջ՝ Աստվածամայրը, նկարի նման էր, բայց՝ կենդանի (միայն գլխի մասն էր): Եվ, դեռ երեք մետրի չափ կար, որ Արտյոմին հասնեի, բայց տեսիլքը տեսնելով՝ և ամենևին տեսիլքից չզարմանալով և ինչ-որ տեղ էլ` գոհ, որ Աստվածամայրն իր երևալով մեզ հեռու պահեց անիմաստ վեճ ու կռվից, հետ դարձա: Եվ ասում էի՝ Երանի քեզ, Արտյոմ, երևի տեղյակ էլ չես, որ Աստվածածինը քեզ սիրում է և իր երևալով` ինձ է հանդիմանում: Այս տեսարանը տարբեր օրերի կրկնվեց երեք անգամ: Բարկանում, գնում էի Արտյոմի հետ վեճ ու կռվի և Տիրամայրն էր որպես ինձ նախատինք ու հանդիմանանք երևում: Երրորդ անգամ Տիրամայրը խոսեց. «Անարդար ես Արտյոմի հարցում: Նրա հոգին չես ճանաչում: Ինքն արդար է: Համբերիր: Միասին ինձ համար գործ եք անելու»: Այդպես Աստվածամայրը նախ ինձ ազատեց անհեթեթ վեճ ու աշխարհիկ կռվից: Իսկ թե վեճ լիներ, ինձ աշխատանքից գուցե հեռացնեին, որովհետև քաղաքական թերթի համար այնքան էլ լավ սրբագրիչ չէի, միտքս միշտ ուրիշ տեղ, իմ գրելիք նյութերի հետ էր:

Հաճախակի նկատողություններ էի ստանում և, եթե վեճ էլ լիներ, հետևանքները չէին ուշանա: Վարձով և գրոշներով ապրող մարդու համար, այդ չար ելք կլիներ: Սակայն Տիրամոր հանդիմանությունն ինձ փրկեց: Ջանացի ընդհանրապես համբերատար լինել: Երբ իմ էջում սխալներ էին գնում, հույսս Աստծո վրա էր, որ աշխատանքից չհեռացնեն: Մինչև որ խմբագիրը` Այդին Մորիկյանը, որ հավատացյալ մարդ էր, հոգևոր էջեր էլ օրըստօրե վստահեց ինձ, ապա, իմ առաջարկով շաբաթական հոգևոր առանձին մեկ էջ էլ բացեց. «ԽՈՐԱՆԸ»: Ապա խնդրեցի գործս փոխել և «Հոգեւոր մեկնաբանի» հաստիք ստեղծեց և ազատվեցի սրբագրությունից: Եվ տեսնելով, որ աշխատատեղում, աթոռների վրա եմ քնում, իր հանգստյան սենյակն էլ տվեց, որ այնտեղ ապրեմ:

Հետո առանձին սենյակ էլ տվեց: Եվ խմբագրությունում այդպես ապրեցի յոթ տարի: Թեպետ խմբագիրները փոխվեցին, բայց Աստծո շնորհիվ` թողեցին, որ խմբագրությունում ապրեմ:

Եվ այդ ամենը եղավ Աստվածամոր բարեխոսությամբ, որովհետև լրագրողներից մեկը Այդին Մորիկյանի հոգևոր այս գործի մասին տեսիլք տեսավ ու պատմեց: Այդպես, անցման այդ տարիներին, կառավարական թերթում Այդին Մորիկյանի հետ մի փոքր քարոզություն արեցինք: Այդինը նաև համաձայնվեց, որ հոգևոր էջերով համարներից հիսուն թե հարյուր օրինակ նվիրենք բանտարկյալներին: Սակայն, շաբաթական քառասուն էջերից այդ մեկ էջն այնքան ազդու եղավ, որ, ցավոք, բամբասեցին, թե` քաղաքական թերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնաբաժինն ենք դարձրել: Եվ էջը փակվեց:

Իսկ Արտյոմի հետ կապված տեսիլքի մասին մտածում էի. Տեր Աստված, ահա որքան տարբեր են Քո շավիղները, բայց դու ահա սրտերն ես քննում: Տեսքով հավատը մի բան չէ Քեզ համար, այլ մարդու տեսակը, այլ` ներքին հավատը, որի մասին այս մարդը գոնե մեկ բառ չասաց: Այս տեսիլքն ինձ համար միշտ թանկ, հրաշալի հուշ մնաց և ինձ համար, անհամբեր պահերիս համբերության կոչող, սուրբ հանդիմանանքով հանդիմանող կենդանի մի խրատ: Ես տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեցի, Արտյոմին էլ չպատմեցի: Կարծեցի՝ չի հավատա: Բայց մեջս զարմանք և ակնածություն առաջացավ Արտյոմի հանդեպ: Աստված հունդ ուներ մեր մեջ և կերտում էր մեզ, ամեն մեկիս առանձին, բայց ըստ Իրեն: Պիտի կարողանայինք լսել, որ ըստ Իրեն էլ առաջնորդեր:

Եվ տարիներ անցան: Արտյոմը, որ արդեն շարվածքները ոչ թե արճիճի մեքենայով, այլ համակարգիչով էր կատարում, տեղափոխվեց այլ խմբագրություն: Եվ ավելի մտերմացանք, այնքան, որ շատ անգամ իմ հոգսերն իմանալով, իր խնդիրներն էր դրանք համարում և հաճախ սրտանց օգնում էր: Եվ ես Աստծո պարգևած գրեթե եղբոր նման մի ընկեր ունեցա:

Իսկ մենք, մարդիկս՝ հաճախ արտաքնապես ենք դիտում ու դատում, և հաճախ էլ մեր փոքր խնդիրներից իզուր բարկանում, դրանք ծայրահեղացնում, անմտորեն միմյանց ատում: Եվ բարկանալով կորցնում շատ և շատ կարևոր, թանկ բաներ, ոսկի բաներ, ընկերասիրություն և մարդասիրություն:

Աստվածամայրը նախօրոք հայտնեց այն, ինչ հետո պիտի լիներ: Եվ ահա, այնպես ստացվեց, որ Աստծո կամոք, Աստվածածնի հայկական երևումների մասին սկսեցի այս մատյանը պատրաստել, որ Արտյոմն սկսեց շարել: Ամիսներ անց, մատյանի գրեթե կեսին էինք հասել, երբ ես հանկարծ հիշեցի տպարանի ձմեռային գիշերվա մեջ Աստվածածնի հայտնությունը, թե «Միասին ինձ համար գործ եք անելու»: Եվ այդ մատյանն էլ, ուրեմն, ծրագրված էր եղել, որովհետև երբևէ նման ծրագիր հասու չէի իմ առջև դնել:

Միայն Աստված գիտի, թե մեր մեջ ինչ կա և ապա ինչ է լինելու կամ ինչ գործ ենք անելու: Եվ հասկացա թե` առաջնահերթ, ոչ թե մեր դեռ չնորոգված, չվերածնված մարդկային կամքը, այլ Աստծուն լսելն է ամենահանգիստն ու ամենախաղաղը, ամենաօրհնյալը և ամենաօգտակարը ամենքիս համար էլ:

Եվ մատյանի շարվածքը մոտենում էր ավարտին, երբ այս հայտնությունը պատմեցի Արտյոմին, իսկ նա փոխադարձաբար պատմեց, թե իրենց գյուղի անունը՝ Մարիամաձոր է (Արցախ, Հադրութի շրջան), և իր դստրիկի ու քրոջ դստեր անունները՝ Մարիամ են դրել: Այդպես, Աստվածամայրն իրենց թե՛ գյուղի և թե՛ տոհմի սրբուհին է:

Ես հոգևոր մայր ունեմ, որ երկար տարիներ առաջ Նորքի Աստվածամոր եկեղեցում Տիրամորից հայտնություն է ստանում իմ նեղ օրերին ինձ օգնել: Եվ նրա անունն էլ է Մարիամ: Նաև Մարիամ են բոլոր այն կանայք, ովքեր Աստվածամոր նմանություններն ունեն և սրբանվեր են, նրանք ինչ այլ անուններ էլ ունենան, հոգով Մարիամ են: Այս հարցի մասին մի գեղեցիկ վիպակ ունի մեր գրչեղբայրներից` Հակոբ Սողոմոնյանը:

Պատահական բաներ չեն լինում:

Օրհնյա՜լ է Աստված:

Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

«Արցախյան վկայություններ» գրառումներից

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ