Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ

Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ
26.12.2008 | 00:00

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅԱՄԲ
Այս տարի լրացավ Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ ԱԴԻԿ ԱՐԴԱՐՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Դրանից 50-ը Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի 1967-2005 թվականների անփոփոխ տնօրենը նվիրել է «սպորտի թագուհու» զարգացմանը, իսկ նրա սաները տարիներ շարունակ լավագույնն են ճանաչվել հանրապետությունում, հաջողությամբ հանդես եկել համամիութենական և միջազգային մրցումներում։ Վաստակաշատ մարզչին անդրադառնալու շարժառիթը ՀԱՕԿ-ի տարեկան գլխավոր համաժողովն էր, որտեղ Գագիկ Ծառուկյանը, խոսելով առաջիկայում կատարելիք աշխատանքների մասին, առանձնակի անդրադարձավ մարզադպրոցների գործունեությանը, նշելով, որ ամեն տնօրեն, որն անցած չորս տարում ոչ մի արդյունք ցույց չի տվել և առաջիկա մեկ տարում էլ կաշխատի նույն ոգով, իր տեղը կզիջի նրան, ով ի վիճակի է այն կատարելու։
Ինչպես ՀԱՕԿ-ի նախագահը, այնպես էլ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի նախկին տնօրենը կարծում են, որ և՛ նախարարության, և՛ համայնքների պատկանելության մարզադպրոցներում, իսկ դրանց թիվը հասնում է 95-ի, մարզական աշխատանքների արդյունավետության բարձրացման, գործի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, ուսումնամարզական աշխատանքների որակը կտրուկ բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ կատարել։ Վաղուց ժամանակն է, որ համայնքները պատասխան տան իրենց իրավասության տակ գտնվող մարզադպրոցների մարզական արդյունքների համար։
Մասնավորապես, հայկական աթլետիկայի մեծ երախտավորի կարծիքով, մարզադպրոցների վրա հսկողությունն ուժեղացնելու գործընթացը ժամանակին է, գուցե և մի քիչ ուշացած։ Մարզադպրոցների մեծ մասն աշխատում է անարդյունավետ։ Դպրոցներում ամենաթողություն է, գործի նկատմամբ անտարբերություն, պատասխանատվության բացակայություն։ Դրանում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վերադաս կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ չեն արդյունավետ աշխատանք պահանջել այն մարզադպրոցներից, որոնց աշխատանքի օգտակար գործողության գործակիցը զրո է կամ մի քիչ ավելի։
Հարկ է նշել, որ համայնքների մարզադպրոցները դարձել են բարեկամների ու ծանոթների հավաքատեղի, որտեղ աշխատող մարզիչներից շատերն անգամ տարրական մարզական գիտելիքներ չունեն։ Նրանցից ոչ մեկին ղեկավարությունը կարգային մարզիկներ պատրաստելու պահանջ չի ներկայացնում, որոշ մարզադպրոցներ մոռացել են, որ իրենց գերխնդիրը հանրապետության հավաքականները բարձրակարգ մարզիկներով համալրելն է։ Մի շարք մարզադպրոցներ տասնյակ տարիներ աշխատել են անարդյունավետ և այսօր էլ շարունակում են աշխատել նույն ոգով։
Փակուղուց դուրս գալու համար Ադիկ Արդարյանը հանրապետությունում սպորտի զարգացման համար առաջարկում է մոտեցումների իր տարբերակը, որը բավականին հետաքրքիր է, ուստի որոշեցինք այն ներկայացնել հանրապետության լավագույն մասնագետների ուշադրությանը։
1. Անհրաժեշտ է վերականգնել սպորտկոմիտեների աշխատանքները քաղաքներում` կենտրոնացնելով մարզական աշխատանքների ղեկավարումը։
2. Բոլոր մարզադպրոցներում, լինեն դրանք նախարարության, թե համայնքային ենթակայության, անցկացնել ատեստավորում, մասնագիտացված մարզադպրոցներում տնօրեններ և ուսմասվարներ նշանակել միայն փորձառու մասնագետների։
3. Վերանայել այն մարզադպրոցների կանոնադրությունները, որոնք չունեն պահանջվող չափանիշներ` կապված տարիքի և մարզական արդյունքների աճի հետ։
4. Հաշվետվությունների ձևով խիստ հսկողություն սահմանել մարզադպրոցների կատարած աշխատանքների վրա, կիրառել խրախուսման և պատժի միջոցներ։
5. Վերանայել որոշ մարզադպրոցների պատկանելության հարցը` համայնքայինից նախարարություն, ինչը կնպաստի մարզիչների աշխատավարձի որոշակի բարձրացմանը, դա էլ իր հերթին կնպաստի մարզչական աշխատանքի արդյունավետության խթանմանը։
6. Ֆինանսավորել մարզադպրոցներն այնպես, որ կարողանան կատարել միջոցառումների, գործուղումների հետ կապված անհրաժեշտ ծախսերը։
7. Այն մարզադպրոցները, որոնք ունեն նյութատեխնիկական բազա և մարզումների համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել վարժասարքերով և օժանդակ գույքով։
8. Խիստ անհրաժեշտություն է վերանայել մարզիչների վարձատրության հարցը, որի պատճառով շարունակվում է մասնագետների հոսքը դեպի հանրակրթական դպրոցներ կամ այլ բնագավառներ։
9. Բարձրացնել ֆեդերացիաների հեղինակությունը տեղերում` նրանց տալով որոշակի հսկողական իրավունք։
10. Մատների արանքով չնայել այն մարզաձևերին, որոնք հանրապետությունում «էլիտար» չեն համարվում, բայց 20-25 տարին մեկ կարող են մեր օլիմպիական թիմերը համալրել բարձրակարգ, մեդալի հավակնող մարզիկներով։ Ասածս կոնկրետ վերաբերում է աթլետիկային։ Չեմ կասկածում, որ եթե լինեն ժամանակակից վազքուղիներով մարզավայրեր, կլինեն նաև բարձրակարգ մարզիկներ։
11. Առանձին խոսակցության թեմա է լրատվությունը։ Եթե հեռուստատեսությունների` ֆուտբոլին հատկացված հարյուրավոր ժամերի մի չնչին մասը հատկացվեր հայկական սպորտին, ժամանակին վեր հանվեին այս կամ այն մարզաձևում տեղ գտած թերությունները, ապա այսօր վիճակը շատ ավելի լավ կլիներ։
12. Եվ վերջինը. երկու տարին մեկ անցկացնել դպրոցականների հանրապետական սպարտակիադաներ ըստ փուլերի (միջդասարանային, քաղաքային, մարզային և հանրապետական)։ Հսկողություն սահմանել, որ դրանք չանցկացվեն թղթի վրա, այլ ծառայեն մարզիկների ընտրության գործին։ Խորհրդային տարիների փորձը ցույց է տվել, որ այսպիսի բնականոն ճանապարհով մարզիկների ընտրությունը բերել է նրան, որ մեծ սպորտ են մտել բազմաթիվ բարձրակարգ մարզիկներ, որոնք հետագայում եղանակ են ստեղծել նաև աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և օլիմպիական խաղերում։ Այս գործընթացն անհրաժեշտ է ճիշտ ճանապարհով տանել հատկապես այսօր, քանի որ առջևում 2010 թվականի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերն են։

Փորձառու մասնագետի այս դիտարկումներում, անշուշտ, կան կետեր, որոնք բխում են ժամանակի պահանջներից և արժանի են ուշադրության։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4330

Մեկնաբանություններ