Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պարտք եմ ձեզ, տղե՛րք

Պարտք եմ ձեզ, տղե՛րք
07.07.2024 | 22:22

Օրն ավարտվել էր, ամսաթիվը՝ փոխվել, իսկ Վահրամն իմ մտքից դուրս չէր գալիս. արդեն քանի տարի նրա եղերական կորուստն ինձ հանգիստ չի տալիս:

Վահրամն Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ հետախույզ է եղել:

Փորձեցի նստել ու գրել նրա մասին: Չկարողացա:

Դժվար է, անասելի դժվար:

Բայց մի դեպք հիշեցի ու որոշեցի հակիրճ շարադրել:

Շաբաթ օր էր:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունում էի: Զանգահարեց, ասաց՝ գալիս է ինձ մոտ, նվեր է հանձնելու:

– Ի՞նչ նվեր… Չգիտե՞ս, որ նվերներ չեմ ընդունում,– պատասխանեցի վրդովված:

Քիչ անց եկավ: Ձեռքին ոչինչ չկար: Ամոթխած ժպտալով բաճկոնի ծոցագրպանից ցելոֆանե մի փաթեթ հանեց, միջից՝ Ադրբեջանի մի կեղտոտ դրոշ՝ կոշիկների հետքերով:

– Ֆիզուլիի կռիվների ժամանակ մերոնք թուրքական մի ջոկատ գլխովին ոչնչացրել են, սա էլ նրանց դրոշն է:

– Այդ դրոշի տեղը թանգարանն է,– ասացի շփոթված:

– Երևանի բոլոր թանգարանների տեղերը գիտեմ, բայց սա քո՛նն է:

Չեմ հիշում՝ ե՞րբ էր, զանգահարեցի Գագիկ Գինոսյանին, խնդրեցի հանդիպել ինձ հետ: Դրոշը տվեցի նրան՝ ասելով՝ պարեր ես բեմադրում, գուցե պետք գա, հետո հանձնիր թանգարան:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, մի կտոր «անպետք հող» կորցրինք, հետո…

Ամեն անգամ Գագիկին հանդիպելիս ուզում էի հարցնել՝ ի՞նչ արեց դրոշը, բայց ավելի կարևոր թեմաների շուրջ էինք խոսում, ու այն շրջանցում էի:

Հիմա երկուսն էլ չկան. երկուսի մասին էլ ասելիքը շատ է, բա՞յց…

Տղե՛րք, մարդ ամաչում է ձեզանից հետո այսպե՛ս ապրելու համար…

Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Հ.Գ.

Գուցե մաս-մաս գրառումներով կարողանամ, ի վերջո, այս մարդկանց մասին ասելիքս ամբողջացնել:

Դիտվել է՝ 4476

Մեկնաբանություններ