Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ընդամենը մեկ օր

Ընդամենը մեկ օր
13.11.2023 | 10:12

Հաճախ եմ լսում սեղանի շուրջ, փողոցում, աշխատատեղում.

«Դե ի՜նչ եք դիմադրել, ընդամենը մի օր… «Морские котики» սպեցնազին Սադամ Հյուսեյնի 14-ամյա թոռը «կզզացրել ա», 6 ժամ դիմադրություն է ցույց տվել՝ սպանելով 20 հատուկ ջոկատայինի»։

Դե որ այդքան լավ մաթեմատիկա գիտեք, հարմար տեղավորվեք ձեր բազմոցներին, վերցրեք հաշվիչը, որովհետև խառը թվերի հետ եք գործ ունենալու.

*1 օրը 24 ժամ է,

*24 ժամը`1440 րոպե,

*1440 րոպեն` 86 400 վայրկյան:

ՈՒ այդ 86 400 վարկյանում ո՛չ մի ակնթարթ չեն դադարել ՆԱՏՕ-յական վերջին սերնդի զենքերի պայթյուններն իմ արյունով ջրված անպաշտպան երկրի վրա, իսկ զինադադարից մի ժամ առաջ պարզապես Պոմպեյի վերջին օրն էր...

*86 400 վայրկյանում մայրերը, արհամարհելով վտանգը, իրենց բալիկներին փնտրել են կամ հիվանդանոցներում, կամ դիատներում:

*86 400 վայրկյանում բիբլիական վարդաբույր Թաղավարդում ու Սառնաղբյուրում ծնողների աչքի առաջ խոշտանգում ու բզկտում էին ծերերին ու մանուկներին:

*86 400 վայրկյանում հրետակոծվող գյուղերից մազապուրծ եղած, անտառամիջի մացառներից արյունլվիկ եղած մանուկները հազիվ հասած փրկության խարիսխ՝ մայրերի աչքերի առաջ բզիկ-բզիկ են եղել:

*86 400 վայրկյանում 1000-ից ավելի զոհ ու վիրավոր ենք ունեցել, չեմ խոսում անհայտ կորածների մասին (հետո էլ բենզալցակայանի զոհերը...):

Սարսափում եմ շարունակել թվաբանական պրոգրեսիան պատերազմը շարունակելու դեպքում:

*86 400անգամ անիծել եմ պատերազմը սանձազերծողներին, երբ որդուս ուղեպայուսակը զոհվածների շորերի արանքում փնտրելիս, ոտքերս ճլմփում էին հատակին լերդացած արյան ճահճի մեջ (հանդերձապահը չէր համարձակվել մտնել), առայսօր արյան այդ ճենճահոտը դեռ իմ ռունգերում է, իսկ բծերը՝ ձեռքերիս:

Հոգիս էլ կրակներում:

*86 400 վայրկյան մեր հայացքը ուղղված էր Մայր Հայաստանի ճանապարհին, ահա ուր որ է մեզ օգնության կհասնեն նոր անդրանիկները, դրոները, նժդեհները...

Կճեղքեն սատանայի կամուրջը և օգնության կհասնեն:

Ամեն վայրկյան սպասում էինք, այնինչ բազմոցներին նստած, բոլորի պես դիտորդների դերում էիք:

Սպասում էիք, թե ով կհաղթի:

Եվ ամեն անգամ այդ թեման բացելիս 86 400 անգամ համոզված եղեք, որ մենք հաղթել ենք, այդ դու՛ք եք պարտվել, որ մեզ մենակ եք թողել, որ բաժանել եք «մենք» ու «դուք»-ի և թողել թշնամու երախում:

*86 400 անգամ համոզված եղեք, որ մեր կենդանի մնացած զինվորներն այժմ զենքները ձեռքներին պաշտպանում են Մայր Հայրենիքի սահմանները:

Ընդամենը մեկ օր...

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Հ.Գ

Նախքան մեղադրելը միշտ հիշեք՝ մեր տղաներն ընդամենը մի՜ օր չեն պաշտպանի իմ ու քո Հայրենիքը, այլ

քանի դեռ շնչում են ու տրոփում են նրանց սրտերը...

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ