ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարդն ինչքան մեծ է լինում, այնքան համեստ է լինում»

Մարդն ինչքան մեծ է լինում, այնքան համեստ է լինում»
24.02.2009 | 00:00

ԱՇԽԱՐՀՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնում բեմական կենսագրության զգալի հատվածն ապրած և այսօր էլ հանդիսատեսին իր խաղով գերող ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ մասնագիտական և մարդկային արժանիքները գնահատված են թե՛ մեր երկրի ղեկավարների, թե՛ հասարակության կողմից: Ձեզ ենք ներկայացնում առանձին պատառիկներ արտիստի խոհերից և ապրած կյանքի հիշողություններից:
ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Հիշում եմ, թե ինչպիսի ուսուցիչներ եմ ունեցել: Մեր ժամանակ դպրոցը ոչ միայն գիտելիք էր տալիս, այլև երեխային մարդ էր դարձնում: Մի բան, որ այսօր չկա դպրոցում: Մի դասատու ունեինք, ռուսերեն էր դասավանդում: Ամբողջ դասարանով սիրահարված էինք նրան: Ոչ թե գեղեցիկ արտաքինի համար, թեև արտաքինով էլ շատ գեղեցիկ էր, այլ պահվածքի: Դերասանուհու նման էր վարում դասը: МХАТ-ի մասին էր խոսում, Վախթանգովի թատրոնի, Դոստոևսկու: Եվ այդ ամենը՝ ծրագրից դուրս: Հասկանալի է, որ դպրոցական ծրագիրը կարևորում են, բայց մարդ դառնալու համար միայն ծրագրային գիտելիքները բավարար չեն:
Սովորել եմ Երևանի թատերական ինստիտուտում՝ մեծ ռեժիսոր Արմեն Գուլակյանի կուրսում (մոսկովյան հաստատություններում սովորելուն խանգարեց ակցենտս): Իմ կուրսից էին Յուրի Ամիրյանը, Ժենյա Ավետիսյանը, Ժաննա Ամիրջանյանը, Վրեժ Հակոբյանը, Լաուրա Գևորգյանը:
Շատ դժվար կյանք եմ ունեցել: Տարիներով բեմում նիզակ եմ բռնել, ընդամենը մեկ-երկու բառ եմ ասել: Մի շրջան ռուսական թատրոնում աշխատեցի: Սարոյանի «Կորի՛ր, ծերուկ» պիեսում վիրտուոզ դաշնակահարի դեր էի կատարում, որը ջազ էր նվագում: Համր, անհաղորդ դեր էր, մի քանի րոպե էի լինում բեմում, բայց ծափերով մտնում էի, ծափերով դուրս գալիս: Հետագայում քննադատները գրեցին, որ դա ամենասարոյանական կերպարն էր ներկայացման մեջ: Սա ինձ համար մեծ գնահատական էր: Արտիստի մասնագիտությունը ահավոր դժվար մասնագիտություն է: Ես դեմ եմ եղել, որ իմ երեխաները դերասան դառնան, թեև այսօր արդեն թոռս էլ է խաղում: Իմ ծնողներն էլ էին դեմ, որ ես և քույրս՝ Ժասմենա Մսրյանը, դերասան դառնանք: Ծնողներս նույնպես դերասաններ էին, ՀՀ վաստակավոր արտիստներ: Իրենց ամբողջ կյանքը նվիրել են Ալավերդու, ապա՝ Վանաձորի թատրոններին: Եվ երբ հրավեր էին ստանում աշխատելու Երևանում, ասում էին, որ գավառում էլ մարդիկ կան, գավառին էլ է թատրոն պետք, ու իրենք պիտի մնան Վանաձորում»:
ԹԱՏՐՈՆ
«Թատրոնն այնպիսի օրգանիզմ է, որ վաղ թե ուշ մեռնում է: Խոսքը վերաբերում է առանձին այս կամ այն թատրոնին, հատկապես այն թատրոններին, որոնք սերնդափոխություն չեն ունենում: Բայց որ թատրոնը, իբրև երևույթ, ընդհանրապես մահանա, անհնար է: Քանի դեռ մարդկությունը կա, թատրոնի անհրաժեշտությունը կա: Շոու-մոուները սուտի-մուտի բաներ են, ժամանակավոր բնույթ են կրում, փուչիկի նման այսօր կան, վաղը պայթելու են: Եթե շոու է, պիտի շատ շքեղ լինի, որ կարողանա երկար ապրել: Իսկ թատրոնը պիտի ապրի, պիտի մնա: Ղափլանյանը դրամատիկական թատրոնն ստեղծեց մի այնպիսի ժամանակաշրջանում, որ նման գործ անելն անհնար էր: Հիմա սունկի պես կարող են աճել նոր թատրոններ, բայց այն թվերին դա շատ դժվար էր: ՈՒ մենք զինվորի նման արշավեցինք, և թատրոնը երբեք կանգ չառավ: Ծանր պահեր ունեցավ, բայց, փառք Աստծո, այսօր կա, ապրում է, և սերնդափոխություն է կատարվում: Արդեն 33 տարի է, որ խաղում եմ Հերոստրատ: Սա Գինեսի գրքում գրելու բան է: Խաղում եմ, որովհետև սիրում եմ այդ դերը: Ներկայացումը քայլում է ժամանակի հետ, ամեն անգամ մի նոր բան եմ մտցնում խաղիս մեջ: Հենց դրա շնորհիվ էլ չեմ հոգնում, չեմ ձանձրանում այդ կերպարից: Եղել են բազմաթիվ դերեր, որոնք խաղացել ու կարճ ժամանակ անց մոռացել եմ: Բավական շատ եմ խաղացել նաև հեռուստաթատրոնում: Առաջիկայում կխաղամ մի նոր ներկայացման մեջ, որտեղ կմարմնավորեմ իմ կերպարը»:
ՊԱԳԱՆԻՆԻ ԵՎ ԱՅԼՔ
«Պագանինին շատ մեծ արձագանք գտավ ոչ միայն մեզ մոտ՝ Սովետմիությունում, այլև նրա սահմաններից դուրս: Ես դրանից չմեծամտացա, ընդհակառակը, ավելի բարիացա: Նույն բանը տեսնում եմ մեր շախմատիստների մոտ: Մարդիկ աշխարհով մեկ փառաբանվել են, բայց այնքան համեստ են, այնքան ամաչկոտ: Իսկ այսօրվա աստղիկները մի երգ են ձայնագրում, արդեն իրենց մեծություն են համարում: Պագանինին 1982-ին ամբողջ ժողովուրդն էր նայում: Գիտեմ, որ շատ երեխաներ այդ ֆիլմը դիտելուց հետո գնացել, ջութակ նվագել են սովորել: Ինձ հազարավոր նամակներ էին գրում՝ տարբեր քաղաքներից. գրում էր և՛ ութ տարեկան երեխան, և՛ մեծահասակը: ՈՒզեմ, թե չուզեմ, պիտի խոստովանեմ, որ Պագանինին իմ ամենամեծ դերն է եղել կինոյում: Դրանից հետո դրսից բազմաթիվ հրավերներ եմ ունեցել, նկարահանվել եմ Բելառուսում, ՈՒկրաինայում, «Մոսֆիլմում»: Մի դեր ունեմ, որ շատ քիչ մարդիկ են տեսել: Նկարահանվել է Տաջիկստանում, Այթմատովի սցենարով: Կոչվում է «Смерч»: Ռեժիսորն է Բակո Սադիկովը: Խաղացել եմ ցեղապետի դեր՝ շատ հետաքրքիր ու գլխավոր դեր: Ինչ վերաբերում է «Հայֆիլմին», այստեղ ես շատ ուշ հայտնվեցի՝ 36 տարեկանում: 1973-ին խաղացի Արման Մանարյանի «Վերադարձ» ֆիլմում: Դա եղավ իմ դեբյուտը «Հայֆիլմում»: Այնտեղ թայֆայություն էր տիրում: Ինչ ֆիլմ նկարահանվում էր, խաղում էին միևնույն դերասանները՝ Ֆրունզիկ, Խորիկ, Սոս: Իրենց դերերն էին, թե ոչ, իրենց սազում էին այդ կերպարները, թե ոչ, միևնույն է, իրենք էին խաղում: Հետագայում՝ անկախության շրջանում, խաղացի Տիգրան Խզմալյանի «Պեռլեկինո կամ օդից էլ թեթև» և Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմերում: Կարծում եմ՝ Պագանինիից հետո «Հայֆիլմում» վախեցան ինձ նկարահանել: Իմ խաղն արդեն տեսել էին, և եթե ես որևէ ֆիլմում վատ խաղայի, ապա կհասկացվեր, որ դա իմ թուլությունից չէ, այլ ռեժիսորի, սցենարիստի: Անգամ փոքր դերեր խաղալու չէին հրավիրում, թեև ինձ համար փոքր ու մեծ դերեր չկան: Շատ ավելի դժվար է փոքր դեր խաղալ, քան ծավալուն, մեծ ասելիք ունեցող դեր: Իհարկե, ասեմ, որ Պագանինիի հաջողությունից հետո բնավ չզգացի, որ իմ շուրջ նախանձի մթնոլորտ է ստեղծվել: Ընդհակառակը, իմ կոլեգաներն ինձ շատ բարձր գնահատեցին և շատ ջերմ էին վերաբերվում: Իմ շատ սիրելի ընկեր, շատ մեծ դերասան Լևոն Թուխիկյանը դուրս եկավ, գրկախառնվեց ինձ հետ ու գոռաց. «Победа!!!»: Նույն ջերմ վերաբերմունքը տեսել եմ Ֆրունզի կողմից, ում վերջին տարիների ամենամոտ ընկերը ես եմ եղել, բայց երբեք չեմ գովազդել դա: Նա մեծ ողբերգակ էր և շատ խոցելի մարդ: Ֆրունզն ինձ առաջարկեց խաղալ իր «Հատակում» ֆիլմում: ՈՒ թեև նա ինքն էր որոշել խաղալ իմ ուզած դերը, բայց մեկ փորձից հետո ասաց. «Դու պիտի խաղաս, ինձնից լավ ես խաղում»: Այդ մեծությունը, այդ մեծ մարդն իր տեղը զիջեց ինձ: Երբ մարդը մեծ է, չի գնա փոքր քայլերի, չի լինի մանրախնդիր: Մարդն ինչքան մեծ է լինում, այնքան համեստ է լինում: Ես ուզում եմ, որ սա իմանան մեր ջահելները: Տաղանդավոր մարդկանց պետք է փայփայել, միջակություններն ու անտաղանդներն իրենք կգտնեն իրենց ճանապարհը: Տաղանդավոր մարդիկ անպաշտպան են, իսկական երեխա: Գոհար Գասպարյանի, Օհան Դուրյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի նման մարդիկ չափազանց համեստ են, ուղղակի երեխաներ»:
ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԼԱՎ ԴԵՐԱՍԱՆԸ ԼԱՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ Է
«Միշտ չէ, որ լավ դերասանը լավ մանկավարժ է: Յուրահատուկ ձիրք է պետք, որպեսզի կարողանաս ուսուցանել այն, ինչ դու անում ես: Իմ մեջ այդ ձիրքը չեմ զգում: Չնայած մարդիկ կան, որ կապ չունեն արվեստի հետ, բայց դպրոց ունեն, օրինակ՝ հումորի դպրոց: Հումոր դասավանդելը ո՞րն է: Մարդու մեջ հումորը կա՛մ կա, կա՛մ չկա: Դա աստվածատուր բան է: Մարդ կա՝ շատ լավ է պատմում անեկդոտ, մարդ էլ կա՝ ուղղակի չի կարողանում պատմել: Օրինակ՝ ես չեմ կարողանում, իսկ կինս լավ է պատմում, և միշտ, երբ ուզում եմ որևէ անեկդոտ պատմել, ինձ լռեցնում ու ինքն է պատմում»:
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ
«Մեր քաղաքի կենտրոնը շատ լավ կառուցվեց: Բայց բավակա՛ն է, կենտրոնը բա՛ց թողեք: Արդեն օդ չկա, այնքան է ամեն ինչ իրար վրա կուտակվել: Շատ ուրախ եմ, որ Աջափնյակում եմ ապրում և մաքուր օդ եմ շնչում: Երբ ամռանն իջնում եմ կենտրոն, շունչս կտրվում է: Եղբա՛յր, հերի՛ք է, հանգի՛ստ թողեք կենտրոնը: Մի քիչ կանաչապատե՛ք, որ մարդիկ շնչեն: Մանավանդ օպերայի շրջակայքը շատ վատ է նայվում: Փչացել է ամբողջ թամանյանական գեղեցկությունը: Կենտրոնը սովորաբար լինում է օֆիսների, հիմնարկությունների տարածք, իսկ ապրելու համար մարդիկ ձգտում են դեպի ծայրամասեր, քաղաքից դուրս ընկած հատվածներ: Մեզ մոտ հակառակն է: Իհարկե, ես կողմնակից եմ, որ քաղաքը կառուցվում է: Երբեմն ասում են, թե աղավաղվել է մեր վարդագույն Երևանը, բայց այդ վարդագույն քաղաքը փոշու մեջ կորած էր ու արդեն այնքան էլ վարդագույն չէր: Հիմա էլ է փոշոտ, քանի որ շինարարություն է ընթանում: Բայց հետագայում մենք պիտի մաքուր պահենք մեր Երևանը, ծխուկը չգցենք գետնին, ոչինչ չթափենք փողոցներում: Մենք մեր մեջ պիտի դաստիարակենք այդ կուլտուրան: Շատ ենք աղտոտում Երևանը»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3953

Մեկնաբանություններ