ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մահը` դեղին կոշիկներով ու կարմիր ձեռնոցներով, անհրաժեշտություն

Մահը` դեղին կոշիկներով ու կարմիր ձեռնոցներով, անհրաժեշտություն
29.05.2009 | 00:00

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԴՅՈՒՐԵՆՄԱԹ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ողբերգական կատակերգություն է բեմադրվել` Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»: Ողբերգական կատակերգություն երկու մասից այն մասին` ինչպես 40 տարի անց իբրև միլիարդատեր Գյուլեն է վերադառնում... Անիմաստ է վերաշարադրել այն, ինչ գրել է Ֆրիդրիխ Դյուրենմաթը:
ՃՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը հանդիսատեսին ներկայացնում է կոշտ մի բեմադրություն, որ սահմանակցում է գրոտեսկին: Ոչ մի զիջում` ռեժիսորի մանրադիտակի տակ բոլոր կերպարներն անխղճորեն անզարդ են, հավուր պատշաճի նույնիսկ արված չէ նրանց արդարացնող-մարդկայնացնող ոչ մի քայլ: Բեմադրության երաժշտությունն էլ (երաժշտական ձևավորումը` Էդիկ Հայրապետյանի) նույնքան կոշտ է` ականջ ծակող ու խլացնող` քնքշության ու սենտիմենտալության ոչ մի նոտա: Պարերը` նույնքան մեխանիկական-տիկնիկային (պարերի բեմադրությունը` Գագիկ Կարապետյանի): Զգեստները` պարզ ու գրեթե հրճվանք դալտոնիկի համար (զգեստները` Մերի Սարգսյանի): Ծայրից ծայր երկու ժամ ներկայացումը սկսվում ու շարունակվում է նույն ռիթմով` անշտապ ու համառ: Ամենասկզբից գիտես` ինչով է ավարտվելու արդարության հերթական վաճառքը, այսինքն` ընթացքը քեզ չի կարող հետաքրքրել, ուրեմն ի՞նչն է երկու ժամ ուշադրությունդ գամում բեմին:
Քլեր Ցախանասյանի ողբերգությունն էլ առանձնապես ինքնատիպությամբ չի առանձնանում: Ոչ էլ` Ալֆրեդ Իլի: Սովորական մի պատմություն` ինչպես գայթակղությունն անշեղորեն ստիպում է մեկ առ մեկ ոտնահարել Աստծո տասը պատվիրանները, ինչպես բարեկեցությունը կաշառում է անկաշառության երդում տվածներին: Ինչպես մարդուց հեռանում են բոլորը, և մենակության մեջ նրան մեկ ընտրություն է տրվում` այլընտրանքի բացակայությունը: Հետո ի՞նչ: Այս պիեսը Շեքսպիրը գրեր, դառնալու էր «Կորիոլան»` ինչպես է քաղաքը դավաճանում ինքն իրեն: Պարզապես Շեքսպիրի ու Դյուրենմաթի ժամանակներն էին իրարից շատ տարբեր, ժամանակի, հերոսի ու հերոսականի նրանց ընկալումներն էին շատ տարբեր: Ի՞նչն է այստեղ գրավիչ ու կարևոր այնքան, որ կյանքիդ երկու ժամն ինքնակամ նվիրաբերես:
Գերմանացի Դյուրենմաթի համար «Ծեր տիկնոջ այցը» ընդամենը միջոց է` ասելու այն, ինչ նա մտածում է, և այդպես է վարվում յուրաքանչյուր գրող: Դյուրենմաթը որակումներ չի տալիս, նա իր հերոսներին չի սիրում ու չի ատում, չի արդարացնում ու չի մեղադրում. Դյուրենմաթն անքթիթ պաղարյունությամբ իր հերոսների առաջ դնում է հայելի ու կողքից նայում նրանց... Հետո այդ հայելին բեմադրության ընթացքում ինչ-որ պահի մարդու ներսն է տեղափոխվում, և ահա հերոսներն իրենք են հայելի դառնում բոլոր արատների ու բոլոր առաքինությունների առաջ: Գրեթե զորանոցային այս պարզության ու անարվեստ արվեստով ստեղծված ներկայացման մեջ ի՞նչն է երկու ժամ ստիպում բեմից չկտրվել:
Դերասաններն էլ երկնքից աստղեր չեն իջեցնում` խաղում են ինչպես խաղում են, անսովորությունից երբեմն գայթում են զգեստների ու դեկորների վրա` զգուշորեն ճոպաններից կառչելով, երբ բեմի ինչ-որ հատվածը սկսում է պտտվել: Ալֆրեդ Իլը Կարեն Ջանգիրյանի կատարմամբ սկզբից մինչև վերջ մնում է իր սխեմայում` խղճի հետ խնդիրներով սովորական մարդ, որ ուզում է շահել տանուլ տված խաղը, նա առավել տպավորիչ է այն տեսարաններում, երբ լռում է: Բառերն ինչ-որ խանգարում են չկայացած վաճառականին ու չկայացած քաղաքապետին: Կարեն Ջանգիրյանը գիտի դադարի դերն ու գինը, բայց հանդիսասրահի հետ առանձնության այդ պահերին Ալֆրեդ Իլն ասելիք չունի: Գայանե Մկրտչյանն Իլի տիկնոջ դերում բացահայտորեն ավելի համոզիչ պլաստիկա ունի, քան` խոսք: Բայց ոչ Դյուրենմաթի մեղքով: Գայանե Մկրտչյանի Մաթիլդան այդպես էլ չի դառնում Ալֆրեդ Իլի կինը, նա ավելի շատ ու ավելի շուտ Գյուլենի բնակիչ է, քան կինն այն մարդու, ում քաղաքը պետք է սպանի: Քաղաքապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը տեղ-տեղ Նապոլեոն Բոնապարտի հովեր է առնում, տեղ-տեղ` Ադոլֆ Հիտլերի, իսկ ամբողջության մեջ` ավելի շատ ծաղրածու է հիշեցնում, և երեք դեպքերում էլ ուզում ես հարցնել` այս կողմերում ի՞նչ գործ ունեք: ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևի ուսուցիչը թերևս միակն է այդ շրջապատում, որ քիչ թե շատ պոկվում է շղթայից ու բարձրանում կերպարի մակարդակի, նրան հիշում ես, նույնիսկ ուզում ես հարգել: Բացահայտորեն նրանք գերմանացի չեն իրենց մարմնավորած կերպարների մեջ: Պետք էլ չէ: Դեղին կոշիկներով ու կարմիր ձեռնոցներով սպանության գնացող գյուլենցիները ազգություն չունեն. նրանք ուղղակի Աբելի ու Կայենի ժառանգորդներն են, որ հազարքանիերորդ սերնդում էլ չեն հասկացել` ի՞նչ է մեղքը և ինչո՞ւ մեզնից յուրաքանչյուրին այցելում է իր Ծեր տիկինը... Անխուսափելիորեն: Եվ այդ Ծեր տիկինն ընդամենը պատրանք է, իրականում մեզ հետ մեր Ճակատագիրն է: Բայց ի՞նչն է այստեղ նորություն: Կամ` հայտնություն: Այս ամենը վաղուց բոլորին հայտնի է ու նույնիսկ ձանձրացրել է: ՈՒրեմն` ինչո՞ւ գնալ թատրոն և ինչների՞ս է պետք իմանալ, թե ինչ-որ ծեր տիկնայք իրենց ժամանակը ինչպես են սպանում, որտեղ ու ինչու:
Այս և շատ այլ հարցերի ես չեմ պատասխանելու: Ոչ այն պատճառով, որ հարցերն են շինծու, ու պատասխանները` հնարովի: Այս հարցերը ներկայացման մեջ ուղղվում են յուրաքանչյուրին, և ինքն իրեն հարգող ու իր ներաշխարհում ինտելեկտի ինչ-որ նշույլներ ակնկալող յուրաքանչյուր ոք յուրովսանն պիտի պատասխանի: Գտնելով իր պատասխանը: Սեփականը: Միակը: Վերջնականը:
Վահե Շահվերդյանը գլխավորն արել է` նա ներկայացրել է պիեսի իր ընկալումը: Կրկնեմ` գրեթե զորանոցային կոշտությամբ, անզարդ, ուղղագիծ, շիփշիտակ:
Վահե Շահվերդյանն իր հերոսներին` նույնիսկ չորրորդական նշանակության, բեմում դարձրել է ամբողջական ու անվիճելի, իմաստավորված իրենց վարքագծի մեջ:
Վահե Շահվերդյանն արել է ավելին` պիեսի բազմամարդ դատարկությունը լցրել է խորքային տառապանքով, որ ուղղակի չի կարող խաղացվել, բայց հորդում է բեմից (որքան բազմամարդ է բեմը, այնքան զրնգուն է դատարկությունը. սա ռեժիսորի անվիճելի հաջողությունն է):
Ինչո՞ւ է Վարդուհի Վարդերեսյանն իր հոբելյանի համար ընտրել Ֆրիդրիխ Դյուրենմաթի այս պիեսը, ինչո՞վ է նրան հմայել Ծեր տիկինը: Քլեր Ցախանասյանի բեմական ժամանակն էլ առանձնապես երկար չէ, դերն էլ մեծ չէ, գործողությունից գործողություն թատերական աճի տեղ ու հնարավորություն ունեն գրեթե բոլոր հերոսները, բայց ոչ նա: ՈՒրեմն` ինչո՞վ է Քլերը գրավել: Չգիտեմ: Կարող եմ ենթադրել, որ պիեսի վերջին մեկ, մեկուկես րոպեով, երբ բոլորը հանում են դիմակները և իրենք իրենց ու միմյանց առաջ հայտնվում` ինչպես կան: Անտիկ թատրոնից սկսած` անթիվ հեղինակներ անթիվ պիեսներ են գրել, որ անթիվ ռեժիսորներ բեմադրել են: Անթիվ դերասաններ անթիվ հանդիսատեսի առաջ խաղացել են այդ պիեսները... Բայց ոչ միշտ է նախքան վարագույրը փակվելը հանդիսատեսի առաջ ամբողջ խորքով բացվել ճշմարտությունը, ու այնքան իրական, որ իր հիմքում հերքում է թատրոնն ու դերասանությունը: Կարող եմ ենթադրել, որ Վարդուհի Վարդերեսյանը պիեսն ընտրել է հենց չխաղալու, դերասանություն չանելու, բայց արտիստ մնալու հնարավորության համար: Դա իրապես շատ դժվար է, ձիրքն ու փորձը բավարար չեն, պիեսի ողնաշարը զգալու կարողություն է պետք ու ողերի վրա նվագելու ունակություն: Կարող եմ ենթադրել, որ ընտրել է նաև հավարտ ներկայացման այն կարճ դադարի համար, որ բեմն ու հանդիսասրահը մեկ ամբողջություն է դարձնում, ու դու մնում ես մենակ այն կնոջ հետ, որ հաղթում ու պարտվում է միաժամանակ, բոլորին ու ինքն իրեն:
Վահե Շահվերդյանը գիտի դասականներին ընտրել:
Վարդուհի Վարդերեսյանը գիտի դասական խաղալ:
Սա պատմություն է մեր մասին, մեր քաղաքի ու մեր ժամանակի:
...Իսկ մեզ մնում է նախ` հայելին չկոտրել, հետո հայելու մեջ մեզ տեսնելու խիզախություն ունենալ և` դասական արժեքներին տեր լինել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3352

Մեկնաբանություններ