ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հոգու ալեկոծում

Հոգու ալեկոծում
16.12.2023 | 19:03

Կարկաչում են աղբյուրները անդադար

իմ էության բավիղներում, տարիքում.

ի՜նչ դժվար է մնալ արդար ու մաքուր

այս մգլահոտ ճահիճների խութերում:

Ի՜նչ դժվար է ամպի նման որոտալ

կույր աչքերին, խուլ ականջին հանդիման,

հոգու խորքից կորուստներդ հեկեկալ

ստապատիր ու ելուզակ ամբոխին:

Ի՜նչ դժվար է Լույս երազին թևեր տալ,

երկրպագել Արևին ու աստղերին,

ճշմարտության բոցերի մեջ լուռ կիզվել

ու գոհանալ լոկ մեկ անշահ բարևին:

Ի՜նչ դժվար է արնոտ հողից վերանալ,

ճախրել դեպի անհունները երկնային,

աղբյուրի պես ամեն վայրկյան զուլալվել

ու համերգել մշտազվարթ, օրնիբուն:

Ի՜նչ դժվար է ժայռի նման մնալ լուռ՝

բարու հույզին, սատանայի կանչերին,

մնալ կանգուն, անկարեկից ու ամուլ՝

տիեզերական սրտատրոփ երթերին:

Ի՜նչ դժվար է սիրտս պահել անմրմուռ,

չկարոտել գարնանային զարթոնքին,

տեսնել հողիդ անտիրությունն օրեցօր,

ձեռք չզարկել հորս լքված գերանդուն:

Կարկաչում են աղբյուրներս սարն ի վար,

գիլ ու գլոր, իմ անհանգիստ ջղերում…

Ի՜նչ դժվար է ատելության մեջ սիրել՝

այսքան չարքի ճոխ ու առատ հանդեսում:

25.09. 2020 թ.

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3689

Մեկնաբանություններ