Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր, զոհվել է ադրբեջանցի զինծառայող

Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր, զոհվել է ադրբեջանցի զինծառայող
26.07.2015 | 17:40

«Հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում, հայկական կողմը կորուստներ չունի»,- ասել է ՀՀ ՊՆ խոսնակը: Ադրբեջանական haqqin.az կայքի փոխանցմամբ, «հայկական զինուժի նախօրեին իրականացրած դիվերսիոն գործողությունները ճնշելիս» զոհվել է ադրբեջանցի զինծառայող Էլդար Սախավատ օղլու Ֆատալիևը: Կայքի տեղեկացմամբ, հայկական զինուժը նախօրեին տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Գերանբոյի, Ֆիզուլիի և Գեդաբեկի ադրբեջանական դիրքերը:
Թեև haqqin.az-ը նշում է, թե հայկական կողմը ևս ունի կորուստներ, այդ տեղեկությունը չի հաստատվում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ֆեյսբուքյան իր էջում այսօր արած գրառմամբ, որտեղ նշված է, թե հուլիսի 24-ի երեկոյան ժամը 19-ից սկսած հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը «հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում»: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: «Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է», - հավելել է Հովհաննիսյանը:
Հաղորդագրություն է տարածել նաև ԼՂ պաշտպանության բանակը:
«Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- մասնավորապես նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:
Այսօր ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը մեկ այլ հաղորդագրությամբ ամփոփել է անցած մեկ շաբաթը շփման գծում։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 19-25-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82- միլիմետրանոց ականանետներից և տարբեր տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12 հազար կրակոց։
«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
«Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր», - փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ