Հոգեբանության մեջ այս երևույթը հայտնի է որպես Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ՝ ի պատիվ երկու հետազոտողների, ովքեր առաջինն են սկսել այն ուսումնասիրել:
Անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելը մի անգամ ասել է. «Մեր աշխարհի գլխավոր խնդիրն այն է, որ հիմարներն ու մոլեռանդները վստահ են իրենց վրա, մինչդեռ խելացի մարդիկ լի են կասկածներով»։
Պարզվում է` Դաննինգի և Կրյուգերի կողմից կատարված հետազոտություններն ապացուցել են, որ Ռասելը ճիշտ էր։ Մարդիկ, ովքեր գրեթե չգիտեն ինչ-որ բան անել, համոզված են, որ հիանալի են դա անում, իսկ նրանք, ովքեր իսկապես ունակ են, կարծում են, որ իրենք այնքան էլ լավ չեն տիրապետում խնդրին: Սիրողականները ինքնավստահ են, իսկ փորձագետները կասկածում են իրենց վրա: Նորեկները կարծում են, որ իրենք ամեն ինչ պարզել են, մինչդեռ փորձառու վետերանները հասկանում են, որ իրականում ոչ մի բանում վստահ լինել չես կարող:
Սա է պատճառը, որ ոչնչությունը
«Ցանկացած գնով ելնում է նա վեր,
փորձում է թռչել նա առանց թևեր,
անվերջ սողալով առաջ է գնում,
գնում է այսպես և... տարեց-տարի
ելնում է այսպես... շալակն աշխարհի»։
Ցանկացած հասարակության մոտ իրավիճակն այս առումով նույնն է։ Բայց հանրույթներն ու նրանց կողմից ձևավորվող պետությունները տարբերվում են ֆիլտրերի առկայությամբ կամ բացակայությամբ։ Ֆիլտրերի առկայությունն է երաշխավորում դատարկությունների վեր բարձրանալու սահմանաչափը կամ այն հարցերի շրջանակը, որոնց թույլատրելի է նրանց առնչվել։ Մի տեղ ֆիլտրի դեր կատարում է օրենքը, մյուս տեղ` սովորույթը, երրորդում` իրական կրթությունը, չորրորդում` ձևավորված էլիտան, երբեմն` մեկ բանիմաց ղեկավարը։
Իսկ այն դեպքում, երբ ֆիլտրերն իսպառ վերացված են, ունենում ենք այն, ինչ կարող եք հենց հիմա ակնդրել՝ պատուհանից դուրս կամ հեռուստացույցի էկրանից ներս նայելով։
Երվանդ Վարոսյան