Իշխանական «պենթհաուսը» «ֆանտաստիկ» որոշում է կայացրել. «տրադիցիաները» շարունակելով՝ իշխանությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ են կարգել իրենց թիմակցին:
Մարդ, որը կուսակցական է, կառույց, որը ապակուսակցական է:
Դե, իրենց թիմակցից լավ ո՞վ կկարողանա հետամուտ լինել անցկացնելու «արդար-անաչառ-թափանցիկ» ընտրություններ, ինքն էլ լինի բացարձակ «չեզոք» ու «անկողմնակալ»:
«Իդեալական» կադր, «հոյակապ» որոշում:
Բռավո՜...
«Ֆանտաստիկ» որոշումների շարքից է նաև 31 միլիոն դրամով Ազգային Ժողովի բուֆետի բարեկարգումը։
Սրանից «ֆանտաստիկ» որոշում էլ կա. էկոնոմիկայի նախարարությունում «էկոնոմ» ռեժիմով, կրկին՝ 31 միլիոն դրամով սանհանգույցի վերանորոգումը:
Այո՛, պետք է, չէ՞, կոմֆորտ լինի՝ թե՛ ճաշարանում, առավել ևս՝ զուգարանում:
Օրերս էլ մանկավարժների տոնն էր:
«Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին»,-կասի ՀՀ վարչապետը՝ 75 հազար կամ պակաս աշխատավարծ ստացող մանկավարժներին ուղղված իր ուղերձում:
Կասի, բա ի՞նչ կանի:
Մի քանի օր առաջ էլ մեկ այլ բան էր ասում մանկավարժների, քաղծառայողների, բուժքույրերի և մի շարք այլ մասնագիտություններ ունեցող, բայց քիչ վարձատրվողների վերաբերյալ:
Որ «եթե մարդը ամսական 75 հազար դրամով աշխատում է կամ աշխատանք չունի, դա նշանակում է, որ ինքը կրթություն չի ստացել»:
Այնպես որ, հարգելի մանկավարժներ և՝ ոչ միայն, հիմա արդեն իմացաք, որ եթե դուք ստանում եք 75 հազար դրամ կամ աշխատանք չունեք, դա նրանից է, որ նորմալ կրթություն չեք ստացել:
Մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա:
Պարո՛ն վարչապետ, այդ նույն 75 հազար ստացող մարդը նույն աշխատանքի համար ՌԴ ում կստանա 60 հազար ռուբլի, ԱՄՆ-ում՝ 1500 դոլար, ԵՄ-ում՝ 1250-1500 եվրո:
Դե հիմա համեմատեք, թե որ երկիրն ինչպե՞ս է գնահատում մանկավարժի աշխատանքը, իսկ դուք՝ ինչ եք «դուրս տալիս»...
Այ, այսպես է լինում, երբ կիսատ-պռատ, անավարտ կրթություն ստացածը խոսում է կրթությունից, մի բան էլ՝ առանց նորմալ կրթության ստանձնել է պաշտոն, կարգին էլ վարձատրվում է:
Էլ չեմ ասում նման մի շարք անկիրթ-անուղեղների, որոնք ոչ գրիչ են բռնել, ոչ տետր ու գիրք են բացել, բայց հիմա աշխատում են պետական համակարգում, լցվել են խորհրդարան, տասնապատիկ ավել աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, իսկ իրապես կիրթ մարդը մնացել է 75 հազար դրամի հույսին։
Կարևորը կրթված ու «բարձր ինտելեկտով» պատգամավորները թող կոճակ սեղմելով մոտ 1 միլիոն գումար ստանան, ու այդ ուղեղով ազգի ու հայրենիքի ճակատագիր որոշեն, իսկ պետական բուհ ավարտած մանկավարժը առողջություն քայքայի, սերունդ կրթի՝ 75 հազար դրամ ստանա:
Պարո՛ն վարչապետ, ճիշտ հակառակը, այսօր շատ դեպքերում, բարձր աշխատավարձերից օգտվում է անգրագետ ու անկիրթ մասսան։
Դրա համար էլ երկիրն այս օրին է:
Ավարտածը՝ բանվոր է, չավարտածը՝ ղեկավար։
Ակամա «երանի ես տալիս» նրանց, ովքեր տասնավարտ են, բայց պարեկ են աշխատում ու ստանում մոտ 320-ից 420 հազար դրամ աշխատավարձ:
Այ, այստեղ է կորում պատճառահետևանքային կապը 75 հազարով աշխատելու և կրթություն չստանալու միջև:
Ինչևէ, մարդ պետք է հատուկ հունար ունենա, քանքար, յուրահատուկ ձիրք, որպեսզի կարողանա նման «իմաստալից» միտք արտահայտի...
Պարո՛ն վարչապետ, խոսելուց առաջ կարելի է մի փոքր մտածել:
Ուղղակի նման «ֆանտաստիկ» մտքերը լսելուց հետո մարդ ուղեղի ցնցում է ստանում:
Իսկ ինֆարկտ կարելի է ստանալ՝ Ազգային ժողովում լսելով ձեր հերթական «հանճարեղ» խոսքերն ու «մտքի գոհարները»:
Դե, իսկ «առաջնահերթ» ծախսերի մասին էլ չեմ էլ ասում...