Եվրախորհրդարանը «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։
Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Սիրիայից և այլ վայրերից Թուրքիայով ահաբեկիչների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնում, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Զեկույց-բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը՝ միաժամանակ ափսոսանք հայտելով, որ ղարաբաղյան ստատուս քվոն փոխվել է ռազմական ուժի, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, և Եվրամիությանը կոչ անելով ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զինատեսակի օգտագործումը։
Երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի Հիմնարար սկզբունքների վրա, ասված է փաստաթղթում։