Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԵՄ-ն ընդլայնում է պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ

ԵՄ-ն ընդլայնում է պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ
11.12.2020 | 20:39

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել ընդլայնելու Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների՝ ասվում է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարությունում։

«ԵՄ-ն հավատարիմ է դաշինքի և անդամ երկրների շահերի պաշտպանությանը, տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Այդ կապակցությամբ գագաթաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարում է լրացուցիչ սև ցուցակ կազմել Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների կապակցությամբ», - ասվում է փաստաթղթում:
Դաշինքի անդամ երկրների առաջնորդները նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են հաջորդ տարվա մարտին նախատեսված գագաթաժողովին ներկայացնել Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ։ Հայտարարությունն ընդգծում է, որ Թուրքիան շարունակում է իր միակողմանի և սադրիչ գործողությունները, կոշտացրել է հռետորաբանությունը ԵՄ-ի, դաշինքի անդամների և եվրոպացի առաջնորդների դեմ։ Տասնամյակներ շարունակ Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիայի հետ, ինչպես փաստաթղթում ընդգծում են եվրոպացի առաջնորդները, Միությունը ռազմավարական շահեր և փոխշահավետ համագործակցություն ունի, հետևաբար կարևորում է այդ երկրի հետ շփումների խողովակների պահպանումը։


Ուրբաթ օրը ընդունված այս հայտարարությունը վկայում է, որ ԵՄ առաջնորդները համաձայնության չեն հասել քննարկվող տարբերակների շուրջ կամ հետաձգել են․ խոսքը Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու կամ թուրքական տնտեսության խոշոր ոլորտների դեմ առավել ընդարձակ պատժամիջոցների մասին է։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ քայլերը «կողմնակալ և ապօրինի» են։
Բրյուսելում ընդունված որոշումներին զուգահեռ, ԱՄՆ իշխանությունները ևս պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ ռուսաստանյան հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար՝ հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով` սահմանափակումների մասին Վաշինգտոնը կարող է հայտարարել «ցանկացած պահի», ընդ որում կիրառվելու է «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը, և ակնկալվում է, որ կթիրախավորվեն նախ և առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։
Դեռևս պաշտոնապես չհաստատված այս լուրի միայն հրապարակումն անմիջապես ազդել է մինչ այդ էլ ցնցումների մեջ գտնվող թուրքական լիրայի վրա։ Ամերիկյան պատժամիջոցները սպառնում են վնասել թուրքական խոցելի տնտեսությունը, որն արդեն դժվարությամբ է պայքարում համավարակի հասցրած վնասների, երկնիշ սղաճի դեմ՝ սպառելով արտարժութային պահուստները։


Տարածաշրջանում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցը և ՆԱՏՕ-ի կազմում երկարամյա գործընկերը 2017-ին, անտեսելով դաշնակիցների հորդորները, թանկարժեք գործարք է կնքել Ռուսաստանի հետ` դրա շրջանակում ձեռք բերելով S-400 զենիթահրթիռային համալիրներ։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել ռազմական միությանը: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական գաղտնի տվյալներ, միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը շարունակում էր անտեսել Կապիտոլիումի բլրից հնչող հորդորները՝ Էրդողանի կառավարությանը պատժելու վերաբերյալ։ Պետքարտուղարությունը շարունակաբար նախազգուշացնում էր՝ Վաշինգտոնն անպատասխան չի թողնի ռուս-թուրքական գործարքը, այդ թվում՝ սպառնում էր սառեցնել Անկարայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության և շահագործման ծրագրին: Այնդրադառնալով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի մտադրությանը, նախագահ Ռեջեփ Էրդողանն անարգանք է որակել։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան դաշինքի հինգ կարևորագույն երկրներից մեկն է, այնպես որ Թուրքիան սովորական երկիր չէ: Եթե նախկինում պարոն Թրամփը կամ Օբաման հպարտությամբ ասում էին, որ ՆԱՏՕ-ն այնպիսի երկիր ունի, ինչպիսին Թուրքիան է, այսօր ԱՄՆ-ը կիրառում է «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։ Սա անարգանք է ՆԱՏՕ-ի կազմում շատ կարևոր գործընկերոջ նկատմամբ։ Ես դա այդպես եմ տեսնում»՝ ասել է Էրդողանը։

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ