Եվ այսպես, Փաշինյանի աղետաբեր վարչապետությունը Հայաստանը հասցրեց գրեթե անելանելի իրավիճակի, որից ելք գտնելու համար անհրաժեշտ են վճռական անհապաղ և արտակարգ քայլեր, արմատական փոփոխություններ և ներքին, և արտաքին քաղաքական ասպարեզներում։ Սկսենք արտաքին գործոնից, քանի որ ակներևաբար ստեղծված հանգամանքներում առաջնայինը հենց արտաքին գործոնն է։ Ավելի կոնկրետ՝ վտանգված է հայ ժողովրդի գոյությունը, և սերունդների ապագան կարելի է երաշխավորել բացառապես արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշումներ ու դաշնակցային հարաբերություններ զարգացնելու և խորացնելու դեպքում։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել հետևողական։ Առաջին նախագահի օրոք երկիրը անցել է յուրաքանչյուր նորանկախ երկրին հատուկ փուլերը՝ անդամակցություն միջազգային կազմակերպություններին, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հայեցակարգային մոտեցումների ձևավորում։ Երկրորդ նախագահը որդեգրել է այսպես կոչված կոմպլեմենտար քաղաքականություն, որը քիչ թե շատ ընդհանուր գծերով շարունակել է երրորդը, թեև որոշակի պահից սկսած հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եղել են ավելի սերտ, քան Արևմուտքի։
Այս իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թ. պսևդո-հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկան բացահայտաբար արևմտամետ ռուսատյաց ուժերը։ Մի կողմից ռուսների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, մյուս կողմից կոռուպցիոն ճահիճը, որի մեջ Հայաստանը ավելի խոր ընկղմվեց, նոր վարչակարգի օրոք թուլացրին երկրի տնտեսությունն ու մշակույթը, ծանր հարված հասցրին բանակին ու դրա մարտունակությանը։
Առանց խորանալու պատերազմական աղետի աշխարհաքաղաքական պատճառների մեջ՝ հարկ է շեշտել, որ արդեն այս փուլում կարելի է հետևություններ անել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Առանց Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների զարգացման Հայաստանը գնալով թուլանալու է, դառնալու է էլ ավելի անպաշտպան, և երկրի առաջ անխուսափելիորեն բացվելու է պատմության էջերից որպես անկախ պետություն ջնջվելու մռայլագույն հեռանկարը։
Պատերազմն ակներևաբար ցույց տվեց, որ մեր ժողովրդի գոյատևումը ամբողջովին կախված է Ոուսաստանի աջակցությունից և օգնությունից։ Այսպես կարող էր և չլինել, բայց մենք, կարծես թե, անցել ենք այն կրիտիկական կետը, երբ դեռ կարող էինք մտածել ավելի ինքնուրույն քաղաքականություն վարելու մասին։ Իհարկե, կարելի է դատափետել վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը, բայց առաջնահերթը դա չէ։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ունենալ մի կառավարություն, որը կկարողանա կայացնել կառուցողական, դեպի ապագան միտված ստրատեգիական որոշումներ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը քննարկելիս նախ և առաջ պետք է մտածել, թե ինչ ձև են ընդունելու այդ հարաբերությունները, որպեսզի ունենանք ապահով, անվտանգ Հայաստան։ Իմ խորին համոզմամ՝բ այդ ձևը կոնֆեդերատիվ հարաբերություններն են։
Կոնֆեդերատիվ հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք մոտավորապես Եվրոպական Միության կամ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական Պետության օրինակները։ Նման կառույցին անդամակցելը ամենևին չի խաթարում Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։ Մենք, իհարկե, զիջելու ենք ինքնիշխանության որոշ կարևոր ատրիբուտներ, ինչպես Եվրոպական Միությունում է, կամ ինչպես կլինի Բելառուսի և Ռուսաստանի դեպքում, երբ Միութենական Պետությունը սկսի գործել ամբողջ ծավալով։ Սակայն փոխարենը ձեռք ենք բերելու անվտանգության ամուր և կայուն երաշխիքներ։ Հպանցիկ ասենք, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը, ինչպես ցույց տվեց պատերազմը, չի կարող հուսալի երաշխիքներ տալ, հաշվի առնելով թյուրքական պետությունների առկայությունն այդ կազմակերպությունում։
Հարկ եղած դեպքում կարելի է ավելի մանրազնին վերլուծության ենթարկել Ռուսաստանի հետ կոնֆեդերացիա կազմելու գաղափարը։ Մնում է ավելացնել, որ Ռուսաստանի համար այս տարբերակը պետք է որ լինի միանգամայն ընդունելի, նաև ողջունելի՝ հաշվի առնելով Ցարական կայսրության և Խորհրդային Միության երբեմնի զորությունը վերականգնելու ռուսական քաղաքական և ռազմական ղեկավարության համառ ջանքերը (Պուտինի դոկտրինա)։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Ներքաղաքական օրակարգը կարելի է բաժանել երկու մասի՝ հակաճգնաժամային արտակարգ ու հրատապ քայլեր և երկարաժամկետ միջոցառումներ։
ա) Հակաճգնաժամային քայլեր
Նախ և առաջ անհրաժեշտ է բանակցել ռուսական կողմի հետ՝ հիմք ընդունելով կոնֆեդերատիվ միության գաղափարը։ Կարծում ենք, սա կնպաստի, որ ռուսական աջակցությունը հայրենանվեր ուժերին դառնա ավելի ինտենսիվ ու արդյունավետ։ Սա պետք է անել անհապաղ, առանց սպասելու կապիտուլյանտական կառավարության հեռացմանը։ Կարծում ենք, Հայրենիքի Փրկության Շարժումը այն ձևաչափն է, որի ներկայացուցիչները ի զորու կլինեն վարելու համապատասխան բանակցությունները, թեկուզ առայժմ ոչ պաշտոնական մակարդակով։
Նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրն է լինելու կայունացնել ներքաղաքական իրավիճակը և չեզոքացնել ներքին վտանգները։ Սա անհնար է անել ժողովրդավարական մեթոդներով։ Ահա թե ինչու անհրաժեշտ է որոշակի ժամանակով հաստատել անցումային շրջան, որի ընթացքում կծավալվի երկու զուգահեռ գործընթաց։ Առաջին, պատասխանատվության կկանչվեն անկախությունից ի վեր հայ ժողովրդի ազգային շահերի և պետականության դեմ ոճրագործություն կատարած անձինք, ինչը ենթադրում է դատա-իրավական համակարգի լարված աշխատանք։ Երկրորդ, կձեռնարկվեն քայլեր՝ դնելու հիրավի նոր Հայաստանի իրավական քաղաքական հիմքերը։
Ըստ այդմ, ամբողջ անցումային շրջանի ընթացքում ռազմական դրությունը պետք է փոխարինվի արտակարգ դրությամբ։ Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի առջև ծառացած ահռելի մարտահրավերները՝ առաջարկվում է ստեղծել կոլեգիալ ղեկավարություն մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներից և անհատներից։
բ) Երկարաժամկետ քայլեր
Հիրավի նոր Հայաստան կարող է կառուցվել բացառապես նոր սահմանադրություն ընդունելու դեպքում։ Ինչպես և առաջարկել եմ 2018 թ. լույս տեսած «Սահմանադիր Ժողով» խորագրով իմ վերլուծական ակնարկում, նոր սահմանադրությունը, մասնավորապես, պետք է ներառի երեք հիմնարար տարր:
1. Պրեամբուլա, որը պարունակելու է ազգային գաղափարախոսություն, քանի որ սրանից են բխելու բոլոր մյուս ռազմավարություններն ու հայեցակարգերը։
2. Իշխանության նախագահական համակարգ, քանի որ խորհրդարանական համակարգը սկզբից ևեթ արդարացված չէր, էլ չասած, որ համազգային աղետի մեջ այն նույնպես իր մեծ բաժինն ունի։
3. Երկպալատ խորհրդարանի ստեղծում, որի վերին պալատում կընդգրկվեն պատգամավորներ սփյուռքից, ինչը կխթանի սփյուռքահայության կարող ուժերի ներգրավումը հայրենիքի վերականգնման գործում։
Հաջորդ խնդիրն այն է, որ այժմ, երբ անհրաժեշտ են ոչ ստանդարտ մոտեցումներ, արտահերթ ընտրությունները չեն բխում ներկայիս հրամայականից, քանի որ կարող են էլ ավելի խճճել ու սրել իրավիճակը՝ առանց երաշխավորելու, թե նորընտիր խորհրդարանը ընդունակ կլինի արդյունավետորեն լծվելու բազում խնդիրների լուծման գործին։ Խորհրդարանական նոր ընտրությունները կարող են ցանկալի արդյունքների հանգեցնել միայն այն դեպքում, երբ ընդունվեն նոր սահմանադրություն ու դրանից բխող նոր համապատասխան օրենքներ։ Ահա թե ինչու անհրաժեշտ է անցկացնել Սահմանադիր Ժողովի ընտրություններ, որի հիմնական գործառույթը կլինի միանգամայն նոր, ազգային ոգով տոգորված սահմանադրության ընդունումը։ Զուգահեռաբար, Սահմանադիր Ժողովը կարող է հանձն առնել նաև Ազգային Ժողովի ամենակարևոր գործառույթները (օրինակ, բյուջեի ընդունում), իսկ ներկայումս գործող խորհրդարանը պետք է ցրվի։
Հետևաբար, սահմանադրության և դրանից բխող օրենսդրության ընդունումից հետո առաջարկվում է անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն իշխանության ճյուղերը՝ միաժամանակ նշանավորելով անցումային շրջանի ավարտը և վերադարձը կառավարման ժողովրդավարական սկզբունքներին։
Այս հակիրճ շարադրանքում բերված առաջարկներն ընդամենը ուրվագծեր են և, թերևս, կարիք ունեն ավելի մանրամասն փաստարկների և հավելյալ բացատրությունների։ Նպատակ էր դրված մատնանշել միայն այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի դուրս գալ այս աներևակայելիորեն ծանր իրավիճակից։
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը կոնֆեդերացիայի տեսքով կարող է խաթարել մեր ինքնիշխանությունը։ Եթե այդպես է, կարելի է նույն կերպ էլ համարել, թե Ֆրանսիան, Գերմանիան կամ Լեհաստանը վաղուց արդեն դադարել են լինել ինքնիշխան երկրներ։ Եվ ի վերջո, ո՞րն է ավելի կարևոր, ժողովրդի անվտանգությունն ու ստեղծագործ աշխատանքով ապրելու հնարավորությու՞նը, թե ինքն իրեն ինքնիշխան հորջորջելով՝ հազարավոր մարդկային զոհեր տալն ու հայրենիքի մի զգալի մասը թշնամուն հանձնելը։
Սխալվում են նաև նրանք, ովքեր հույսը դրել են Հայաստանի, Ադրբեջանի, և Թուրքիայի միջև տնտեսական ու առևտրական կապերի զարգացման վրա՝ մտածելով, թե դա կբերի ոչ միայն տնտեսական իրավիճակը շտկելու, այլև տարածաշրջանի կայունությունը ամրապնդելու երաշխիքներ։ Իհարկե, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու տնտեսական, մշակութային և այլևայլ առնչությունների զարգացումը միանգամայն կարևոր հանգամանք են՝ պայմանով, որ երկիրն ունենա ամրակուռ գաղափարախոսություն, ազգակենտրոն քաղաքականություն, զարգացող տնտեսություն և մշակույթ, ու պայմանով, որ վերականգնվի պատմական արդարությունը, ինչպես մենք ենք ըմբռնում այն։ Այլապես կուլ կգնանք, հատկապես, այս դաժան հետպատերազմական ժամանակաշրջանում։
Եվ վերջապես, սխալվում են նրանք, ովքեր հույս են կապել Բայդենի իշխանության գալու ու արևմտյան երկրների աջակցության հետ։ Անշուշտ, Ռուսաստանի հետ կոնֆեդերատիվ հարաբերությունների հաստատումը ամենևին չի նշանակում, թե Հայաստանը զրկվելու է Արևմուտքի հետ կապերը զարգացնելու հնարավորությունից։ Սակայն հարկ է հստակորեն գիտակցել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական Միության պետությունների գերակշռող մասը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ են և հետապնդելու են իրենց ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերը։ Մի՞թե անցած երկուսուկես տարվա ժամանակահատվածը բավական չէր հասկանալու այս պարզ ճշմարտությունը։
Անառարկելի փաստ է, որ Ռուսաստանը նույնպես հետապնդում է իր շահերը։ Բայց նույնքան անառարկելի է նաև այն, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի շատ ավելի մեծ ընդհանրություններ, այդ թվում ընդհանուր ստրատեգիական քաղաքական և ռազմական շահեր, քան Արևմուտքի, որի գործողությունները հայ ժողովրդի շահերի տեսակետից գոնե այս պատերազմի համատեքստում այդպես էլ մնացին հռետորական հարցադրումների ու անողնաշար հայտարարությունների սահմաններում։
Հետևությունները թողնում եմ ընթերցողին։
Վահրամ ԱԲԱՋՅԱՆ
Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան