Մոսկվան հույս ունի, որ նոր վարչակազմի գալու հետ մեկտեղ Վաշինգտոնը կսկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների օրինական շահերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կազինֆորմ» միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույցում:
«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել. «Մենք այս ամենը հանգիստ և աշխատանքային կարգով վերլուծում ենք, մենք կընդունենք ամերիկացի ժողովրդի ցանկացած որոշում և կաշխատենք ցանկացած վարչակազմի հետ»: Իհարկե, միայն ազնվության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չխառնվելու սկզբունքներով: Այս տեսանկյունից, մենք իրավունք ունենք ակնկալել, որ Վաշինգտոնը վերջապես կսկսի հաշվի նստել այլ միջազգային խաղացողների, այդ թվում ՝ Ռուսաստանի և Ղազախստանի, և նրանց ինտեգրացիոն ասոցիացիաների օրինական շահերի հետ»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը վաղաժամ է քննարկել միջազգային հարաբերությունների համար ԱՄՆ ընտրությունների հետևանքները: «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Բնականաբար, մենք ուշի ուշով հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Կանխատեսումները ինքնին, և առավել ևս այս փուլում, այնքան էլ լավ գաղափար չեն: Այնուամենայնիվ, եթե դատենք Ջո Բայդենի հայտարարություններով, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, եթե նա հաղթի, ավելի շատ կհամապատասխանի այն կանոններին, որոնց մի ժամանակ հետևում էր Բարաք Օբաման»,- նշել է Լավրովը: