Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանքներ է հրահրում ԵՄ որոշ երկրների դեմ, մինչդեռ դաշինքը հապաղում է Անկարայի սադրիչ գործողությունների դեմ քայլեր ձեռնարկել, գրել է The Jerusalem Post թերթի վերլուծաբան, քաղաքագետ Սալեմ Ալ-Քեթբին:
Եվրոպայում Էրդողանի թշնամական գործողությունների կապակցությամբ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ-ի ծրագրերը կարող են լինել ինչպես չափազանց ուշացած, այնպես էլ անարդյունավետ, գրում է վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ դաշինքը պատժամիջոցների հարցում հապաղում է փախստականների հետ կապված հարցերի և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պատճառով, սակայն Եվրոպան պետք է հստակ ցույց տա, որ չի աջակցում Էրդողանի քաղաքականությանը։
«Էրդողանը Եվրոպայի համբերատարությունը չի ընդունում գիտակից քաղաքական տեսլականով։ Նա դրանում տեսնում է թուլության նշան և շարունակում է իր սադրանքները», - կարծում է Ալ-Քեթբին։ Փորձագետը նաև նշել է, որ լիրայի փոխարժեքի անկումը, ամենայն հավանականությամբ, դրդելու է Էրդողանին ավելացնել ռազմական արկածախնդրությունները։