ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սերիալների լույսն ու ստվերը

Սերիալների լույսն ու ստվերը
24.06.2014 | 12:26

Կանոնավոր կերպով նայել եմ «Արմենիա» հեռուստաընկերության ցուցադրած բոլոր սերիալները: Ընկերներիս արդարացի հանդիմանանքին համբերատար պատասխանում եմ. «Որպես ստաժավոր սերիալ դիտող, սերիալներից որոշակի վիճակագրության վրա հիմնվելով, իմ հետևություններն եմ ուզում ներկայացնել` փորձելով օգտակար լինել և՛ հեռուստաընկերությանը, և՛ սերիալների ձեռքը կրակն ընկած, բայց և դրանցից պրծում չունեցող հեռուստադիտողին»: Ինչ-որ կերպ ընդունվում է իմ այս մոտեցումը, որովհետև նրանց տներում էլ կան սերիալներից տուժածներ, և վերջիններիս էլ պետք է, որ սերիալներում փոքրիշատե բարելավվի արտիստական խաղը: Քանզի, եթե չեն կարող կտրվել, գոնե կարգին բան դիտեն:
Ահավասիկ, «անզուգական» Միհրան Ծառուկյանի մասնակցությունը («Դժվար ապրուստ») սերիալում, այն էլ գլխավոր դերում: Նրա դերակատարման (ավելի ճիշտ տեքստարտասանման) ավելի անտաղանդ (զույգը չունեցող) մատուցման օրինակ որևէ մեկի մոտ դեռ չեմ հանդիպել… Ֆրունզիկ Մկրտչյանն ի՜նչ հրաշալի է ձևակերպել. «Մինչև ասելիքն իմ բերանի խոսքը չդառնա, ես ինձ պատրաստ չեմ համարում ստանձնելու տվյալ դերը»: Մերօրյա, այսպես ասած, դերասանները, պարզվում է, կարիք չունեն դերի պատրաստման համար ժամանակ կորցնելու, ջանքեր գործադրելու` բառերն արտասանողից վերաճելու դերը կերպավորողի: Ի՞նչ կարիք կա, քանի որ այդ սերիալ կոչվածը հոսքագիծ է` օր կարդա, օր մատուցի: Ցավալին այն է, որ սցենարն էլ հոսքագծի տարբերակով է գրվում: Բայց սցենարի մասին` հետո, առայժմ շարունակենք հետևել դերեր ներկայացնող «տաղանդավոր» դերասանների խաղին:
Գուցե թե Միհրան Ծառուկյանը անզուգական երգիչ է կամ (ներողություն) երգիչ-պարիչ, բայց դրանք դեռ բավարար չեն դերասան համարվելու համար: Ալլա Լևոնյանը, օրինակ, երգչուհի է, բայց չպետք է ստանձնի, ասենք, Վիոլետի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում… Մարդը պիտի ներկայանա իր կարողությունների սահմաններում:
Զարմանալի է նաև մեկ այլ դերասանի` Դավիթ Թադևոսյանի ներկայությունը սերիալում, թե ինչպես են դերարտասանողին դեր վստահել: Մինչ սերիալներից մեկում («Եզրագծից այն կողմ») նրան հանդիպելս ծանոթ չէի, նրան չէի տեսել որևէ թատրոնի բեմում, և ինձ թվաց, թե նա որևէ հեռուստաընկերության հաղորդավար է: Առաջին ծանոթությունը կայացավ «Եզրագծից այն կողմ» սերիալում: Մի կերպ դիմացա: Դա բավական չէր, հետո էլ Դավիթ Թադևոսյանին նայել է պետք «Հարազատ թշնամի» սերիալում: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ թատրոնի իմ ընկերներից իմացա, որ Դավիթն ավարտել է թատերական ինստիտուտը և այն էլ մեծատաղանդ Խորեն Աբրահամյանի դասարանը։ Երբ Խորեն Բաբկենիչը կարդացել է դերասանի վարպետության կուրսը, Դավիթը, հավանաբար, կամ տևական ժամանակ բացակայել է դասերից (հարգելի պատճառով) կամ էլ ոչինչ չի ըմբռնել մեծ արտիստի ասածներից և կիլոմետրերով հեռու է մնացել դերասանի վարպետությունից: Բայց եթե միայն դա լիներ: Դավթի դեմքի և ծնոտի յուրահատուկ կառուցվածքը խանգարում է ցանկացած դիմախաղի դեպքում: Լավ, մի՞թե ռեժիսորը, օպերատորը կամ հենց Դավիթն ինքը նկարահանված կադրերը դիտելիս չեն նկատում, թե որքան անբնական, որքան անմակարդակ է նրա խաղը, անհամոզիչ ու կեղծ նրա ժպտալը, ծիծաղելը, տխրելը, մռայլվելը, բարկանալը, հուզվելը, լաց լինելը: Էմոցիա արտահայտելու նրա դիմախաղը դիտվում է սատանան գիտե, թե ինչպես: Ինձ զսպում եմ, որ չօգտագործեմ «ծամածռություն» բառը: Այդքան շատ ու այդպիսի արագությամբ ժեստեր անել, անկախ նրանից՝ Տանոյին ես ծեծում, Էմկային ես սիրում, Աստծո տաճարն ես մտնում, Կարպիչի, Պապաջանի, թե Մամաջանի հետ ես խոսում… Առանց այդ էլ ոչ մի խորություն չունեցող, ոչ մի դրվագում օրգանական կատարում չունեցող, շինծու և մակերեսային նրա խաղը հոգնեցնում է այնքան, որ նրանից ազատվելու միակ փրկությունը` երբ պարզ է դառնում, թե նրա ներկայությունը որքան անհարիր է դերասանական խաղին, հեռուստացույցի ալիքը փոխելն է: Ցանկացած միզանսցենում հուզմունք կամ ուրախություն արտահայտելու համար ինտոնացիաների այդպիսի խառնափնթոր գամմա օգտագործելը, որը քիչ բանով է տարբերվում ասածին էֆեկտ տալու համար բղավոցներից և գոռգոռոցներից, այդքան կտրուկ, այդքան արագ, այդքան ոչ ճկուն, այդքան հոգնեցնող տեղաշարժեր կատարելը դիտողի համար դառնում են հոգնեցուցիչ ու վանող: Արդարացումը, թե` քանի որ սերիալում նրան որակում են որպես «Բալայան դեբիլ», ուրեմն նա էլ այնքան վարպետորեն պիտի դեբիլանա: Աբսուրդ է:
Նախորդ («Եզրագծից այն կողմ») սերիալում, ուր նա «դեբիլ» չէր, այլ կապիտան Գասպարյան, և ապրում էր անձնական ողբերգություններ (տունը վառեցին, կորցրեց կնոջն ու երեխային և այլն), խաղի որակները նույնն էին, և իմ վերը նշած հարցերը նույն կերպ պահպանում են իրենց ուժը: Ասածս փաստեմ երկու օրինակով: Մի տեսարանում, աստիճանների վրա հանդիպելով Իռենին, մի կնոջ, ով իր կարծիքով՝ իր առաջվա կինն էր` այլ քողի տակ, զայրացած հարցրեց.
-Հիմա, ուրեմն դու Մարիամը չե՞ս, Իռեն։
Դեմքի ամեն մի մկանը տարբեր հարթությունների վրա գնաց, հարցը` այլ հարթության, մենք` երրորդ, իսկ Իռենը` չորրորդ։ Աստված փրկի մեզ այդպիսի տեսարաններից։
Երկրորդ օրինակը: Պարզել էր, որ այն աղջիկը, ում ինքը սիրել է և հետը եղել է ինտիմ կապի մեջ, իր քույրն էր: Ցնցված այս ամենից, մի տեսարանում ատրճանակը պահել էր քունքին և ուզում էր ինքնասպան լինել: Ընկերը՝ Սևակը (Սարգիս Հակոբյան) փորձում էր հետ պահել նրան այդ քայլից։ Այդ օրը մենք հյուր էինք գնացել և սերիալ դիտում էինք շատերով, բոլորը միաբերան գոչում էին.
-Սևա՛կ, մի խանգարիր, Սևա՛կ, մի՛ խանգարիր, միայն այդպես նա դուրս կգա սերիալից։
Էլ չխոսենք սցենարներում անհարկի կրկնությունների մասին, որոնք, կարծում եմ, գալիս են հարյուրավոր սերիալներ «արտադրելու» ընթացքում բազմազանության արագ սպառումից, և նոր «ինտրիգ սարքելու» գործում նորի իսպառ բացակայությունից: Իհարկե, Սպարտակը հիվանդանոց կմտնի հենց այն պահին, երբ Էմկան և Տանոն դռան մոտ հանդիպեցին, և, իհարկե, կծեծի Տանոյին։ Կամ, իհարկե, Մերին կմտներ համալսարանի զուգարանը հենց այն պահին, երբ Գոռը խոսում էր ստրկուհի Իզաուրային նմանվող տվայտանքների մեջ գտնվող Էլենի հետ, և տասն անգամ նույն խանդի տեսարանը կգրանցվեր… և այսպես շատ անգամ: Երևի թե տարբերությունը ծեծելու հարվածների թվի մեջ է:
Չհավան մարդու տպավորություն չթողնեմ, բայց համոզված եմ, որ սերիալային այս հոսքագիծը մի պահ կանգնեցնել է պետք՝ լրջորեն մտածելու սցենարների մակարդակի ու դերասանների ընտրության մասին: Նախ պետք է ազատվել Դիանա Գրիգորյանի սցենարներից: Վերջինս, իհարկե, ընդունակ է ստեղծելու իրար խառնված բազմաթիվ իրադարձությունների նկարագրություն (որին կնախանձեին բազմաթիվ հնդիկ և մեքսիկացի սերիալի սցենարիստներ), բայց երբեք չի կարողանում իրավիճակներ ստեղծել, որտեղ կձևավորվեն կերպարներ (գլխավոր, թե երկրորդական): Եթե սրան ավելացնեմ իրադրությունների մեծամասնության սարքովի լինելը, որտեղ չորս քայլի ավարտը կանխատեսելի է հենց առաջին քայլի կեսից, և բարոյականության քարոզչությունն այն հիմքի վրա, որ հեռուստադիտողին պետք է ամեն երեկո հասկացնել, թե լավն ավելի լավ է, քան վատը, ապա ենթադրում եմ, որ հեռուստադիտողի մակարդակի մասին ունեցած իր սեփական թյուր կարծիքով սցենարներ գրող Դիանա Գրիգորյանը լավ կլինի հեռանա մեր տեսադաշտից և գործուղվի… Բրազիլիա:
Եթե սերիալում չնկարահանվեին բեմի և էկրանի այնպիսի պրոֆեսիոնալ վարպետներ, ինչպիսիք են Գուժ Մանուկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լուիզա Ղամբարյանը, Աիդա Բաբաջանյանը, Արամ Հովհաննիսյանը, Ագնեսա Շահնազարյանը, Մարիաննա Մխիթարյանը և բոլոր նրանք, ովքեր կոչումով արտիստներ են, ապա մենք կունենայինք շատ տխուր պատկերներ յուրաքանչյուր սերիայում։
Բերեմ ևս մի օրինակ: Տանոյի նախկին դերակատարը մեկնեց երկրից, և Տանոյին սկսեց մարմնավորել դերասան Արսեն Լևոնյանը, կերպարին տալով նոր գույն, նոր հույզեր, իր զգացմունքների արտահայտման նոր լուծումներ: Դիտելը դարձավ ավելի հետաքրքիր ու գրավիչ: Սակայն այստեղ էլ փչացավ վատ սցենարի պատճառով` շատ չանցած Լևոնյան-Տանոն նույնպես պետք է երկու օրը մեկ գրկախառնվի իր եղբայրների և Բաբիի հետ ու (չզարմանաք) 123-րդ անգամ հաստատի, թե «մենք մի ընտանիք ենք...»:
Ի դեպ, ես շատ հավանել եմ «Արմենիա» հեեռուստաընկերության «Եղբայրներ» սերիալը, որտեղ բոլոր, կրկնում եմ` բոլոր, կերպարները վարպետ դերակատարումներ էին, դիտվող ու ընդունելի: Շատ լավն էին «Վերադարձ», «Մամա» (անավարտ) և «Երեք կյանք» (անավարտ) սերիալները. զգացվում էր որ ռեժիսորները բոլոր դերերի համար (հիմնական, թե էպիզոդիկ) դերասանական ճիշտ ընտրություն են կատարել:
Դրանցից է նաև ընդամենը 25 սերիայից բաղկացած «Խաղից դուրս» սերիալը: Ողջ դերասանական կազմը բարձր մակարդակի վրա էր: Մասնակցում էին այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սամվել Սարգսյանը, Խորեն Լևոնյանը, Հովակ Գալոյանը և այլք: Այս խմբի հետ չի լինի համադրել միայն Չեխի դերակատար Դավիթ Թադևոսյանի խաղը: Սամվելի միայն մի պաուզան, օրինակ, արժեր Դավթի ամբողջ խաղը: Ռեկվիզիտի հետ Ս. Սարգսյանի աշխատանքը, ծխախոտը հանգցնելը, վառելը, դիմախաղը, լռությունն անգամ արտահայտում էին նրա ներաշխարհը, խոսուն և արտիստիկ: Սամվել Սարգսյանի վարպետությունը շատերին է հայտնի:
Մի տեսարանում Խորեն Լևոնյանը նայում էր իր զոհված եղբոր՝ Ռոբի երեխային: Միայն նայում էր` ոչ խոսք, ոչ ժեստ, ոչ դիմախաղ: Միայն նայում էր, բայց որքան ներքին հույզ, որքան խոր զգացմունք, որքան օրգանականություն, այն ամենը, ինչ նա զգում էր իր ներսում, կար նաև կադրում: Այսպիսի կատարումն անկասկած դերասանի արժանիքն է, և բնավ էլ պարտադիր չէ այն վերագրել հանճարեղ գեներին, սա վարպետության դաս է:
Ի դեպ, պատմում են, թե Դավիթ Թադևոսյանն ու Խորեն Լևոնյանը պատանի հասակից ընկերներ են եղել: Լավ կլիներ, անշուշտ, որ նկարահանումներից հետո Դավիթը ոչ թե շտապեր տուն գնալ, այլ մնար նկարահանման սրահում և իր ընկերոջից խաղալ սովորեր: Այդ դեպքում, հարկ չէր լինի ամբողջ ֆիլմի ընթացքում լեզուն անիմաստ պտտել այտերի ներսում` «լավ տղայի» տպավորություն թողնելու անհաջող փորձ անելով:
Որպես վերջաբան: «Դե, սպասիր» մուլտֆիլմը այնքան շատ էին սիրել մանուկները, որ հեղինակները դժվարանում էին գտնել այնպիսի ավարտ, որը չնեղացներ երեխաներին: Եվ, խորհրդային տարիներին կինոխմբի աշխատակիցները, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի միջոցով ծնողներից խնդրում էին ներկայացնել ֆիլմի ավարտի առաջարկություններ:
Այս մոտեցումով էլ ես եմ «Հարազատ թշնամի» սերիալի ավարտի իմ տարբերակներն առաջարկում:
Քանի որ Բալայանների և Բեկնազարյանների տների կռիվը ինձ հիշեցնում է Մոնտեկկիների և Կապուլետտիների տների կռիվը` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից, իսկ ողբերգության ավարտին, որպես կանոն, հերոսները մահանում են, ապա առաջարկում եմ, որ այս սերիալը նույնպես ավարտվի բոլորի վիրտուալ մահով, անձնական կրակոցների, թե վարձված քիլլերների կողմից, էական չէ: Զոհվում են բոլորը, ցավոք, նշեմ, որ զոհվում է նաև Դիանա Գրիգորյանը` մեզ ընդմիշտ ազատելով հարազատ թշնամիների տափակ, անհետաքրքիր և դժվար ապրուստից։
Ողջ են մնում միայն Իռենը, Ժակլինը, Դավոն, Մաքսիկը (փոքրիկ Յուրին), Հենրին և… Ժենիկի շնիկը:


Խաչիկ ՇԱՐՈՅԱՆ

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ