Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվա) վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու որոշում է կայացրել: Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար) այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ: Այս մասին հաղորդում է civilnet.am-ը։
2014 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը (Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ հասցեում): Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը, ըստ հաղորդագրության, աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:
«VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Կենտրոնը նախագծված է թեքահարթակներով: Ընկերությունը կունենա նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն:
Դեսպանությունը հիշեցնում է, որ վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը:
Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաև Երևանում Լիտվայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, որոնք նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:
Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն` Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի, կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով: