ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երբ դերասանը հաղորդավար չէ, հաղորդավարը լրագրող չէ, իսկ հեռուստատեսությունը գյուղական ակումբ է

Երբ դերասանը հաղորդավար չէ, հաղորդավարը լրագրող չէ, իսկ հեռուստատեսությունը գյուղական ակումբ է
04.01.2014 | 14:17

Հայկական հեռուստաընկերությունների մեծ մասն ունի առավոտյան ծրագիր, որի ժամանակ տարբեր մարդկանց են հրավիրվում, հաղորդավարները նրանց հարցեր են տալիս և երաժշտական ընդմիջումներ են լինում: Այս հաղորդավարների մեծ մասը ոչ միայն լրագրության հետ կապ չունի, ոչ միայն զրուցելու արվեստին չի տիրապետում, այլև գրագետ չէ: Վերջերս, օրինակ, հեռուստաընկերություններից մեկի հյուրն էր մի ռոք խումբ, որն իր առաջին տեսահոլովակն էր հրապարակել: Հաղորդումը իսկական զավեշտ էր այն վարողների պահվածքի առումով` նրանք չգիտեին անգամ ինչ է է իրենից ներկայացնում ռոքը: Օրեր անց պատահական ու անուղղակի որոշ մանրամասներ իմացա հաղորդումը վարողներից մեկի և խմբի երաժշտի հետ տեղի ունեցած խոսակցությունից: Պարզվում է, հաղորդավարը զանգահարել է ու հարցրել` «Ձեզ հետ ինչի՞ց կարելի է խոսել, ի՞նչ հարցեր տամ»:

Հեռուստաեթերը երիտասարդ դեմքերով լցնելը հին հիվանդություն է: Անկախությունից ի վեր նոր դեմքեր փնտրելու մոլուցքը հայկական թիվիներին դարձրել է ոչ պրոֆեսիոնալ ու անբովանդակ: Մարդիկ չեն հասկանում, որ որևէ մեկի հետ զրուցելու համար նախ գիտելիք ու կյանքի փորձ պետք է ունենալ, ոչ թե 18-19 տարեկանի դեմք: Հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները վերջերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կարելի է մարդուն սովորեցնել լրագրություն, պատասխանել էր. «Լրագրող դառնալու համար որոշակի հատկանիշների հետ, որոնցից մեկը հետաքրքրասիրությունն է, մարդը պետք է ունենա, այսպես ասած, հասարակական ջիղ, ինչպես նաև անհրաժեշտ է կյանքի փորձ: Երբ 18 տարեկան երիտասարդը գնում է լրագրության ֆակուլտետ, նա ոչինչ չգիտի ոչ իր մասին, ոչ` կյանքի: Նրան սովորեցնել ճիշտ գրել վերնագրերը, հնարավոր է, իսկ հետո՞ ինչ»: Պոզներն ասել էր, որ ինքը կողմնակից է լրագրության այն դպրոցին, ուր մարդը գալիս է այլ կրթությունից և այն բանից հետո, երբ մի քիչ ապրել է: «Լրագրության ֆակուլտետները, իմ կարծիքով, անօգուտ են: Մասնագիտական հարցերին զուգահեռ կա լրագրության հիմք և այն կարելի է ստանալ միայն կյանքի ընթացքում, կյանքից և մարդկանց հետ հանդիպումներից: Այդ պատճառով էլ լրագրությունն այնքան էլ ռոմանտիկ մասնագիտություն չէ, ինչպես կարծում են ոմանք: Այն բավականին ծանր է, չնայած և անհավանական հրապուրիչ»:

Պոզները խոսել էր երիտասարդ լրագրողների մասին, ովքեր կյանքի փորձ չունեն, իսկ նրանք, ովքեր դերասա՞ն են, X ֆակուլտետի ուսանո՞ղ կամ դպրոցի վերջին դասարանի աշակե՞րտ ու ոչ միայն գիտելիք կամ կյանքի փորձ չունեն, այլև մարդու հետ խոսելու տա՞կտ: Հայկական հեռուստաեթերից հեռարձակվող գեղագիտական աղբն ու անգրագիտության ցուցանքը արդեն մի քանի սերնդի մոտ հեռուստատեսության մասին պատկերացումները խեղաթյուրել են: Հերթը եկողներինն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ