ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լրագրողական համերաշխությունը միֆ է

Լրագրողական համերաշխությունը միֆ է
29.12.2013 | 15:49

Ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ՝ ԱԺ տարբեր պատգամավորներ տարվա ընթացքում հանդես եկան լրագրողներին ուղղված հյութեղ պիտակավորումներով և հայհոյանքներով, որոնք մեջբերելը նպատակահարմար չենք գտնում: Եվ չնայած սրան, ԱԺ նախագահի տարեվերջյան հանդիպումը լրագրողների հետ մարդաշատ էր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, նա մի շարք լրագրողների պարգևատրեց ԱԺ աշխատանքները բարեխիղճ լուսաբանելու համար: Եղել էին, իհարկե, լրագրողներ, որոնք չէին մասնակցել ԱԺ նախագահի՝ տարեվերջյան ընդունելությունը: Եվ այդ սակավաթիվ լրագրողները պարզապես չէին ցանկացել ներկա գտնվել մի պաշտոնյայի ընդունելությանը, որն այդ օրն, անկասկած, ջերմ խոսքեր է շռայլել լրագրողների հասցեին, գովերգել նրանց բարեխիղճ աշխատանքը, իսկ մինչ այդ իր բիզնես գործունեությունը բացահայտած լրագրողներին անվանել է «հաստավիզ», ավելին՝ որևէ կերպ չի խոչընդոտել, որ այլ պատգամավորներ հայհոյեն ու սպառնան լրագրողներին: Նախորդ օրերին սոցցանցերում եղան ակնարկներ, որ լրագրողները համերաշխություն ցուցաբերեն և չմասնակցեն ԱԺ նախագահի ընդունելությանը: Բայց մասնակցողները ցույց տվեցին, որ իրենց գործընկերների, ակտիվ քաղաքացիների կարծիքները իրենց համար գրոշի արժեք չունեն ճիշտ այնպես, ինչպես Հովիկ Աբրահամյանի և մյուս ԱԺ պատգամավորների պիտակավորումներն ու հայհոյանքները: Եվ եթե գրոշի արժեք չունեն, ու այսպիսի մի տարրական հարցում լրագրողական համայնքը չի կարողանում ցուցաբերել համերաշխություն, մերժել Հովիկ Աբրահամյանի հետ նկարվելու և այդ նկարները սոցցանցերում տարածելու գայթակղությունը, ապա ինչպե՞ս կարելի է ակնկալել այդ համերաշխությունն այլ՝ ավելի սկզբունքային հարցերում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ