Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Փաշինյանը` ՀՀԿ խմբակցությանը

Փաշինյանը` ՀՀԿ խմբակցությանը
30.04.2018 | 20:12

Ուրախ եմ, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման սկզբին ասաց Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալ եմ նման հնարավորության համար: Իրավիճակը գնահատելով ես կարող եմ ասել` ուրախ եմ, որ քաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա և կարող եմ մեր կողմից ասել, որ մենք տրամադրված ենք ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունն ու բարձր ենք գնահատում քննարկման այս հնարավորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց` վերջին իրադարձությունների, համաժողովրդական շարժման արդյունքում կուտակվել է դրական էներգիա և քաղաքական ուժերի խնդիրն է ի նպաստ Հայաստանի ապագայի օգտագործել.


«Սա քաղաքական բավականին բուռն պրոցես է եղել, և հասկանալի է, որ այդ բուռն պրոցեսի կողմերից մեկը եղել ենք մենք, մյուս կողմը` ՀՀԿ-ն: Հասկանալի է, որ այս ընթացքում նաև որոշակի լարվածություններ են առաջացել, դրանից առաջ էլ այդ լարվածություններն եղել են, բայց նաև ուրախ եմ, որ այդ լարվածությունները մեզ չեն խանգարում, որ կարողանանք այսպիսի աշխատանքային հանդիպումներ ունենալ և քննարկում ունենալ` փոխադարձաբար ավելի հասկանալի լինել», - ասաց Նիկոլ Փաշինյանն` ավելացնելով. «Մեր խնդիրն է Հայաստանում ընդհանրապես փակել ներքաղաքական թշնամանքի էջը և Հայաստանում հաստատել համերաշխության մթնոլորտ, իհարկե, օրենքի և իրավունքի վրա հիմնված: Կարծում եմ` եթե մեզ հաջողվի համատեղ ուժերով այդ մթնոլորտը հաստատել և ՀՀԿ խմբակցությունն այսօր՝ անկախ վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ դիրքավորումից, ունի հնարավորություն նպաստելու այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը, այսպիսի զարգացումը հնարավարություն կտա, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք ունենանք ոչ թե հաղթողներ և պարտվածներ, այլ ունենանք համազգային հաղթանակ: Ամենակարևոր հաղթանակը, որ պետք է տեղի ունենա, դա լավատեսության և ապագայի նկատմամբ վստահության հաղթանակն է»:

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ