ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրենց չխնայելով ազգի դարդով են «տապակվում»

Իրենց չխնայելով ազգի  դարդով են «տապակվում»
22.12.2017 | 10:40

Այս շաբաթը բավականին անհաջող էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության համար: Հերիք չէր «Ելքի» նախագահի թեկնածուի շուրջ բանակցությունների առաջարկը, արտահերթ նիստում էլ խմբակցությունը հայտնվեց կրքերի կիզակետում, բայց ու՞ր էր, թե դրանով ամեն ինչ ավարտվեր: Խմբակցության անդամներից երկուսը` Սերգեյ Բագրատյանը և Արթուր Մանուկյանը, Դավիթ Մանուկյանի սենյակում այնքան են «տաքացել», որ բանը հասել է հայհոյանքներին ու բռունցքներին: Իրավիճակին արագ արձագանքել է կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը, բնականաբար, նիստին ներկա չէր «խիստ զբաղված գրաֆիկի» պատճառով, բայց, ականատեսների պնդմամբ, «մեղավորներին լավ նախշել է»: Մեկ անգամ չէ, որ փաստել ենք՝ այս խմբակցությունը բացառիկ է. ոչ ոք չգիտի, թե ինչու է հայտնվել խորհրդարանում, ու իր արած գործի անունն ինչ է (խոսքը խմբակցության մի քանի փորձառու պատգամավորներին չի վերաբերում, որոնք, մեղմ ասած, կրակն են ընկել գործընկերների ասածի ու արածի ձեռքը):


Վերջին շրջանում մեկ այլ «հիվանդություն» էլ է առկա «Ծառուկյան» խմբակցությունում. դաշինքը կամաց-կամաց բռնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության ճանապարհը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանի նիստերը ՀՎԿ-ն հեռարձակում էր սեփական հեռուստաընկերությամբ ուղիղ եթերում, ինչի պատճառով այդ խմբակցության պատգամավորների բերանը փակել չէր լինում, ամեն նախագծի ժամանակ այնքան հարց էին տալիս ու ելույթ ունենում, որ հաճախ հիշեցնում էին «ոջիլի մասին» հայտնի անեկդոտը: Հիմա էլ «Ծառուկյան» խմբակցության անդամներն են դարձել ազգի դարդով «տապակվողներ»:
Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությունը վերջերս խորհրդարանի աշխատանքների մասին նոր հաղորդում է պատրաստել, որի ընթացքում հիմնականում սեփական պատգամավորների ելույթներն ու հարցերն են մեկիկ-մեկիկ ներկայացվում: Առանձնացվում են հատկապես սուր ելույթները, որոնք կառավարության աշխատանքը հողին են հավասարեցնում: Այս առումով շատ զավեշտալի էր հատկապես «Առինջ մոլի» և հարկայինների միջև եղած միջադեպից հետո ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, երբ եթեր հեռարձակվեցին խմբակցության բոլոր պատգամավորների «կծող-կսմթող» հարցերը վարչապետին, իսկ վերջինիս պատասխանները, նույնիսկ դեմքը մնացին կադրից դուրս: Տպավորություն էին ստեղծել, թե վարչապետը ոչ մի հարցի «տակից» չէր կարողացել դուրս գալ:


Անշուշտ, սեփական լրատվամիջոցի առկայությունը ցանկացած քաղաքական ուժի համար մեծ առավելություն է, երբ ու ինչպես ցանկանա կարող է մարդուն մեկ րոպեում դարձնել ազգի «փրկիչ» ու «բարեգործ», իսկ քաղաքական հակառակորդին սևացնել ուզածի չափ: Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության այս շաբաթվա խժդժությունները չցուցադրվեցին, այդ հաղորդումը չորեքշաբթի օրն ընդհանրապես չկար. մարդկանց հո ցույց չէի՞ն տա, թե ինչ անհեթեթ վիճակում հայտնվեց իրենց քաղաքական ուժը: Ինչևէ:
Ընդամենը մեկ հիշեցում. երբ ՀՎԿ-ն սկսեց ուղիղ եթերում հեռարձակել ԱԺ նիստերը, ու սեփական պատգամավորների մտքի «գոհարները» դարձան հանրության սեփականությունը, այդ քաղաքական ուժը չկարողացավ անցողիկ շեմը հաղթահարել ու հայտնվել այս խորհրդարանում: Գուցե արժե՞ այս մասին մտածել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ