Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Անհամ, անհոտ, անգույն խորհրդարան

Անհամ, անհոտ, անգույն խորհրդարան
11.07.2017 | 01:14

Ժողովրդական խոսքն ասում է. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Սա շատ բնորոշ է այսօրվա ԱԺ-ին։ Խորհրդարանի որակից դժգոհ են բոլորը` և՛ պատգամավորները, և՛ լրագրողները, և՛ հանրությունը: Քննարկումների մակարդակն այնքան է իջել, որ երբեմն չես հասկանում` օրինագծերի՞ մասին են խոսում, թե՞ խոսում են խոսելու համար: Այս խորհրդարանում կան, այսպես կոչված, «հնաբնակներ», որոնք երանությամբ են հիշում նախորդ գումարումների ԱԺ-ները և փաստում, որ ամեն հաջորդն ավելի վատ է, քան նախորդը, որակապես անհամեմատելի է: Ստացվում է` այսօրվա օրենսդիր մարմինը անկախ Հայաստանի ամենավատ ԱԺ-ն է, սակայն, որպես մխիթարանք, հիշենք Վարդան Այգեկցու հայտնի առակը. «Մի իշխան կար խիստ չար ու անիրավ, նույն քաղաքում ապրում էր մի այրի կին: Իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քեզ համար աղոթում է այրին, և իշխանը եկավ ու ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ, դու նստեցիր նրա տեղը` շատ ավելի չար, և այժմ վախենում եմ, որ մեռնես, քո որդին քեզնից ավելի չար լինի»:


Ասել է` պետք է գոհ լինենք, որ այսպիսի անգույն խորհրդարան ունենք, հաջորդը սրանից ավելի վատը կարող է լինել: Չնայած, սրանից ավելի էլ ո՞ւր: ՀՀԿ-ն այդպես էլ չձերբազատվեց իր օլիգարխներից, նրանց գումարեց նախկին պաշտոնյաներին, որոնք ոչ մի կերպ խորհրդարանի հետ չեն «համադրվում», իրենք էլ են իրենց անհարմարավետ զգում: Հավանաբար դրանից է, որ առաջին հերթին սկսեցին աշխատասենյակների համար կռվով ու նորոգմամբ, որպեսզի «պատսպարվելու» հարմար միջավայր ունենան: Մինչդեռ խորհրդարանը քաղաքական հարթակ է ու պահանջում է ամենօրյա ակտիվ, բուռն քաղաքական գործընթացներ, բանավեճերի պատրաստ գործիչներ, ոչ թե դրանցից խուսափող «ապաստարանների բնակիչներ»:
Ընդդիմությունում առավել ծանր է վիճակը, մասնավորապես «Ծառուկյան» խմբակցությունում: Այս քաղաքական ուժում բոլորը բոլորից անտեղյակ են, չկա թիմ, կան փեսաներ, ընկերոջ աղջիկներ, ծանոթ-ընկերներ, որոնք այնքան ապաքաղաքական են, որ դժվար է նրանց պատգամավոր անգամ համարելը: Մի քանի նախկին պատգամավորներին հանած, «Ծառուկյանը» կարծես ակումբ լինի, որտեղ ով պատահի մտել ու ինչ պատահի անում է: Այս խմբից դժվար է սպասել լուրջ քաղաքական բանավեճեր ու հակաիշխանական «խելքը գլխին» ելույթներ:


Ի դեպ, այս խմբակցությունում ուշագրավ դրվագ էլ կա։ Սովորաբար թիկնապահները, այն էլ ԱԺ պատգամավորների, պետք է տղաներ լինեն, սակայն այս հարցում էլ «յուրահատուկ» է «Ծառուկյան» խմբակցությունը։ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, խորհրդարան տանում-բերում է կին «թիկնապահը»։ Ամենուր նրան ուղեկցում է Աբրահամյանի զարմուհին` Կարինե Պողոսյանը։ «Մորքուրություն է անում»,- հեգնում են խորհրդարանում։
Հետաքրքիր ձևափոխման է ենթարկվել նաև «տարիքն առած» ՀՅԴ-ն (ինչ իմանար, որ օր ծերության պիտի օրենքից «գործ սարքելու» հոտ առնող երիտասարդի բերեին խորհրդարան): Այս խմբակցության նոր անդամներն առայժմ լուռ են, թե ինչ կասեն, կերևա առաջիկայում, իսկ առայժմ քաղաքական ուժի երեսը «սպիտակեցնում» են հնաբնակները` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:
Առանձնանում է «Ելք» խմբակցությունը, որտեղ բավական ակտիվ երիտասարդներ են, որոնք դեռ քաղաքական ճանապարհ պետք է անցնեն, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը լոկոմոտիվի դեր են ստանձնել: Խմբակցությանն ու ԱԺ-ին դեռ չի ձուլվում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:


Եթե ընդհանրացնենք, տարբեր խմբակցություններում մի քանի քաղաքական, ակտիվ պատգամավորներին չհաշված, այս գումարման ԱԺ-ն շատ անշուք ու անհետաքրքիր է, քննարկումները` խիստ մակերեսային, հարցերը` անբովանդակ: Սա այն դեպքում, որ երկրի կառավարման ղեկն անցել է խորհրդարանին, այն մարդկանց, որոնք չգիտեն էլ, թե իրենցից ինչ է կախված: Հաշվի առնելով ներկայիս պատկերը, դժվար է ասել` առաջիկա հինգ տարիներին ինչ արդյունք կարձանագրի այս գումարման խորհրդարանը: Հուսանք` Վարդան Այգեկցու հիշյալ առակը չի գործի, և ապագայում որակյալ օրենսդիր մարմին կունենանք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 16712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ