Զարմացած եմ ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից, ԱԺ-ում վարչապետի ելույթից հետո ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ծրագիրը ներկայացնում էիք: Եթե վստահ չեք այն բաների մեջ, որը ներկայացնում եք, ինչպե՞ս եք մեզ համոզելու: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ քիչ առաջ ասել են, որ այլևս դուք չեք լինելու վարչապետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Անհավես չեմ ու չգիտեմ՝ ոնց անեի, որ նման տպավորություն չթողեի: Էդ հարցին պատասխանելու դեպքում կֆիքսեմ, որ համաձայն եմ ձեզ հետ: Վարչապետ լինելո՞ւ եմ, թե՞ չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ և պատասխանս չի փոխվել»,- ասաց վարչապետը:
Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց, որ վարչապետը չի հանդիպել «Ելք» խմբակցության հետ կառավարության ծրագիրը քննարկելու համար:
«Մեզ տեղեկացրին, որ երրորդ քաղաքական ուժի հետ հանդիպելու ժամանակ չունեք: Եթե վարչապետն իր ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ չունի, ուրեմն նա վարչապետ չպիտի աշխատի, բայց վարչապետի թիվ մեկ պարտականությունն է ֆրակցիաների հետ հանդիպել»,- ասաց նա:
««Ժամանակ չունեմ» նման ձևակերպում չի եղել: Նախաձեռողը ես եմ եղել, զանգահարել եմ ԱԺ նախագահին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու և պայմանավորվել ենք, որ ժամը 6-ին հանդիպելու ենք: Ես երեկ ժամը 18:00-ին եղել եմ ու, ճիշտն ասած, ես զարմացա, որ «Ելք» դաշինքը չկար: Գուցե կոմունիկացիոն սխալ է եղել, բայց «ժամանակ չունեմ», «ցանկություն չունեմ հանդիպելու», նման ձևակերպումներ չեն եղել»,- ասաց վարչապետը:
Էդմոն Մարուքյանը շարունակեց դժգոհել, որ վարչապետը առանձին չի հանդիպել խմբակցության հետ՝ ասելով, որ վարչապետի հանդիպումները նախատեսված են եղել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ միասին, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ միասին: ««Ելք»-ի հետ առանձին հանդիպելու պայմանավորվածություն չեք ունեցել և զարմանալ պետք չէր, որ այնտեղ չէինք»,- ասաց նա: «Այդպես չէ: Ինձ չեն ասել, որ առանձին հանդիպելու ցանկություն կա: Եթե դուք ցանկություն ունեք, ես էլ ցանկություն ունեմ: Մենք այսօր կարող ենք այդ հանդիպումը կազմակերպել»,- հավելեց վարչապետը: