ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ»

«Եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ»
02.06.2017 | 00:50

Ամեն տարի, երբ հանրապետության ղեկավարը պարգևներ և կոչումներ է շնորհում արվեստի գործիչներին, հանրությունը բուռն է արձագանքում որոշ անհատների պարգևատրման փաստին: Այս տարին ևս բացառություն չէր: Ողջ համացանցը ողողված էր քննադատություններով, հիմնական հասցեատերը երգիչ Ռազմիկ Ամյանն էր: Կոչումներից, արժանիներից ու ոչ արժանիներից խոսեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Տպավորությունն այնպիսին է, որ վաստակավոր գործչի կամ ժողովրդական արտիստի, այսպես ասած, արժեքը նսեմացել է: Համաձա՞յն եք:
-Մենք շատ վառ տեսակ ենք, աշխարհը սկսվում է մեզնից: Ցանկացած որոշում մեզ համար ի սկզբանե անհարիր է: Եթե մենք որոշենք` նորմալ է, եթե մեկ ուրիշն է այդ որոշումը կայացնում` անընդունելի: Սակայն մոռանում են, որ շատ շատերն այդ արտիստներին ծափահարել են, փորձել են նրա ձայնագրությունները գտնել համացանցում: Պարզապես խոսելու, ինքնահաստատվելու առիթ կա, նորմալ եմ վերաբերվում այդ քննադատություններին, հատկապես հանրային մարդը մշտապես նման քննադատությունների թիրախում է հայտնվում:
-Մարդկանց վրդովմունքին արժանացավ հատկապես Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչում շնորհելը:
-Բայց Ռազմիկ Ամյանը ֆանտաստիկ երգիչ է, որն ապրում է ՀՀ-ում, որտեղ շուկան այլ պահանջներ է թելադրում: Միշտ նրա հետ բանավեճ եմ ունեցել, որ ափսոս են իր պոտենցիալը, աստվածատուր ձայնը, տեմբրը, ձայնային պլաստիկությունը: Երգում է այն, ինչ շուկան է պահանջում: Ես չեմ երգում շուկայի պահանջով, իմ երգերը քիչ են, բայց դրանք հայերեն են: Այդպիսի շատ երգիչներ կան: Ռազմիկն ունի ֆանտաստիկ հայերեն երգեր, հայ հեղինակների փայլուն կատարումներ և ունի այն, ինչ վաճառվում է: Ռազմիկ Ամյանը շատ լավ երգիչ է, և ուրախ եմ, որ այսօր կոչում ստանում են երիտասարդները, որովհետև պետք չեն կոչումները, երբ թույլ են, ի վիճակի չեն երգելու այնպես, ինչպես երիտասարդ տարիներին: Ասել է` պետք է գնահատել աշխատանքը, իսկ այս պարագայում նրա աշխատանքն իսկապես գնահատելի է: Շատ ուրախ եմ նաև Էմմա Պետրոսյանի համար, որը նոր գույն հաղորդեց դասական և փոփ երաժշտությանը, էկլեկտիկ ոճ բերեց: Իրինա Զաքյանի համար ևս ուրախ եմ, որին համարում եմ մեր օպերային և կամերային լավագույն երգչուհիներից մեկը:
-Հանրությունն իրար կողքի է դնում դասական, զուլալ հայերենով երգողներին և շուկայի պահանջները բավարարող ցածրաճաշակ երգերի հեղինակներին ու արդարացիորեն դժգոհում, թե ինչու են նրանք նույն «քաշային կարգում»:
-Ո՞վ կա դասական երգիչներից, որ մրցանակ չի ստացել: Հետո էլ ժամանակը փոխվում է, պահանջները, հնարավորություններն այլ են: Կան մի քանի մնայուն արժեքներ, այդպիսին է Ռուբեն Մաթևոսյանը, որը մեծ երաժիշտ է, և այն դպրոցը, որ նա ստեղծեց հայկական ժողովրդական երգարվեստում, մինչ այսօր ոչ ոք չի արել: Մաեստրոն տվել է հրաշալի սերունդ:
-Ընդհանրապես չարժե՞ կոչումների ինստիտուտը վերացնել, հասարակությունը, այսպես թե այնպես, գնահատում է արժանիներին:
-Այն, որ պետք է այդ կոչումները վերացվեն, ինձ համար պարզ դարձավ մայրիկիս օրինակով: Ես ստացա վաստակավորի կոչում, իսկ նա` Արաքս Մանսուրյանը, դրան անգամ չարժանացավ: Իմ գուրուն, երգարվեստի համալսարանը մայրս է, որն այսօր աշխարհով մեկ ներկայացնում է հայ մշակույթը ոչ միայն որպես երգչուհի, այլև մանկավարժ: Այլազգիները ծանոթանում են մեր երաժշտությանը և երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Եկմալյան, իսկ սա շատ մեծ բան է: Երաժշտությունը նաև ազգը ճանաչելու առիթ է տալիս, Արևմուտքում ընդունված է ուսումնասիրել երգի ակունքները: Նա այս հարցում շատ մեծ գործ է անում: Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որևէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի: Սփյուռքը կարոտից շատ փոխզիջումների է գնում, միայն թե հայերեն մի բան լսեն: Սա չափորոշիչ լինել չի կարող, չափանիշը Հայաստանի` Երևանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսն է: Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահանջկոտ են: Եթե ուզում ես հասկանալ` դրսում կգնահատվես, թե ոչ, նախ պետք է լավագույն քննությունը հանձնես հայ հանդիսատեսի առջև: Գյումրին այնքան մշակութակուռ է, որ ամեն մենահամերգից հետո կարծես համալսարան ավարտեմ: Մենք նաև ծափեր ենք դժվար շռայլում: Արտիստը սնվում է այդ ամենով, նրա օրը դրանով է լցվում: Մի՞թե վատ է, որ արտիստը ոգևորվում է: Ի դեպ, ով այդ կոչումները ստանում է, ունի իր լսարանը: Իհարկե, կան արտիստներ, որոնք պետք է վաստակավոր չլինեին, քանզի իրական վաստակավորի հետ նույն հարթությունում չեն կարող լինել: Բայց սա իմ անձնական դիտարկումն է ու կարծիքը, որը ես չեմ բարձրաձայնում: Ես չեմ կարող մտածել բոլորի պես, ես ավելի պահանջկոտ եմ ու պրոֆեսիոնալ աչքով եմ նայում, տեղյակ եմ բոլորի հնարավորություններին, աճելու ունակությանը: Բայց գոյություն ունի շուկա, որը որոշիչ է:
-Նախորդ տարի էլ Արմենչիկին վաստակավոր կոչում շնորհելու փաստը քննադատության ալիք բարձրացրեց:
-Քննադատության ալիքը միշտ էլ կա: Ինձ շնորհելուց էլ մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում, ես իմ կոչման մասին իմացել եմ Սյուզան Մարգարյանի հեռախոսազանգից: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ստանալ այդ կոչումը ու ամեն ինչ անում են, իրենց դոսյեներն են սարքում, սա ծիծաղելի է: Այդ կոչմանն արժանանում ես ժողովրդի սիրով: Ես տեսնում եմ այդ սերը: Իմ տասնյոթ տարվա ալբոմն առայսօր սիրված է:
-Քաղաքականությունը Ձեր մեջ չսպանե՞ց երգչուհուն:
-Չէ, ինչպե՞ս կարող էր սպանել:
-Քիչ եք երգով զբաղվում հիմա:
-Այս հարցը ամեն անգամ տալուց ես մտածում եմ` Աստված իմ, եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ, ինչպես իմ ընկերներն են անում: Ոչ թե ակումբում երգելն է վատ, ուղղակի իմ տեսակն այլ է, չեմ կարող երգել «Պատրանքի թևով», երբ կողքի սեղանին խորոված են ուտում: Այսինքն, այսպես թե այնպես պատգամավոր լինեի, թե ոչ, իմ երգարվեստը սա է: Ես երգում եմ շատ, Երևանում դա չեք տեսնում, որովհետև այստեղ դոմինանտը դասական երաժշտությունն է: Ես երգում եմ սահմանամերձ շրջաններում, գիտե՞ք ինչքան բարեգործական համերգներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ:
-Նոր տեսահոլովակներ չկան:
-Չկան, որովհետև դա թանկ հաճույք է: Հետո էլ, կարծում եմ, ավելի կարևոր է այդ գումարը հատկացնել սահմանամերձ գյուղերում մշակութային ծրագիր իրականացնելուն: Այսօր սա ինձ համար առավել էական է: Իհարկե, ցանկալի էր ունենալ նոր տեսահոլովակ, արդեն երեք ձայներիզի նյութ կա: Այս ընթացքում քիչ երգեր ձայնագրեցի: Երգեցի «Մարտակերտ», «Մարտունի» երգերը` նվիրված համանուն քաղաքներին: Այս երգերն իմ ու Քրիստ Մանարյանի ձագուկներն են: Արման Ղազարյանի հետ երգեցինք «Արցախի հողումը», բանաստեղծությունն Ավետն էր ինձ նվիրել: Ապրիլից հետո էլ ծնվեց «Հայ զինվոր» երգը: Ինչ-որ բաներ փորձում եմ անել, բայց դրանք էլ են գումար պահանջում: Ես որևէ մեկի երբեք չեմ խնդրի ինձ հովանավորել, բայց Արցախի կամ Տավուշի սահմանամերձ գոտիների համար կդիմեմ օգնության, սա հերոսություն չէ, տեսակի հարց է:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ