ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձևաչափերն ու ձևականությունները խորհրդարանում

Ձևաչափերն ու ձևականությունները խորհրդարանում
24.05.2017 | 09:27

Մայիսի 30-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ անցկացնել, իսկ մինչ այդ խորհրդարանը շարունակում է կազմավորել իր կառույցները: ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրությունը հնարավոր դարձրեց խորհրդարանական նոր մարմնի՝ խորհրդի ձևավորումը:

ԱԺ կանոնակարգ օրենքով՝ խորհրդարանի նախագահից, փոխնախագահներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական անդամից բաղկացած խորհուրդը հաստատում է ԱԺ հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, լրագրողների հավատարմագրման, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կարող է դիմել Սահմանադրական դատարան: Ոմանց կարող է թվալ, որ ԱԺ խորհուրդը նորություն է: Բնավ: Նույն այդ գործառույթները մշտապես իրականացրել է ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որ գումարվել է եռօրյաներին, ապա նաև քառօրյաներին նախորդող ուրբաթ օրերին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերից հետո՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու խմբակցությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, վարչության պետերի մասնակցությամբ, սահմանված ժամին: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչության պետերի ներկայացմամբ հաստատվել են նաև աշխատանքային տարբեր կարգերը, քննարկվել են պատվիրակությունների այցերը: Ի՞նչն է փոխվել: Խորհուրդը նիստեր է գումարելու ոչ թե ուրբաթ, այլ՝ նիստերին նախորդող երկուշաբթի օրը, ԱԺ նախագահի սահմանած ժամին, առանց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների՞:

Խորհրդում որոշումները ընդունվելու են քվեարկություններով: Բայց ի՞նչ է դա փոխում խորհրդարանի կյանքում, եթե 1 նախագահից, 3 փոխնախագահներից, 9 հանձնաժողովների նախագահներից և 4 խմբակցությունների ղեկավարներից կազմված խորհրդի 17 անդամներից 11-ը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան են ներկայացնում, այսինքն՝ ԱԺ-ում ստեղծվում է ևս մեկ ձևական կառույց՝ աշխատանքային խորհրդակցությունը վերանվանվում է խորհուրդ: Ճիշտ է՝ նոր խորհուրդը օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավունքով: Պատկերացրեք, որ Գագիկ Ծառուկյանը նորից չի գալիս ոչ հանձնաժողովների, ոչ խմբակցության, ոչ լիագումար նիստերին ու խորհուրդը քննարկում է նրան մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Ո՞Ւ: Ոչինչ: Ոչ խորհուրդը նման հարց կքննարկի, ոչ Սահմանադրական դատարանը: Գուշակեցիք, նույն պատճառով՝ իշխանության մեծամասնության: ՈՒրեմն՝ ինչո՞ւ էին ու ինչպե՞ս էին սահմանադրական փոփոխությունները ներկայացվում որպես խորհրդարանում ընդդիմության դերի մեծացում: Ձևական չէ՞ր այդ ամենը:

Իհարկե, իշխանությունը լիովին կարող է հայտարարել, որ ինքը կրում է պատասխանատվությունը, ինքն էլ որոշումներ կայացնելու իրավունքներ ունի, այդպես է, եթե իշխանությունը կազմավորվեր ժողովրդավարական ընտրություններով: 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր պնդում, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմության դերը մեծացել է: Ո՞րն է, ուրեմն, այդ դերը: Ոչ թե տեսականորեն, այլ՝ գործնականում: Փաստացի՝ խորհրդում գործելու է 16։1 հարաբերակցությունը: ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն իր 1 ձայնով «Ելքը» չունի, եթե նույնիսկ «Ծառուկյան» դաշինքը երբեմն առ երբեմն որոշի իմիջը վերականգնել ու ընդդիմադիր դառնալ՝ 1 փոխնախագահ, հանձնաժողովի 3 նախագահ, խմբակցության 1 ղեկավարով ոչինչ չի փոխի քվեարկությունների ընթացքում: 6 մանդատը կոլեգիալություն չի ապահովում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ եթե որոշումները ընդունվեին կոնսենսուսո՞վ:

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ