ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հետընտրական ընտրարշավ

Հետընտրական ընտրարշավ
04.04.2017 | 11:12

Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված` մեկնարկում է Երևանի ավագանու ընտրական ցիկլը: Արդեն ապրիլի իննից պետք է ներկայացվեն թեկնածու կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները: Ավելորդ է ասել, որ մեր կուսակցությունների կադրային բազան ու ֆինանսական միջոցները հիմնականում բավարար չեն նման հագեցած օրակարգի համար: Երևանյան ընտրություններն իրենց վրա կրելու են համապետական ընտրությունների կնիքը` մեկնարկային առավելություններ տալով այն կուսակցությանն ու դաշինքին, որոնք տիրապետում են ռեսուրսների:

Մյուս կողմից` «Ծառուկյան» դաշինքը երևանյան մասշտաբով անհամեմատ թույլ մրցակից է ՀՀԿ-ի համար: Եթե տոկոսային առումով վերջին ընտրություններում համընկնում են կառավարող կուսակցության հանրապետական և երևանյան ցուցանիշները, ապա այն մոտ հինգ-վեց միավորով անկում է ապրում «Ծառուկյան» դաշինքի պարագայում: ԲՀԿ-ն անձնակենտրոն կուսակցություն է, ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանի երևանցի չլինելու հանգամանքը նրա ցուցակից վանելու է լրացուցիչ ընտրողների: Բացի այդ, խորհրդարանական ընտրություններից հետո Ծառուկյանի թիմը «կոտրված» է, կորցրել է մոտիվացիան, իսկ հասարակությունը չի հավատում այդ ուժի հաղթանակի հնարավորությանը: Զարմանալի չի լինի, եթե Ծառուկյանի թիմը Երևանի ավագանու ընտրություններում ստանա ընդամենը 15-20% ձայն: Փոխարենը` ԲՀԿ պոտենցիալ ընտրողների մի մասը կարող է իր քվեն տալ «Ելք» դաշինքին, որն այս պահին Հայաստանի միակ ինստիտուցիոնալ ընդդիմությունն է և այլընտրանք է համարվում իշխանություններին: Խորհրդարանական ընտրություններում, տոկոսային ցուցանիշներով, «Ելքի» երևանյան արդյունքը կրկնակի գերազանցում է համապետականին: Մի խոսքով` դաշինքը մայրաքաղաքում կարող է հավակնել 20% քվեի և նույնիսկ ավելի հավակնոտ արդյունքի, մանավանդ, եթե ցուցակը գլխավորի համապետական մասշտաբի գործիչ: Կարող է այնպես ստացվել, որ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը Երևանում լինի հենց «Ելք» դաշինքը:
Իհարկե, Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքը գրեթե կանխորոշված է իրադարձություններով, որոնք արձանագրվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինտրիգը կայանում էր նրանում, թե ում թեկնածությունը կառաջադրի ՀՀԿ-ն, որովհետև, օրինակ, ԴԱՀԿ նախկին պետ և ապրիլի 2-ին պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը չի թաքցնում քաղաքապետ դառնալու իր հավակնությունները: Սակայն նա, ներհամակարգային պայքարում, պարտվեց Տարոն Մարգարյանին:

Ճիշտ է, Պողոսյանն ընտրվել է պատգամավոր, սակայն նույն ընտրատարածքում ավելի քիչ քվե է ստացել, քան` Մարգարյանի աներձագը: Երևանի գործող քաղաքապետը համապետական գործչի կարգավիճակ ունի. ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում երկրորդն էր, երևանյան հանդիպումներում ուղեկցում էր Կարեն Կարապետյանին, իսկ Միհրան Պողոսյանին ՀՀԿ-ն «թաքցրել» էր ռեյտինգային ցուցակներում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ հենց ընտրարշավի ժամանակ վարչապետը հայտարարեց, թե ԴԱՀԿ նախկին պետին չի տեսնում գործադիրում: Երևանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին, բայց արդեն այսօր պարզ է, որ մայրաքաղաքն առաջիկա տարիներին նույնպես` ղեկավարելու է Տարոն Մարգարյանը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ