ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ո՞Ւմ ընտրել

Ո՞Ւմ ընտրել
07.02.2017 | 00:29

ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՎԵԼԻՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՆՈՐ «ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Այժմյան Հայաստանի Հանրապետության անկախ պետականության քսանհինգամյա պատմությունը սկսվում է ԽՍՀՄ փլուզումից: ԽՍՀՄ տասնհինգ հանրապետություններից մեկը լինելով, Հայաստանի ԽՍՀ-ն գուցե ամենազարգացածն էր բոլոր հանրապետություններից բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ... Պետք չէ մեկ անգամ ևս երկար-բարակ պատմել այն ճանապարհի մասին, որ անցել է մեր երկիրն այս քսանհինգ տարվա ընթացքում, հատկապես, երբ այդ բանը շատ ավելի լավ և հանգամանալից արվում է այլոց կողմից: Ընդգծենք, որ այդ ընթացքում մենք կարողացանք թալանել և ոչնչացնել մեր ողջ ունեցվածքը` չստեղծելով ոչինչ, և այժմ մեր պոտենցիալով չենք կարող համեմատվել այն հանրապետություններից և ոչ մեկի հետ: Անկախության տարիներին մեր ունեցած երեք նախագահներից առաջինի օրոք կատարվեց հիմնական թալանը, մյուս երկուսի օրոք և օժանդակությամբ վերջնականապես ձևավորվեցին տնտեսական մենաշնորհները, իշխանությունը վերահսկելի դարձրեց նյութական և ֆինանսական շրջանառության բոլոր ուղիները՝ պետական, թե մասնավոր:

Երրորդ նախագահի օրոք ունենք օրենսդիր և գործադիր իշխանություններ, հանրային կյանքը կարգավորելուն կոչված ծառայություններ, բոլորը սերտաճած ժողովրդի թալանն ու հարստահարումն ապահովող կառույցների հետ: Ճիշտ կլինի ասել, որ այդ կառույցներից աճած իշխանական շոշափուկներ են՝ հարկային, մաքսային, իրավական, դատական, բանկային, առողջապահական, սոցիալական, որոնք միայն և միայն կոչված են ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու ունեցվածքի կառավարմանը, տնօրինմանը, օտարմանը: Իշխանությանը մոտ կանգնած, իսկ երբեմն էլ նրանից վեր կանգնած օղակները մտածում են միայն ժողովրդից ավելին վերցնելու նոր «գործիքակազմ» ստեղծելու մասին: Այլ կերպ չես մեկնաբանի չընդհատվող հարկային «բարեփոխումների», մաքսային անվերահսկելիության, գնային ու սակագնային անպատժելիության, իրավական բոլոր նորմերի ոտնահարության, արագաչափերի, նկարահանող սարքերի, տրանսպորտային միջոցների զննության (հասկացիր՝ չզննության) կտրոնների վաճառքի, սպիտակ գծերի «տրամաբանությունը»: Խանգարված երևակայության արդյունք չէ՞ր, երբ մեկ բանկա ներկով, այս անգամ կարմիր, խաչ քաշեցին քաղաքացու արժանապատվության վրա: Եվ որտեղի՞ց այդքան թշնամանք, արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ:


Այժմ մեր երկիրը ոչ միայն թաղված է մենաշնորհների, տանիքների ու կոռուպցիայի մեջ, այլև, որպես հետևանք, ազգային շահ չունի, քաղաքականություն չունի, զարգացման հեռանկարներ չունի: Մեր երկիրը դեմք չունի:
Իշխանությունները՝ երկրի կառավարումն իրենց ձեռքից բաց չթողնելու համար, կազմակերպեցին, անցկացրին հանրաքվե, արձանագրեցին, որ ժողովուրդը նախընտրում է կառավարման խորհրդարանական ձևը: Քննարկեցին, ինչ-որ մի տարբերակով հաստատեցին ընտրական նոր օրենսգիրքը, բայց արդեն հետ են կանգնում ընդունված էական դրույթներից՝ ֆինանսական միջոցների չբավարարելու ծիծաղելի պատճառաբանությամբ: Ընտրական օրենսգրքում տեղավորեցին այնպիսի դրույթ, որը որոշակիորեն կաշկանդում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ընտրողի գործողությունները, ներդրեցին «բոնուսային համակարգ», որն իրականում ձայների մեծ մասը այլ կուսակցություններից խլելու միջոց է: Ի դեպ՝ կուսակցությունների մասին:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր քաղաքական-հասարակական իրականության մեջ հայտնի կուսակցությունները մի քանիսն են, որոնց ցանկը այս մի քանի տարիներին որոշակի ոչ էական փոփոխությունների է ենթարկվել: Գրանցված կուսակցությունների թիվը շատ ավելի մեծ է: Դրանք հիմնականում մարդ-կուսակցություններ են, գրասենյակ-կուսակցություններ: Անձը կամ մարդկանց խումբը իրենց անվան դիմաց գրանցում են այդ «ապրանքանշանը», և մնացածն արդեն ըստ անհրաժեշտության: Մեկին այն պետք է իշխանության մաս կազմելու իր հավակնությունները ներկայացնելու համար, մյուսին՝ իր բիզնեսի համար տանիք կազմակերպելու: Այդպիսիների մի մասը անգամ խորհրդարանում աթոռ ունի, քանի-որ ներգրավված է որևէ քաղաքական դաշինքի մեջ, կամ գաղտնի սպասարկում է իշխող քաղաքական ուժին: Սրանք ընդհանրապես որևէ ազդեցություն չունեն հասարակական կարծիքի վրա, եթե մեզանում կա այդ հասարակական կարծիք կոչվածը: Այդ կուսակցությունների մեծ մասը իր գործունեության ծրագիրն էլ չունի:


Ինչպիսի՞ն է վիճակը այն կուսակցությունների պարագայում, որոնք բնակեցնում են խորհրդարանը:
ՀԱԿ-ը (Հայ ազգային կոնգրես) մարդ-կուսակցությունների, խումբ-կուսակցությունների կոնգլոմերատ է: Գործունեության ընթացքում քարոզել է իշխանափոխություն, բայց առանց որևէ ծրագրի, առանց անելիքների դույզն-ինչ պատկերացման: Երկար տարիներ, մի քանի նախագահական և խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջաններում նրանք գործող իշխանությունների կողմից թույլ տրվող անօրեննություններից դժգոհ ժողովրդի մի ակտիվ հատվածին անընդհատ դուրս էին բերում հրապարակ: Հախուռն, անպտուղ, անգաղափար հանրահավաքներում մարդկանց դրական էներգիան պարպում և նրանց լիցքավորում էին չարությամբ: Այդ հանրահավաքների գագաթնակետը դարձան մարտիմեկյան իրադարձությունները՝ մարդկային զոհերով, ժողովրդի խոր հիասթափությամբ, նոր իշխանությունների լեգիտիմության պակասով, մեր երկրի քաղաքական կշռի սրընթաց անկումով, հասարակության տարբեր խավերի մեջ փոխըմբռնման կորստով, փակուղային տրամադրությունների աճով: ՀԱԿ-ի ծառայության արդյունքն է, որ մեր բնակչությունը այսքան խոր ապատիայի մեջ է հայտնվել և անհավանական իներտ վարք է դրսևորում իշխանությունների կողմից ձեռնարկվող և իրականացվող ընտրակեղծարարությունների թե կատարման, թե օրինականացման գործընթացների նկատմամբ:

Այժմ՝ գտնվելով կազմալուծման շեմին, այդ կուսակցությունը հովանավորներ է փնտրում, ըստ երևույթին այդ «գրասենյակի» ծառայությունները պահանջված չեն չնայած նրա ղեկավարը կուսակցության համագումարում թարմացրեց դրսի ուժերին ծառայելու իր պատրաստակամությունը:
ՕԵԿ («Օրինաց երկիր» կուսակցություն): Այս կուսակցությունն իր արդեն ընդհատված կենսագրության սկզբում բավականին լայն օժանդակություն գտավ ընտրողների շրջանում որպես գործող իշխանությունների հնարավոր այլընտրանք: Կուսակցության համակիրների շրջանն արագ ընդլայնվում էր, կուսակցության ղեկավարի հակաիշխանական հռետորաբանությունն արժանանում էր ընտրողների ջերմ արձագանքին:

Գործող իշխանությունները զգալով նրա աճող հեղինակությունը ժամանակին ստուգողական առաջարկ արեցին Արթուր Բաղդասարյանին՝ իշխանության մաս կազմելու: Տարբերակն աշխատեց: Ա. Բաղդասարյանն անմիջապես ընդունեց այն, իր քայլը ժողովրդին ներկայացնելով որպես իշխանությունը ներսից բարեփոխելու մտադրություն: Իհարկե, այդ մտադրությունը որպես մտադրություն էլ մնաց: Ա. Բաղդասարյանը նույն ոճով երկրորդ անգամ էլ մտավ իշխանություն, վայելեց դրա ընձեռած հնարավորությունները: Իշխանությունները հրաժարվեցին նրա ծառայություններից, երբ տեսան, որ կարող են առանց նրա էլ յոլա գնալ: Այժմ այդ մարդը երրորդ անգամ է ցանկանում նույն գետը մտնել՝ այս անգամ մի քանի այլ կուսակցությունների հետ համախմբված: Իհարկե, անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս քաղաքական գործչի հավակնությունները չեն փոխվել: Անհրաժեշտ առաջարկությունը ստանալուն պես նա անմիջապես կլքի իր կուսակիցներին մարտի դաշտում:
ՀՅԴ (Հայ հեղափոխական դաշնակցություն): Այս կուսակցության գործունեությունը մեր քաղաքական դաշտում սկզբից մինչև վերջ աչքի է ընկել երկդիմի գործելաոճով: Ժողովրդի անունից իշխանության հետ:


ԲՀԿ-ի («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) ծրագիրը ծանրաբեռնված է տնտեսությանը, իրավական պետություն ստեղծելուն, դատա-իրավական համակարգի բարելավմանն ուղղված հոդվածներով: Բայց դրանք այս երկրի համար չեն: Դրանք գրված են բարգավաճ Հայաստանի համար:
Կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ հարել է իշխանությանը, ծառայել նրան: Մեկ անգամ այդ կուսակցության ղեկավարը փորձեց ինքնուրույն գործել և, զգալով ժողովրդի աճող աջակցությունը, փորձեց դուրս գալ իշխանության թևի տակից, բայց այդ իշխանության խեղդող գրկախառնությունը սթափեցրեց նրան, և նա, կարծես իսպառ, կորցրեց հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ: Այժմ քննարկում են նրա վերադարձի հնարավորությունը: Քաղաքականություն վերադարձի: Մի հանդիպման ժամանակ իրեն շրջապատած ժողովրդին դիմելով՝ Ծառուկյանն ասում էր. «Եթե խնդրեն՝ կվերադառնամ»: Նրա պահվածքից զգացվում էր, որ վերադառնալու միտքը նրան մեծ բավականություն է պատճառում: Արդյո՞ք նա մտածում է ընտրություններում հաղթելու, որպես ինքնուրույն քաղաքական ուժ ներկայանալու, իր կուսակցության խմբակցությամբ խորհրդարանում ազգանվեր աշխատանք անելու մասին: Դուք այդպե՞ս եք կարծում:
Ո՞րն է վերադարձի հմայքը: Գագիկ Ծառուկյանի խոսքերը՝ «եթե խնդրեն՝ կվերադառնամ», իհարկե, ժողովրդին չէին հասցեագրված: Այլ նրան, ում հանձնարարությամբ իրեն հեռացրին քաղաքականությունից, անվանարկեցին: Այժմ պարզվում է, որ իր առաջ այդ դուռը փակողը կարող է խնդրել իրեն՝ բացել այն: Նախագահը և Գագիկ Ծառուկյանը նորից իրար կողքի են: Մնացածը, ովքեր հանձնարարությամբ իրեն անվանարկելու շոուներ էին սարքում, շրջանից դուրս: Եվ դա վայելելու բավականությունն ունի նա: Մնացածը, ըստ էության, երկրորդական բաներ են նրա համար: Այն ընտրողները (խաղողագործներ, սպորտսմեններ, գործարարներ, հասարակ մարդիկ), որոնց Գագիկ Ծառուկյանը գործի բերումով կամ որպես բարերար օժանդակել է, գուցե պատրաստակամ են իրենց ձայները նրան տալու: Հարց է, թե նա ի՞նչ կարող է անել այդ ձայների հետ: Ոչինչ: Որովհետև չեն թողնի, և նա էլ չի կարող չենթարկվել, որովհետև... Անգամ եթե նրա խմբակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստանա, նա այդ հնարավորությունն ինքնուրույն տնօրինելու կարողություն չունի: Այն կծառայի իշխանական կուսակցությանը՝ կմիանա, կոալիցիա կկազմի, թե պարզապես կենթարկվի: Ցանկացած տարբերակում: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանին տրված ձայները որքան էլ հիմնավորված լինեն նրա կողմից այդ ընտրողների համար արված աշխատանքով, միևնույն է, այդ ձայները ծառայելու են իշխանության նպատակներին, նրա վերարտադրությանը: Ճիշտ այդպես էլ հաշվարկել են իշխանականում, վերադառնալու խնդրանքը թանկ արժե: Դրա համար հարկավոր է աշխատել և ձայներ հավաքել հնարավորինս շատ: ՈՒրեմն ի՞նչ: Ձայնը տալ իշխանությա՞նը: Արդյո՞ք այդպիսի քայլը արդարացված է: Թեկուզ այն խաղողագործի տեսանկյունից, ում աճեցրած խաղողը գետնին չի մնացել միայն այն պատճառով, որ Ծառուկյանի գինու գործարանի մթերման կետերը գնել են այն և վճարել ժամանակին:

Ո՞րն է պատճառը, որ նրանք ապավինել են Ծառուկյանին: Այն տնտեսական միջավա՛յրը, որն ստեղծվել է այսօրվա գործող իշխանությունների հակաժողովրդական գործելակերպի պատճառով: Ձայն տալով Ծառուկյանին՝ նրանք ինքնաբերաբար ամրացնում են նույն իշխանության հենարանը: Այլ կերպ մտածելը, մեկնաբանելը պարզապես ինքնախաբեություն է:
Այժմ, արդեն ստանալով այդ առաջարկություն-խնդրանքը, Ծառուկյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն և փորձում է այդ վերադարձը այնպես իրականացնել, որ տպավորություն ստեղծվի, թե նա քաղաքականությունից, ըստ էության, դուրս չի էլ եկել: Իր վերադարձը նա նշանավորում է բարեգործական ակցիաներով, գործարար նախաձեռնություններով, պայծառ ապագայի պլաններ ներկայացնելով: Նախագահի արտահայտությունը ՀՀԿ քաղխորհրդի նիստից հետո այն մասին, թե ինքը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, նպատակ ունի առերևույթ տարանջատելու Ծառուկյանի նախընտրական աշխատանքի բովանդակությունը իշխանության վերարտադրության համար պայքարի իրական նպատակներից:


Մեկ կարևոր հանգամանք: Անհրաժեշտ է, որ կարողանանք քաղաքականությունը բաժանել, առանձնացնել բարեգործությունից: Բարեգործություն երևույթի և բարեգործ անձի նկատմամբ իմ ողջ հարգանքով հանդերձ, ուզում եմ ընդգծել, որ քաղաքականության և բարեգործության նպատակները և հնարավորությունները տարբեր են: Իշխանության ազգանպաստ ներքին, արտաքին քաղաքականության արդյունքների պարամետրերը բոլորովին այլ են, և դրանք հնարավոր չէ ընդգրկել ոչ մի բարեգործությամբ: Ի՞նչ բարեգործությամբ կարող եք բացառել արտագաղթը, ժողովրդին ապահովել աշխատանքով, վերականգնել երկրի սասանված հեղինակությունը, լուծել արցախյան հիմնախնդիրը:


Մեկ նրբերանգ ևս: Մեր իշխանությունները նորմալ երկիր կառուցելու իրենց անկարողությամբ (կամ այն իրողությամբ, որ դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում) բազմաթիվ արատներ են ներմուծել հասարակական կյանքի տարբեր ոլորտներ: Դրանցից վատագույնը աշխատունակ բնակչության որոշակի անտարբերությունն է աշխատանքի նկատմամբ՝ որպես հետևանք երկարատև պարտադրված անգործության: Փոխարենը նրանք շատ զգայուն են դարձել նպաստների, օգնությունների, չվաստակած այլ հնարավորությունների նկատմամբ: Եվ այս ֆոնին հասկանալի են Ծառուկյանի վերադարձի արձագանքները:
ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն): Իշխանությունը ներկայացնող կամ խորհրդանշող կուսակցությունը որպես իր գործունեության ծրագիր հեղինակել է մի տեքստ, որն ավելի շատ հիշեցնում է խորհրդային տարիներին ընդունելության քննության ժամանակ բուհի դիմորդի գրած թեմատիկ շարադրություն: Ոգին նույնն է՝ աննյութական: Անուրջներ ապագայի թեմայով: Տպավորություն է ստեղծվում, որ դրա կազմողը մեկ մարդ է, որն իր ամառանոցի պատուհանից նայելով բնությանը, թեթև անրջել է: Ծավալով էլ չի գերազանցում դրանց: Այդ ծրագրի մասին ավելին ասելու ցանկությունը մեզ նույնպես կկտրի իրականությունից:


Ի՞նչ կապ կա այդ կուսակցության (պիտի հասկանալ՝ իշխանության) գործունեության և նրանց ծրագրի միջև: Ոչ մի: Փնտրելու կարիք չկա և ինչ-որ բան գտնելու հնարավորություն՝ նույնպես: Ի՞նչ է անում այդ կուսակցությունը: Իրականացնում է երկրի իշխանությունը: Ճիշտ կլինի ասել՝ իշխում է: Եվ վերջ: Հարց է՝ դրանից ժողովրդին, երկրին օգո՞ւտ կա, թե՞ վնաս: Իշխանությունը ներկայացնող կուսակցությունը շահերով համախմբված մարդկանց խումբ է՝ ներգրավված կամավոր կամ պարտադիր սկզբունքով: Խմբի մի մասը տնօրինում է իշխանությունը, որ բարիքներն ուրիշի գրպանը չհոսեն, մյուս մասը պահում է դրանց թիկունքը խորհրդարանում համապատասխան օրենքներ թխելով կամ անցանկալի օրինագծերի դեմն առնելով, և բոլորը միասին, որոշակի պարբերականությամբ (ընտրությունից ընտրություն) լծվում են բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը ևս մի քանի տարով իրենց ձեռքում պահելու սրբազան գործին:
Կուսակցություն իր իրական իմաստով գոյություն չունի: Իշխանության ղեկավարը նաև այդ խմբի ղեկավարն է: Այդ խմբի և նրա ղեկավարի շահերը առաջնային են: Խումբը վերնախավի հավաքներ է անցկացնում ըստ անհրաժեշտության, իսկ այդպիսի անհրաժեշտություններ առաջանում են ընտրություններին նախապատրաստվելու որևէ մեկին առանցքային պաշտոնում նշանակելու ժամանակ կամ խորհրդարանում հակաժողովրդական որևէ նախագիծ անցկացնելու համար:


Կուսակցական գործառույթներ գոյություն չունեն: Մինչդեռ, եթե կուսակցությունը իշխանության ղեկին է, ապա իր գործունեության առաջիկա տարիների (մինչև հաջորդ ընտրություններն ընկած հատվածի) համար այն նախօրոք պիտի գործունեության ծրագիր ներկայացներ ժողովրդին՝ ամենահրատապ ազգային և պետական խնդիրների լուծման ճանապարհներով, ժամանակացույցով, պատասխանատուներով: Դրանք պիտի քննարկվեին հենց կուսակցության ներսում, նրա բարձրագույն մարմնում և դառնային նշված տարիների գործունեության ուղեցույցը: Նման բան դուք այս տարիների ընթացքում տեսե՞լ եք, կամ գոնե լսե՞լ եք: Եթե այդպիսի բան եղած լիներ, ապա չարածի համար պատասխան տված գոնե մեկն էլ կլիներ:


Սա վերաբերում է բոլոր կուսակցություններին, որոնք մինչ այժմ իրենց կաբինետներում կառուցել են ապահով, բարգավաճ, օրինաց և այլ հայաստաններ: Ազգային գաղափարախոսություն չունենալով, դրանք որևէ օգտակար բան չեն բերում մեր հասարակություն՝ ինչպիսի լոզունգներ էլ որ գրեն իրենց դրոշի վրա նրանք, որ ղեկավարում են երկիրը, կամ նրանք, որ հավակնում են դրան:
Ինչպես ասվեց վերևում, իշխանությունները այս նախընտրական ժամանակահատվածում ոչ թե երկրի առաջ կանգնած բարդագույն խնդիրներից թեկուզ մի քանիսի ընտրությամբ, դրանց լուծման իրենց տեսակետով և անելիքների հանգամանալից ու հիմնավորված ճանապարհներով են ներկայանում, այլ հախուռն, անգամ տրամաբանական մի շղթայի մեջ չտեղավորվող գործողություններով: Վարչապետին փոխեցին՝ կանխավ նրան հաստատելով որպես տնտեսական բարեփոխումների խորհրդանիշ: Ահա քանի՜ տարի մենք քանդեցինք, ավերեցինք երկրի տնտեսությունը, գործարար միջավայրը, համատարած դարձրինք արտագաղթն ու չքավորությունը և հիմա, նախընտրական այս կարևոր պահին հասկացանք, որ մեզ բարեփոխումներ են պետք: Անցած ժամանակահատվածում մենք մեկը մյուսից փայլուն քանի՞ վարչապետ ենք ունեցել, և նրանցից յուրաքանչյուրը իր պաշտոնավարման համար մեզ սարեր է խոստացել: Բոլորին ճանապարհելիս նախագահը շնորհակալություն է հայտնել կատարած բեղմնավոր աշխատանքի համար: Նրանցից ոչ մեկը չի ազատվել պաշտոնից այս կամ այն կարևորագույն խնդիրը ձախողելու համար: Եվ այժմ պարզվում է, որ այս պաշարով ընտրությունների գնալը կարող է վտանգավոր լինել և չարդարացնել հույսերը: Նոր վարչապետը, որ նախընտրական ծանր իրավիճակում պետք է դառնա իշխանությունների դեմքը պարզերես անողը, նախ՝ չունի այն լիազորությունները, որոնք պետք են իրական, ռադիկալ փոփոխությունների համար: Երկրորդ՝ լիազորությունների պակասը նա փորձում է լրացնել իր անձնական կապերի և դրսից նրան արվող օժանդակության հաշվին: Իսկ դա, բնականաբար, դուր չի գալիս շատերին: ՈՒ ամենևին էլ պատահական չէր, որ նրան կառավարելի դարձնելու համար ընդունեցին կուսակցություն, անգամ՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեցին: Պատահական չէին նախագահի խոսքերը այդ իրադարձության վերաբերյալ: Կարծես հատուկ նա ընդգծում էր, որ ինքը թույլ չի տա ինքնագործունեություն կուսակցության շարքերում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, այլ շահերով համատեղված մարդկանց խումբ, կառավարման խիստ հիերարխիայով (քանի դեռ հաջողվում է): Պետք է առանձնացնել, որ վարչապետը բավականին ջանք է ներդնում իր գործում հաջողություն ունենալու համար, և նրա յուրաքանչյուր փոքր ձեռքբերում ժողովրդի համար նկատելի է և արժեք ունի: Բայց դրանց հաջողությունը կլինի շատ սահմանափակ՝ տնտեսության ստեղծման հայեցակարգի բացակայության պատճառով: Ոչ կուսակցությունն է վարչապետին ներկայացնում այդ հայեցակարգը, որպես գործունեության ուղեցույց, ոչ էլ վարչապետն է այդպիսի փաստաթուղթ դնում կուսակցության քննարկմանը: Ամեն ինչ՝ բանավոր խոսակցությունների մակարդակով: Իսկ ավելին չի էլ կարելի սպասել, որովհետև դա արդեն նշանակում է իշխանական կլանի շահերի ոտնահարում: Աշխատում են խոսել հնարավորինս շատ, ասել հնարավորինս քիչ: Խոստումներ, հավաստիացումներ, վստահեցումներ (այսօրվա լրագրության նախասիրած բառապաշարով):

Անում և ցուցադրում են այնպիսի բաներ, որ պիտի արվեր հընթացս, առանց ճչացող գովազդի, կամ պիտի արված լիներ մի ութ տարի առաջ: Բաներ, որոնք իրականացման առումով բարդություն չեն ներկայացնում և արդյունքն էլ այնքան զգալի չի լինելու: Պարզապես մարդկանց համար ութ տարի ոչինչ չեն արել, հիմա նախագահը գնում է գյուղ և ասում՝ այսօրվանից ձեր գյուղը սահմանամերձ գյուղ է, դրանից բխող հետևանքներով: Եվ մարդիկ ցնծում են: Իհարկե այդ բանն անելու համար այնտեղ հասնել էլ պետք չէր:
Իջևանում կառուցված ՊԵԿ ուսումնական կենտրոնը նվիրում են պաշտպանության նախարարությանը Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը այնտեղ տեղափոխելու համար: Լավ է: Բայց ի՞նչը նրանց ստիպեց դիմելու այդ քայլին, եթե ոչ նախընտրական գովազդը: Պաշտպանության նախարարը հայտնի ծրագրի համար Ազգային ժողովի համաձայնությունն էր խնդրում ժողովրդից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ հավաքելու համար, այն դեպքում, երբ ՊԵԿ-ն այդ «ուսումնական կենտրոնը» կառուցելու վրա ծախսել էր 24 միլիարդ դրամ գումար՝ բյուջեից: Առանց երկրի բարձրագույն իշխանության գիտության և համաձայնությա՞ն:


Գազի և էլէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ իմ տեսակետը արտահայտել եմ, չեմ ուզում կրկնել: Չնայած առերևույթ հրաժարվեցին արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի միլիարդներից, բայց այդպես էլ հանրությանը չտեղեկացրին, թե այն օպերատորը, որ շարունակելու է իրականացնել այդ աշխատանքների կառավարումը, որպես հատուցում արդյունքի ո՞ր տոկոսին է հավակնում: Քաղաքացին հե՞շտ է աշխատում այդ դրամը, որ նրանից այդքան հեշտությամբ գրպանում են, շատ հաճախ ավելացնելով նաև հարկադիր կատարողի և դատական հայցի վրա ծախսվող գումարները նույնպես՝ դրան ծառայեցնելով ողջ դատաիրավական համակարգը: Ճանապարհային ոստիկանությունը և բանկերը բավարար են դատական ակտերի հարկադիր կատարողների խելամիտ հաստիքակազմը կրկնապատկելու և եռապատկելու համար: Իսկ դրանք ո՞ւմ միջոցներով են պահվում և ո՞ւմ հաշվին, անհրաժեշտ ծախսերի ծավալը որքա՞ն է գերազանցվում, ի՞նչ գումարներ են քամուն տրվում: Այն, որ բյուջեի գումարները ոչնչի չեն բավականացնում, տեսնում է նաև վարչապետը: Այլ ճանապարհ չունենալով (չկարողանալով վերացնել մենաշնորհներն ու տանիքները), նա համատարած խնայողության արշավ է սկսել՝ միավորելով որոշ կառույցներ, կրճատելով բազում անիմաստ, միմյանց կրկնող հաստիքներ, գործողներին հարկադրելով խնայողության: Սա էլ զավեշտի է հասնում. առողջապահության նախարարը 2 միլիարդից ավելի գումար է խնայում այն դեպքում, երբ պետպատվերով կատարվող ծառայությունների ծավալի թերակատարում ունեն գումարների բացակայության պատճառով: Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարը խնայում է այն դեպքում, երբ ճանապարհների ձմեռային սպասարկում չի կատարվում գումարների բացակայության պատճառով: Երկու դեպքում էլ այդ խնայողությունները դառնում են մարդկային ողբերգությունների պատճառ: Բայց սրանք ընդամենը նախընտրական պղտոր ջրերից դուրս ցցված այսբերգի մի փոքր եզրն են: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է քաղաքացին, ընտրողը հետընտրական վարդագույն իրականություն պատկերացնել ներկա իշխանությունների վերընտրման դեպքում, եթե այն, ինչ խոստանում են հաջորդիվ, կարող էին, բայց չեն արել բազում տարիներ առաջ: Իհարկե՝ ոչ: Հուսալ, ըստ այդմ՝ ձայնը տալ ներկա իշխող կուսակցությանը, մանկամտություն է: Միանշանակ եզրակացությունն այն է, որ ներկա իշխանություններն իրենց շահը գերադասում են երկրի, ժողովրդի շահից և դա՝ ընդմիշտ: Մենք իրավունք չունենք մեր իշխանությունների նման մտածելու, թե քանի որ սահմանին կանգնած մեր զինվորն ու սպան իրենց կյանքը չեն խնայի, թույլ չեն տա թշնամուն մտնել մեր հողը, ավերել երկիրը, բնաջնջել ժողովրդին, ապա մենք դեռ կաշկանդված չենք, դեռ կարող ենք գործարքների մեջ մտնել իշխանության հետ, ձայն վաճառել կամ նվիրել իշխանության թեկնածուին՝ որևէ կերպ արդարացնելով այդ քայլը: Բայց դա դավաճանություն է: Եվ արդարացում չունի: Այնպիսի տպավորություն չպիտի ստեղծվի, որ ողջ խնդիրը, թե ով է լինելու իշխանություն կամ ով ինչ ներկայացվածության կարող է հավակնել ապագա խորհրդարանում, լուծվում է այսօրվա միջկուսակցական պայքարում: Ով մեծ ատամներ ցույց կտա, ով ավելի խորամանկ, շրջահայաց, ճկուն կլինի դաշինքներում ներգրավվելու, դրանցից խուսանավելու, ճիշտ ժամանակին իշխանական ուղերձներն ընկալելու և դրանց հետևից գնալու ընդունակություն կդրսևորի, նա էլ ջրի երես դուրս կգա: Այն կուսակցությունները, որ խոսում են դաշինքների մեջ մտնելու, բանակցելու, քննարկելու մասին, ի՞նչ նկատի ունեն: Այդ կուսակցությունների թիկունքում քանի՞ իրական ընտրող կա այժմ և դրանց տեղափոխությունները մի դաշինքից մյուսը, կամ համախմբումը քանի՞ ընտրողի տեղաշարժ է նշանակում այս գոտուց դեպի մյուսը: Ո՞Ւմ են խաբում նրանք: Միմյա՞նց, իրենք իրե՞նց: Թե պարզապես չեն կարող դուրս գալ մի խաղից, որն իրենց ձեռնտու է և, որից բացի, այլ բան անել չեն կարող:


Ո՞վ է կանգնած մյուս կողմում: «Միջին վիճակագրական» քաղաքացի՞ն, «միջին վիճակագրական» ընտրո՞ղը: Նա, ում հարկի-անհարկի միջինացնում են, միջին վիճակագրական բնութագրեր չունի: Յուրաքանչյուր ընտրող մի անհատ է իր անցյալով, իր նպատակներով և ապագայի մասին իր պատկերացումներով, իր սկզբունքներով, քաղաքացիական իր կողմնորոշումով: Մենք իրավունք ունե՞նք չնայելու նրա աչքերի մեջ, իրավունք ունե՞նք չնկատելու այն հուսախաբությունն ու վախը ապագայի նկատմամբ, որ չլուծվող նստվածք է տվել մեր «միջին վիճակագրական» քաղաքացու աչքերում: Ո՞վ պիտի պատասխան տա այդ քաղաքացու շվարած կեցվածքի, կոր հայացքի համար: Իհարկե ոչ-ոք չի ասելու՝ «Այդ ես եմ... Ես ընդունում եմ իմ մեղքը և խնդրում եմ՝ ինձ դատեք օրենքի ողջ խստությամբ»: Բայց կա այդ մեկը: Իհարկե, դրանք մեկն էլ չեն, մի քանիսն են: Եվ գիտենք էլ՝ ովքեր են: Եվ գիտենալ է պետք, հասկանալ, որ նրանցից ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի: Հուսալ, թե այս անգամ նրանք իրեց միջոցները, ողջ անձնական ու իշխանական հնարավորություններն ի սպաս կդնեն մեր այս մութ օրը լուսավորելուն՝ միամտություն էլ չէ, դա պարզապես կարճատեսություն է, ոչ՝ դա քաղաքական կուրություն է:


Խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է 2017 թ. ապրիլի երկուսը: 2016 թ. այդ օրը մեր զինվորները պատվով պաշտպանեցին մեր հողը, իրենց դիրքերը, ընկան՝ չհանձնվեցին: Դրսևորեցին բարձր ոգի, հաղթանակի կամք: Հավանաբար, ըստ իշխանությունների, դա իրենց ծառայությունն է, իրենց ձեռքբերումը: Ըստ մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, այդ օրերին պարզ երևաց, թե որքան խոր է իշխանական բուրգի այլասերումը, որ երկրի պաշտպանունակության, սահմանը պահող զինվորի կյանքի անվտանգությունն ապահովելու խնդիրները նույնպես ծառայեցվում են իշխանության շահերին: Տեսանք մեր դիրքերի նյութական ապահովության աստիճանը, զինվորին հանկարծահաս վտանգից ապահովագրելու միջոցների բացակայությունը տեսանք, թիթեղյա տարաների շարանը տեսանք, որպես «ձայնային ազդանշանային համակարգ»՝ կախված զինվորի հենակետ տանող ճանապարհին: Տեսանք, թե որքան թույլ են մեր իշխանությունները արտաքին ազդակների նկատմամբ, երբ անմիջապես ընդունեցին ՌԴ միջնորդության բացասական ազդանշանը այն պարագայում, երբ մեր զինվորներն արդեն հակագրոհի անցնելու և նոր տարածքներ գրավելու հնարավորություն ունեին: Դադարեցրին առաջխաղացումը այն ժամանակ, երբ թշնամին արդեն լքում էր իր դիրքերը: Որքան էլ ձգտեն ներկայացնել իրենց քայլերը որպես հետագա զոհերից խուսափելու բարի մտադրություն, այն պարզորոշ ցույց է տալիս, թե որքան թույլ են մեր իշխանությունները արտաքին հարաբերություններում:

Այդտեղ վիճակն այնպիսին է, ինչպես սահմանի վրա: Հակառակորդի կամ, ավելի ճիշտ, հակառակորդների չդադարող «կրակոցների», «սահմանային խախտումների» սպառնալիքների ու հոխորտանքների տակ: Մի կարևոր տարբերությամբ: Եթե սահմանին կանգնած զինվորն ամեն պահի պատրաստ է հերոսանալու, ապա դիվանագիտական ճակատի մեր զինվորները կամ դիրքերից շատ հեռու թաքնված են, կամ հանձնում են դիրքերը առաջին իսկ կրակոցից հետո: Կարծես դիվանագիտության մեջ հերոսանալու հնարավորություն չկա և պատճառ էլ չի եղել: Արդյունքը. երկկողմ հարաբերություններում թուլությունը, բազմակողմ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական ծրագրերից դուրս մնալը, մեր երկրի, նրա իշխանավորի նկատմամբ հարգանքի սուր դեֆիցիտը, չորրորդական-հինգերորդական երկրի կարգավիճակը:


Հիմա մենք պիտի հավատա՞նք մեր իշխանություններին, որ մենք 800 հա կորցնելով ավելի շահեկան դիրքում ենք, քան եթե չհամաձայնեինք հրադադարի «առաջարկությանը» և առաջ գնալով նոր դիրքեր գրավեինք: Արդյո՞ք հնարավոր զոհերն այդ դեպքում հետագա ավելի շատ և ավելի անհեթեթ իրավիճակներում մեր զինվորներին կորցնելու փաստերից մեզ չէին փրկի, չէին վերականգնի մեր երկրի հեղինակությունը, չէին կոտրի թշնամու ցինիկ հռետորաբանությունը, չէին թուլացնի նրանց իշխանության դիրքերը թե՛ իրենց երկրի ներսում, թե՛ բանակցությունների սեղանի շուրջը: Այն, ինչ արեցին մեր զինվորներն ու սպաները չորս օրում, մեր դիվանագիտության ղեկավարությունը կարճ ժամանակում ավելցուկով վերադարձրեց թշնամուն:


Ի՞նչ ունենք հանրագումարում: Իշխանական կուսակցություն՝ նույնն է թե իշխանություն իր ողջ կառավարման և վերահսկման ապարատով, բանակային հրամանատարությամբ: Այդ հնարավորությունների ուժն ու անբեկանելիությունը հարաբերական են, և պետք չէ գերագնահատել: Չէ՞ որ թե իշխանության ապարատում, թե բանակում մենք ենք, մենք՝ մեր ոչ իշխանական նպատակներով ու մտադրություններով, սերունդների առաջ մեր պատասխանատվությամբ: Կարող ենք, չէ՞, վերջապես ունենալ սեփական երկրի վրա սեփական ճակատագիրը գրելու հնարավորությունը:


Վերջապե՛ս: Ապրիլյան մի քանի օրերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մենք մեծ ուժ ենք, եթե համախմբված ենք: Բայց պարբերաբար այնպես է լինում, որ մենք համախմբվում ենք միայն այն ժամանակ, երբ արտաքին սպառնալիքն է կախվում մեր ժողովրդի գլխին: Եվ մենք համախմբվում ենք՝ պատրաստ մահվան, ամեն վայրկյան պատրաստ հերոսանալու մահվամբ:
Իսկ կարո՞ղ ենք մենք համախմբվել հանուն կյանքի: Ընդդեմ ներքին սպառնալիքի, որ սև խոռոչի պես դանդաղորեն ներքաշում է մեր երկիրը դեպի չգոյություն: Առանց կռվի, առանց բռնության և առանց մահերի համախմբվել՝ հանուն մեր երկրի վերածնման հնարավորության, հանուն իսկապես որակյալ կյանքի:

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ