Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ստեղծվում են իրավիճակային դաշինքներ, որոնց խնդիրը խորհրդարան մուտք գործելն է

Ստեղծվում են իրավիճակային դաշինքներ, որոնց խնդիրը խորհրդարան մուտք գործելն է
20.01.2017 | 00:37

Այն պահից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց խորհրդարանական ընտրությունների օրվա մասին հրամանագիրը, մեկնարկեց նախընտրական պայքարի պաշտոնական մասը։ Ցուցակների կազմման, դաշինքների ձևավորման ժամկետը փետրվարի 6-ից մինչև փետրվարի 15-ն է, ուստի հնարավոր գործընթացներն ավելի տեսանելի են դառնում։

Նախընտրական շրջանում իշխանական հատվածում կարծես թե ամեն ինչ ընդգծված հասկանալի է. կա դեռևս անցած տարվանից ձևավորված իշխանական կոալիցիա։ Դաշնակցականների և հանրապետականների հիմնական նպատակը, բնականաբար, կայուն մեծամասնություն կազմելն է, ինչին էլ միտված են նրանց բոլոր ջանքերը։ Այս առումով ՀՀԿ-ի մոտ շատ լուրջ, բայց գոնե անլուծելի խնդիրներ չկան։ Իշխանական դաշտում խնդիրները հավանաբար ավելի շատ ՀՅԴ-ին են առնչվում, քանի որ դաշնակցականները, բոլոր գնահատականներով, անցողիկ շեմը հաղթահարելու լուրջ խնդիր ունեն. ինչպես ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես, Վանաձորում և Գյումրիում կայացած ընտրությունները, դաշնակցությունը բավականին ցածր վարկանիշ ունի։ Տարբեր գնահատականներով, միջինում նրանք ունեն մոտ 2-3 տոկոս ներուժ, և դժվար թե ՀՀ այլ տարածաշրջաններում նրանց վարկանիշը, որոշակի բացառությամբ, էապես տարբերվի։ Այս համատեքստում իշխանությունը կարծես խնդիր ունի դաշնակցության հետ և պետք է այդ հարցը լուծի կայուն մեծամասնություն ապահովելու համար, որը, ըստ Սահմանադրության, պետք է լինի 54 տոկոս։


Ի սկզբանե էլ պարզ էր, որ շատ ավելի լուրջ է վիճակը ոչիշխանական սեգմենտում։ Կարծես թե նախապատվությունն ավելի շատ տրվում է դաշինքային ձևաչափին։ Իհարկե Հայաստանի ընտրական գործընթացներում դաշինքը նոր երևույթ չէ, վաղուց՝ 1995-ից սկսած, դաշինքային ֆորմատով և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցություններ շատ են եղել։ Սակայն այս անգամ շատ ավելի շեշտադրված է այս տարբերակը։ Ոչիշխանական դաշտում այս մոտեցումը մի քանի պատճառներ ունի։ Նախ՝ երևի թե ՀՀ անկախության ամբողջ պատմության ընթացքում այս ընտրություններին ընդդիմադիր դաշտում չի նշմարվում ընդգծված առաջնորդ, ոչ միայն առաջնորդի որակներ ունեցող քաղաքական գործիչ, այլև քաղաքական ուժ, կուսակցություն, որն ակնհայտ առավելություն ունի մյուսների նկատմամբ և կարող է լոկոմոտիվի դեր խաղալ այդ գործընթացներում։ Երկրորդ՝ չկա ինստիտուցիոնալ կուսակցություն, որը կունենա ուժեղ և գործող կառույցներ մարզերում, բոլոր բնակավայրերում, կադրային ռեսուրսներ։ Եվ, ամենայն հավանականությամբ, ինչպես միշտ, առկա է ավանդական խնդիրը՝ ֆինանսների բացակայություն, ինչը կարևոր նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում։ Այլ խոսքով ասած՝ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, առանձին-առանձին վերցրած, ինքնաբավ չեն։ Բացի այդ, ակնհայտ է, որ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, չունի նաև աշխարհաքաղաքական լուրջ աջակցություն, ինչը մեր տիպի երկրներում, ուզենք թե չուզենք, ավանդաբար մեծ նշանակություն ունի։ Նույնիսկ ավելին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո պատահական չէ մամուլում հայտնված ինֆորմացիան, թե Հայաստանում արևմտյան որոշ դեսպանատներ, որոնք սովորաբար ընտրությունների ընթացքում աջակցություն են ցուցաբերում իրենց պրոյեկտներին, այս անգամ գուցե նույն եռանդով ու նույն ծավալի աջակցությամբ հանդես չգան, քանի որ որոշակի անորոշություն կա Արևմուտքի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ։ Բնականաբար ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի սպասումներ կան, որոնք դեռևս հստակեցված չեն։


Այս համատեքստում ոչիշխանական ուժերը, հասկանալով, որ ոչ մի պարագայում, ո՛չ ֆինանսական, ո՛չ ներքին քաղաքական, ո՛չ կառուցվածքային, ո՛չ աշխարհաքաղաքական «տանիքի» տեսակետից ինքնաբավ չեն, ընտրում են տրամաբանական լուծում` փորձում են ստեղծել նախընտրական դաշինքներ, որպեսզի կոնսոլիդացնեն իրենց բոլոր տիպի սուղ ռեսուրսները։ Ավելին, հիմա նույնիսկ բանակցում են ոչ այնքան գաղափարական դաշինքների, որքան համագործակցության մասին սկզբունքների շուրջ։ Վերջերս նման մի հայտարարություն արեց Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ի և Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետության» հետ դաշինք ստեղծած դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։ Իրեն սոցիալ-դեմոկրատական քաղաքական սեգմենտում ավանդաբար դիրքավարող կուսակցապետը նշեց, որ այդ դաշինքը ոչ թե գաղափարական է, այլ համախմբված է սկզբունքների շուրջ։ Ասել է թե՝ ստեղծվում են սիտուացիոն դաշինքներ, որոնց խնդիրը խորհրդարան մուտք գործելն է։


Ի դեպ, բազմիցս նշվել է, որ իշխանությունը նույնպես ոչ պակաս շահագրգիռ է, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինի ոչիշխանական ուժերի հնարավորինս մեծ ներկապնակ, ինչն ավելի ձեռնտու է պահել խորհրդարանի պատերի ներքո, քան նրանից դուրս՝ անվերահսկելի վիճակում։ ՈՒստի իշխանությունը փորձում է այդ քաղաքական գործիչներին բերել Ազգային ժողով, իսկ դա ավելի դյուրին է, երբ նրանք ինչ-որ ցուցակով են հանդես գալիս։ Առավել ևս չպետք է մոռանալ, որ, ըստ նոր Սահմանադրության, խորհրդարանի մեկ երրորդը պետք է լինի ընդդիմությունը։ Այսինքն` իշխանությունը շահագրգիռ է, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի իր համար քիչ թե շատ տանելի կամ «հարմարավետ» ընդդիմություն։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, ավանդույթի համաձայն՝ ՀՀ իշխանությունները փորձում են պահպանել նաև աշխարհաքաղաքական տոլերանտություն, այսինքն` պարիտետ աշխարհաքաղաքական բևեռների միջև՝ ոչիշխանական սեգմենտում ապահովելով թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ ուժերի ներկայությունը։


Այս առումով արդեն իսկ ընդգծվում են մի քանի դաշինքներ։ Առաջինը «Ելքն» է, որն արևմտամետ դաշինք է։ Երկրորդը, ինչպես արդեն նշել էինք, Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքն է, որի մեջ համախմբվում են Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն և գուցե «Ժառանգության» մի հատվածը, այսօր դեռևս դժվար է ասել, թե որ թևը, քանի որ այնտեղ շատ լուրջ ներքին խմորումներ են առաջնորդների մակարդակով, ինչը նույնիսկ հղի է կուսակցության դեմոնտաժով։ Այս դաշինքին աջակցելու է Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի «Միասնական Արմենիա» հասարակական կազմակերպությունը՝ իր սփյուռքյան համախոհներով։


Երրորդ նշմարվող կառույցը, որը ֆորմալ առումով դաշինք չէ, բայց բովանդակությամբ կարելի է այդպիսին համարել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակն է լինելու, որտեղ, բացի «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներից, ընդգրկված են լինելու նաև հայտնի քաղաքական կամ անկուսակցական գործիչներ, որոնց ընդհանրությունը ազատական աշխարհընկալումն ու արևմտյան կողմնորոշումն է։ Փաստորեն, այսպիսով մենք ունենք երկրորդ ընդգծված արևմտյան բևեռը։ Այս ուժին խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ է ոչ թե 7, այլ 5 տոկոս ձայն։


Մինչև վերջին օրերը շատ քաղաքական գործիչներ ընդգծում էին առկա անորոշությունը՝ կապված Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու հետ։ Բոլորի համար հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանն այսօր օբյեկտիվորեն գործող երկու քաղաքական գործիչներից մեկն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ միասին, որոնք վարկանիշ ունեն հասարակության շրջանում։ Ծառուկյանն ինքը բավականին մեծ տրամադրություններ ու փոփոխություններ է մտցնում քաղաքական դաշտում։ Այն պահից սկսած, երբ Ծառուկյանը հայտարարեց իր վերադարձի և իր բացակայության ընթացքում դատարկ մնացած տեղը լցնելու մասին, հասկանալի դարձավ, որ շատերի մեջ անհանգստանալու բավականին լուրջ պատճառներ են առաջանում, քանի որ Ծառուկյանը կարողանում է կոնսոլիդացնել բողոքական ընտրազանգվածի մի լուրջ հատված, որը ԲՀԿ նախկին առաջնորդին ընկալում է որպես 2015 թ. փետրվարի Գագիկ Ծառուկյան, որը բավականին արմատական էր տրամադրված։ Հետաքրքիր է, որ նա իր վերջին շրջանի հայտարարություններում անընդհատ ընդգծում էր, որ ինքն արմատական չի տրամադրված և հանրությանը զերծ է պահելու հեղափոխական սցենարներից։ Այս առումով արմատական տրամադրված ընտրազանգվածի մեջ գուցե որոշակի հիասթափություններ առաջանան։ 2017-ի Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, իր տրամադրություններով այլևս 2015-ի փետրվարի բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անող Ծառուկյանը չէ։ Չի բացառվում, որ ծառուկյանական դաշինքում լինի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, որը վերջին մեկ տարում, գաղտնիք չէ, բավականին լուրջ ծառայություններ է մատուցել իշխանություններին։ Խոսքը վերաբերում է թե՛ ապրիլյան պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանի ղարաբաղյան կուրսին, թե՛ հուլիսյան դեպքերի ընթացքում իշխանություններին աջակցությանը։ Ընդ որում, երբ ասում ենք ՀԱԿ, հասկանում ենք նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն։ Չի բացառվում, որ այս քաղաքական ուժն էլ միանա Ծառուկյանին։ Բացառված չէ, որ կմիանա Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը, գուցե նաև՝ ՀԿ-ներ, որպեսզի խոսք լինի լուրջ դաշինքի մասին։ Առաջին հերթին, բնականաբար, խոսքը վերաբերում է հենց Ծառուկյանի «տակ» ստեղծված «Միասնություն» շարժմանը:


Դատելով Ծառուկյանի ելույթից՝ նա փորձելու է ընդդիմադիր սեգմենտում հնարավորինս շատ ձայներ կոնսոլիդացնել, սակայն քանի որ նա լինելու է նույն տիրույթում, ինչ արդեն նշված ոչիշխանական դաշինքներն ու կուսակցությունները, գուցե շատ խոցելի լինի ընդդիմադիր դաշտի մյուս դերակատարների համար։ Շատերը, մանավանդ արմատական ընդդիմադիր հատվածում տեղավորվելու ձգտող գործիչներն ու ուժերը («Ելք» դաշինքը, «Քաղպայմանագիրը» և «Հանրապետություն» կուսակցությունը) հիշեցնելու են նրա կապերն իշխանության հետ, այս կամ այլ իրավիճակում դրսևորած կասկածելի վարքագիծը և այլն։ Չի բացառվում, որ իշխանությունը նույնիսկ ինչ-որ խաղի կանոններ է սահմանել Ծառուկյանի հետ։ Սակայն հնարավոր է, իշխանական տարբեր թևերի համար, որոնք իրար նկատմամբ բավականին կոպիտ են և քողարկված կամ ոչ քողարկված կերպով իրենց ռեսուրսներով, այդ թվում լրատվական, միմյանց դեմ են պայքարում, ձեռնտու չէ ԲՀԿ նախկին ղեկավարի վերադարձը, ուստի նրանք կարող են աշխատել Ծառուկյանի դեմ։


Ամեն դեպքում իշխանությունը Գագիկ Ծառուկյանի վերահսկելիության առումով կարծես բավականին հանգիստ է, քանի որ ժամանակին, ինչպես ասում են, Ծառուկյանի «վախը բռնել է»։ Հասկանալի է, որ վերջինս վախենում է ունեցվածքի, սեփականության կորստից։ Դա ցույց տվեցին 2015-ի փետրվարյան զարգացումները, երբ «օդում հարցեր են կախվում», և նա պատրաստ չէ հանուն քաղաքական իդեալների, նպատակների զոհաբերելու իր կարողությունների թեկուզ մի մասը։ Նա շատ ավելի խոցելի է, քան ժամանակին Իվանիշվիլին` Վրաստանում, ում հետ Ծառուկյանին փորձում էին համեմատել։ Փաստ է, որ Իվանիշվիլու բիզնեսներն ու գումարները դրսում էին, մինչդեռ Ծառուկյանինը՝ հիմնականում Հայաստանում։
Այսպիսով, նախընտրական զարգացումները նոր փուլ են մտել, նոր ինտրիգներ են հասունանում, և ուշ թե շուտ հասկանալի կդառնա, թե իշխանությունը Ծառուկյանի հետ շփման որ տարբերակն է ընտրել՝ համագործակցում է 100 տոկոսո՞վ, թե՞, կանգնելով փաստի առաջ, ուղղակի խաղի կանոններ է սահմանում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ