«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱԺ-ն դառնում է քաղաքական իրադարձությունների հիմնական վայրը»

«ԱԺ-ն դառնում է քաղաքական իրադարձությունների հիմնական վայրը»
09.12.2016 | 00:34

Կառավարությունը երեկ որոշեց դեկտեմբերի 13-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. քննարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են ենթադրվում, հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ։


-Օրենքը հիմնովին փոխվելու է՝ սահմանադրության նոր փոփոխություններին համահունչ։ Մենք անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման ձևին, ինչը նշանակում է, որ հիմնական գործողությունների թատերաբեմը տեղափոխվում է ԱԺ։ Ըստ դրա, պետք է հիմնովին փոխվի կանոնակարգ օրենքը, քանի որ ԱԺ-ն լինելու է ներկայացուցչական մարմին, ձևավորվելու է համապետական ընտրություններով, ընտրելու է ՀՀ նախագահին, ձևավորելու է կառավարությունը, նշանակումներ է անելու տարբեր պետական պաշտոններում։ Մասնավորապես, նշանակելու է ԿԲ-ի անդամներին, վճռաբեկ դատարանի նախագահին, դատավորներին, այլ կարգի պաշտոնյաների։ Այսինքն, իշխանական բուրգի հիմնական ձևավորողը լինելու է ԱԺ-ն, ուստի կանոնակարգ-օրենքը պետք է ի զորու լինի կանոնակարգելու այս բոլոր հարցերը։ Այո, ԱԺ-ն դառնում է քաղաքական իրադարձությունների հիմնական վայրը, սակայն հայեցակարգի ողնաշարը սահմանադրությունն է, և սրանից են բխում մյուս բոլոր պահանջները, ինչը բնական է։ Մեր այս օրենսդրական քայլով սահմանադրության մեջ ԱԺ-ին վերաբերող պահանջները տեղայնացնում ենք կանոնակարգ օրենքով։ Նշեմ, որ ըստ դրա, ոչ միայն վերը նշված պաշտոնյաների ընտրությունը, այլև սկսած սահմանադրական օրենքների 3/5 ձայնով ընտրություններից, վերջացրած իրավունքի ուժով գումարվող կամ քննարկվող բազմաթիվ հարցերը, ինչպես նաև խմբակցությունների կողմից հարցապնդում ներկայացնելու իրավունքը փոփոխվում են։ Սրանք շատ կարևոր գործիքներ են, որոնցով պետք է աշխատի ԱԺ-ն։ Ի դեպ, ԱԺ-ն նոր ձևաչափով ինքն է դառնում վերահսկողը և ընդդիմությունը, քանի որ նրան են վերապահվում բազմաթիվ վերահսկող լծակներ և ֆունկցիաներ։
-Այդ դեպքում, ընդդիմությունը կարող է շատ հարցերում իշխանության հե՞տ լինել։
-Տեսեք, ըստ նոր սահմանադրության, քննարկումը և քվեարկումը պահանջում են 95-ից ավելի ձայն։ Հասկանալով, որ ցանկացած օրենքի ընդունման համար անհրաժեշտ է ապահովել ձայների բարձր շեմ, մենք պետք է այն քննարկենք մեր բոլոր գործընկերների հետ, ստանանք նրանց դրական վերաբերմունքը, որ կարողանանք ապահովել անհրաժեշտ ձայներ։ Սա ավելի ցայտուն կերևա ԱԺ-ի հաջորդ գումարմանը։ Կարծում եմ՝ չի լինի որևէ հարց, որը քննարկման առարկա չդառնա։
-Ի՞նչ եք կարծում, ԱԺ կանոնակարգ օրենքի 2-րդ և 3-րդ ընթերցումները սահո՞ւն կանցնեն։
-Կարծում եմ` այո, քանի որ 1-ին ընթերցման ժամանակ մեր բոլոր գործընկերների բարձրացրած հարցերը քննարկվել են, և փորձել ենք լուծումներ տալ։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ