Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ընդդիմադիրները «ցինիզմ» և «մուրացկանություն» են որակում քաղաքացիներից 1000 դրամ պահելու նախաձեռնությունը

Ընդդիմադիրները «ցինիզմ» և «մուրացկանություն» են որակում քաղաքացիներից 1000 դրամ պահելու նախաձեռնությունը
14.11.2016 | 21:05

Ընդդիմադիր պատգամավորներն այսօր «ցինիզմ» և «մուրացկանություն» որակեցին քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու իշխանությունների նախաձեռնությունը: Խորհրդարանն այսօր սկսեց քննել պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման օրենքի նախագիծը, համաձայն որի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի, վճարվող հարկերից բացի, այսուհետև պետք է նաև իր աշխատավարձից 1000 դրամ հատկացնի հատուկ ստեղծված հիմնադրամին: Կուտակված գումարներից, 2017-ի հունվարի 28-ից հետո ծագած միջադեպերի, տվյալ դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում, զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն, իսկ 2-րդ կարգի հաշմանդամ դարձածները՝ 5 միլիոն դրամ:

Բացի այդ, զինծառայողները կստանան ամսական վճարներ։ Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իշխանության քայլը որակեց մուրացկանություն, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ցինիզմ:
«Հանրությունը չի կիսում այդ կարծիքը, որ պետք է ավելացնել 1000 դրամով հարկային բեռը։ Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից»,- ասաց Փոստանջյանը։ Զուրաբյանն էլ հավելեց. «Ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել այդ քողածածկույթի ներքո։ Դա շատ ցինիկ և վտանգավոր մոտեցում է»։


Խորհրդարանում ներկայացնելով օրենքի նախագիծը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել օրինագծի հետ կապված մտահոգող հարցերը:


«Ես ասեմ, որ ինձ համար չափազանց տրամաբանական են հնչել այս օրերին հնչող կարծիքները, որ այն ընտանիքները, ովքեր ունեն այսօր ժամկետային զինծառայողներ Զինված ուժերում, երևի թե, պետք է չվճարեն այս գումարը։ Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծի մեջ, որովհետև շատ տրամաբանական և շատ ճիշտ առաջարկ է։ Ես լսել եմ և ինքս էլ կարծում եմ, որ այն ընտանիքները, որոնք ունեն ընտանիքում հաշմանդամ, կամ զոհված, նրանք պետք է ակնհայտորեն ազատվեն այս պարտադիր վճարի վճարումից, որովհետև դա և հասկանալի է, և բարոյական, և տրամաբանական, և մենք բաց ենք նման բոլոր քննարկումների համար»,- ասաց Սարգսյանը։ Նախարարը ընդգծեց, թե չէր ցանկանա, որ այս օրենքի նախագիծը մարդկանց տարբեր ճամբարների բաժաներ, միմյանց պիտակավորելու առիթ դառնար: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, թե ինքն այս ամենում որևէ շահադիտական նկատառում չունի։


Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ բյուջեի հաշվին չի արվում այս քայլը, պաշտպանության նախարարն ընդգծեց, թե դա կդիտվեր պոպուլիստական քայլ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եվ բացի այդ, ըստ նախարարի, բյուջեն նման ծախսերի հնարավորություն չունի:


Ինչ վերաբերում է թերևս վերջին շրջանում ամենաշատ քննարկված հարցին, որ ոչ թե ժողովրդի վրա լրացուցիչ բեռ դնելու միջոցով պետք է օգնել զինծառայողներին, այլ՝ պետությունից գողացված գումարները հետ բերելու ճանապարհով, Վիգեն Սարգսյանը ընդգծեց՝ «եթե գողություն կատարած անձինք կան, նրանք պետք է պատժվեն»: «Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները, որոնք, ոմանց կարծիքով, թալանված, ոմանց կարծիքով, ոչ արդյունավետ օգտագործված, ոմանց կարծիքով էլ, իրենց պատկերացմամբ հնարավորինս արդյունավետ օգտագործված, պետք է հետ բերել, և դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար», - ասաց նախարարը՝ շարունակելով. «ՈՒզում եմ շատ ազնիվ և բաց ձեզ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, եթե Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն և անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը։ Խորապես վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է՝ և ոչ միայն իրավական, այլև բարոյական և բազմաթիվ այլ պատճառներով։ Բայց, եթե այդպիսիք կան, նրանք իհարկե պետք է պատժվեն, և այդպիսի գումարները, իհարկե, պետք է վերադարձվեն, բայց դրանք պետք է վերադարձվեն, ոչ թե կոնկրետ մի ծրագրի տակ, այլ պետք է վերադարձվեն ինչպես կարգն է, պետական բյուջե, կատարվի պետական բյուջեի նոր պլանավորում, Ազգային ժողովը հաստատի այդ բյուջեն և մենք գնանք առաջ»։

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ