«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԿԸՀ-ն քաղաքական մարմին չէ, ԿԸՀ-ն ընդամենը գործիք է ընտրությունների արդյունքները ամփոփելու»

«ԿԸՀ-ն քաղաքական մարմին չէ, ԿԸՀ-ն ընդամենը գործիք է ընտրությունների արդյունքները ամփոփելու»
06.10.2016 | 12:07

Երեկ ԱԺ-ում ԿԸՀ նախագահի և անդամների նշանակման հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ գործընկերներին հիշեցնելով՝ ինչ հարց են քննարկում.

«Երեկ և այսօր մենք բարեհաջող խոսեցինք անկախ Հայաստանի պատմության համարյա բոլոր ընտրությունների, ընտրողների ու ընտրվողների մասին: Գրեթե մոռացանք օրակարգի հարցը ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշումը՝ ԿԸՀ նախագահ առաջադրել Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Քննարկման ընթացքում մեր գործընկերները անընդհատ փորձում էին քաղաքականացնել ԿԸՀ-ի գործունեությունը, և սրան ուզում եմ հատուկ անդրադառնալ, քանի որ քաղաքական դիրքորոշումների տարբերություն կա:


Այո, եղել են ձեր ասած ժամանակները, երբ հանձնաժողովը քաղաքական խաղացող էր, մեր դիրքորոշումների տարբերությունն էլ սա է՝ ԿԸՀ-ն քաղաքական մարմին չէ,
ԿԸՀ-ն ընդամենը գործիք է ընտրությունների արդյունքները ամփոփելու և հանրությանը ներկայացնելու համար:
Կարմիր թելի նման այս քննարկումների ընթացքում անցնում էին քաղաքական թեմաները, քննարկումները զգալի մասով առնչվում էին Ընտրական օրենսգրքի խնդիրներին: Իհարկե, Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ քննարկումների է ենթարկվել այս դահլիճում և հիմա ևս բոլոր հարցերը քննարկելի են, բայց միանշանակ է, որ ԿԸՀ-ն կարող է և պետք է գործի միայն գործող իրավական կարգավորումներին համապատասխան, բոլոր գործողությունները պիտի համապատասխանեն գործող ԸՕ-ին:


Երեկ այստեղ հնչած բազմաթիվ հարցերին ուզում եմ պատասխանել՝ հանձնաժողովի լիազորությունները սահմանված են հստակորեն, իր լիազորություններից և իրավասություններից դուրս գործողություններ հանձնաժողովը կատարել չի կարող: Թող պարոն Մուկուչյանն ու ԿԸՀ անդամները չնեղանան, բայց նրանց գործունեությունն ընտրությունների արդյունքների վրա չունի ու չի կարող ազդեցություն ունենալ: Սա հիմնականն է, որ պետք է հիշենք:


Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս քննարկման վրա ազդեցություն ունեցան ՏԻՄ ընտրությունները, որ քաղաքականացրին մթնոլորտը, ԿԸՀ նախագահի ընտրությունը դարձավ կիրակի օրն անցկացված ընտրությունների ընթացքի ու արդյունքների վերլուծություն: Լսեցինք բազմաթիվ դեպքերի մասին, որոնց պաշտոնական բողոքարկում չկա, տասնյակ ահազանգեր, որոնց հետևից ինքներդ գնացել, բայց ոչինչ չեք հայտնաբերել՝ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց բարձրաձայնում ենք, նոր կասկածներ առաջացնում ու հասարակական կարծիք ստեղծում: ՈՒ մեղադրում՝ ում ասես. Լավ օրինակ տվեց Նիկոլը՝ տղամարդկային մոտեցման:


Հավատացնում եմ բոլորիդ, որ Տիգրան Մուկուչյանը ոչ ձեր հաջողությունների համար է պատասխանատու, ոչ էլ, առավել ևս, անհաջողությունների: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք որոշում են փոխել իրենց վարչությունների կազմը, ԿԸՀ նախագահի հետ դա ոչ մի կապ չունի:
ՀՀԿ-ն քաղաքական դաշտում առանցքային ուժ է՝ ընդունեք այս իրողությունը և աշխատեք ընտրողի հետ, որ ստանաք նրա ձայնը՝ սա է ճանապարհը, որ ես չեմ հնարել, դուք չեք հնարել, ընտրությունների տրամաբանությունն է:


Տիգրան Մուկուչյանը աշխատել է հինգ տարի և ինչպես ինքն է ասում՝ հրապուրված չէ նախագահի իր աշխատանքով: Կարծում եմ՝ վատ է, որ հրապուրված չէ, հրապուրանքը բոլորովին էլ մերժելի չէ աշխատանքի մեջ: Ավելին՝ ինձ թվում է, որ նա պիտի հրապուրված լիներ իր աշխատանքով ու այդ հրապուրանքը տարածեր հանձնաժողովի մյուս անդամների վրա:


Մենք ունենք լրջագույն համապետական ընտրություն՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Ընտրական օրենսգրքի բարեփոխումներից՝ ընտրությունների կազմակերպման օրենսդրական կանոններն ապահովելուց հետո, ԿԸՀ-ի ընտրությունը այդ ճանապարհի հերթական քայլն է, քայլ դեպի ժողովրդավարական չափանիշներով ընտրություն:


Ընտրական օրենսգիրքը սահմանեց նոր կանոններ և ես կարծում եմ, որ երեկ ու այսօր մենք ավելի շատ պիտի քննարկեինք այն հարցը, թե պատրա՞ստ է արդյոք ԿԸՀ-ն այդ կանոններով ընտրության արդյունքների ամփոփմանը:
Ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որը պարունակում է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով ամրագրվել են նորովի մոտեցումներ, որոնք էլ պահանջում են աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների ու մոտեցումներ: Պատրա՞ստ է ԿԸՀ-ն դրան: Ի՞նչ անենք մենք, որ աջակցենք ԿԸՀ-ին, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ժամանակ ու հնարավորություն ունենան ծանոթանալու նոր կարգերին ու որոշումներին:


Երեկ պարոն Մուկուչյանը խոսեց Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կազմակերպված ուսումնական դասընթացների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար, տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց կազմակերպչական աշխատանքների իմաստով համարյա հավասար էին համապետական ընտրությունների և այժմ էլ անհրաժեշտ է անմիջապես սկսել ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, բայց մենք նրան համարյա նման հարցեր չտվեցինք:


Մենք բոլորս այստեղ անցել ենք բազում ընտրությունների միջով, թույլ տվեք ասել, որ նաև թրծվել ենք ընտրական ու հետընտրական գործընթացներում:
Հիշեք ձեր փորձը ու անկեղծորեն ընդունեք, որ մեղադրանքները, որ հնչեցվում են ԿԸՀ-ի հասցեին, ոչ իրավական, ոչ էլ տեխնիկական հիմքեր չունեն: Որ այս տարիների ընթացքում բոլորիս՝ և մեր, և ԿԸՀ-ի, և ընտրական գործընթացների բոլոր մյուս մասնակիցների աշխատանքների, նաև, ինչու չէ, ընտրողների շնորհիվ, և հատկապես իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ ընտրական գործընթացները էականորեն կատարելագործվել են:
Որ շատ նեգատիվ երևույթներ, որ հայտնի են եղել տարիներ առաջ, քայլ առ քայլ հեռանում են մեր կյանքից, որ էականորեն բարելավվել են ընտրական վարչարարությունը, գործընթացների թափանցիկությունը, օպերատիվությունը և այլն, նաև պարոն Մուկուչյանի և հանձնաժողովի անդամների աշխատանքի արգասիքն է: Նկատեք, որ թե մեր քննարկումների ընթացքում, թե ընտրությունները դիտարկող բազմաթիվ ներքին և արտաքին մասնագետներից ոչ մեկը երբևիցե կասկածի տակ չի առել ԿԸՀ-ի ղեկավարի և անդամների բարձր պրոֆեսիոնալիզմը:


Իսկ քաղաքական հարցերը, կրկնում եմ, պետք է լուծել ընտրողների, ոչ թե ընտրության արդունքները հավաքող ու ներկայացնողի հետ:
Եվ քանի որ շատերը հարցը տարան քաղաքական հարթություն և ԿԸՀ նախագահի ու անդամների ընտրության հարցը վերածեցին իրենց անձնական ու կուսակցական պատմության վերլուծության, ուզում եմ մեր քաղաքական ուժերին հորդորել՝
մինչև խորհրդարանական ընտրությունները բավարար ժամանակ կա՝ ներքին աուդիտ անցկացրեք ու հաշվարկեք ձեր ցանկություններն ու հնարավորությունները: Օբյեկտիվ հաշվարկեք, որ հետո ոչ ՀՀԿ-ին, ոչ ԿԸՀ-ին չմեղադրեք ձեր չստացած քվեների ու ուրիշների ստացած քվեների համար:


Որպեսզի հետո ելույթի համար ձայն չխնդրեմ, միանգամից ասեմ նաև, որ մեծ հարգանք ունեմ հանձնաժողովի անդամների նկատմամբ, ում ճանաչում եմ երկար տարիներ՝ Սեյրան Շահսուվարյանին, Արմեն Սմբատյանին, մյուս գործընկերներին և հորդորում եմ քվեարկել նրանց օգտին»։

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ