«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչու են ԱԺ աշխատակիցներից գումար գանձում

Ինչու են ԱԺ աշխատակիցներից գումար գանձում
17.05.2016 | 22:29

Այն, որ Հայաստանում համատարած անվստահության մթնոլորտ կա, նորություն չէ: Բայց քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դրա չափաբաժինն ահռելի է: Դրա վկայությունն էլ այն է, որ այս օրերին սփյուռքի և Հայաստանի քաղաքացիները խիստ կասկածանքով են բանակին գումարներ փոխանցում՝ մտավախություն ունենալով, որ այն հասցեատիրոջը չի հասնի:
Մեր տեղեկություններով, սփյուռքում այս առումով բավականին անհարմար վիճակ է ստեղծվել: Շատերը նախկինի պես ցանկություն ունեն օգնելու, բայց մատը մատին չեն տալիս, որովհետև վստահություն չունեն, որ այդ գումարները նպատակակետին են հասնելու: Սա է պատճառը, որ կտրուկ նվազել է գումարների հոսքը արտերկրից:


«Իրատեսն» իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սփյուռքահայ շատ մեծահարուստներ ցանկանում են գումարը տեղ հասցնել կամ էլ պաշտպանության նախարարությունից ցուցակներ են պահանջում, թե ինչի պակաս ունի բանակը: Գնում են անհրաժեշտ պարագաները և տալիս զինված ուժերին:


Ներսում էլ ոմանք փորձում են բանակի անվան տակ գումարներ գանձել աշխատակիցներից: Մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը փորձում է սեփական «հիմնադրամը» ստեղծել ԱԺ-ում, որը, իբր, պետք է բանակի համար գումարներ փոխանցի: Նրա գրությամբ ԱԺ-ի ողջ աշխատակազմին բաժանվել է ձևաթուղթ, որտեղ նշված է. «Հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու համաձայնությունը 2016-ի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հակամարտության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով ԱԺ աշխատակազմի կողմից բացված հաշվեհամարին փոխանցելու ներքոհիշյալ աշխատակիցների յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի մեկ տոկոսը»: Ընդ որում՝ այս հայտարարությունն արված է, այսպես ասած, անժամկետ, այսինքն՝ խորհրդարանի աշխատակիցները չգիտեն՝ քանի ամիս է պահվելու իրենց աշխատավարձի մեկ տոկոսը: Ասել է, Հայաստանում չկա կառավարություն, համապատասխան պետական ինստիտուտներ, բոլոր հարցերը լուծվում են շարքային քաղաքացիների միջոցով ու հաշվին: «Եթե այլ խնդիրներ չդիտարկենք, ապա սա հոգեբանական, բարոյական մեծ ճնշում է: Եթե թողնեն մարդկանց հայեցողությանը, գուցե ավելի շատ փոխանցեն, ինչո՞ւ են պարտադրում, ի՞նչ խնդիր կա: Եթե անձամբ կառավարության ղեկավարն ասում է, որ մենք բանակի հետ կապված ֆինանսական խնդիրներ չունենք, Հրայր Թովմասյանն ինչո՞ւ է որոշում, որ շարքային քաղաքացիների հաշվին պետք է բանակ պահել: Լավ, տվեցինք այդ գումարը, ո՞վ է հետամուտ լինելու դրա փոխանցմանը, ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու, թե ուր են գնում մեր գումարները: Երբ քսան տարի շարունակ բողոքում ենք ինչ-ինչ խնդիրներից, ասում են` բանակ ենք պահում, պարզվեց՝ ոչ մի բանակ էլ չեն պահում»,- դժգոհեցին ԱԺ աշխատակիցները:


ՈՒշագրավ է, որ ռազմական գործողությունների օրերին ԱԺ-ն բանակի համար արդեն մեկ անգամ բավականին կլորիկ գումար հանգանակել է: Հետաքրքիր է՝ Հրայր Թովմասյանի գլխո՞ւմ է նման միտք «փայլատակել», թե՞ նրան հուշել են այլ օղակից: Ամեն դեպքում, պետք է պարզել այս գաղափարի «կնքահորը» և հարցնել` հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն ո՞վ պետք է ցուցաբերի` շարքային քաղաքացի՞ն, թե՞ պետությունը: Այլապես ստացվում է, որ մենք պետություն չունենք, և միակ հույսը քաղաքացու ինքնակազմակերպումն է: Եթե սա է ճշմարտությունը, գոնե ազնվորեն ասեն ու թողնեն գնան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ