«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կմտնի՞ այս խորհրդարանը պատմության մեջ

Կմտնի՞ այս խորհրդարանը պատմության մեջ
06.05.2016 | 01:33

Կառավարությունը երեկ հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի եզրակացության նախագծին, հաջորդ քայլը պիտի անի ԱԺ-ն: Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: Բաքուն արդեն հասցրել է լավ ողբալ, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից ու ավելորդ է դարձնում Մինսկի խումբը: Ո՞վ էր տարիներով Մինսկի խմբի դեմ պայքարում, անարդյունավետ անվանում, ձևաչափը փորձում փոխել՝ Գերմանիային ու Թուրքիային ներգրավելով:

Նախագահ Սերժ Սարգսյանը թվարկեց երեք պայմաններ, որոնց առկայությամբ Հայաստանը կշարունակի բանակցությունները: Բաքուն փաստացի մերժեց, համանախագահները հիմնականում լռեցին, Երևանը արեց հաջորդ քայլը՝ հաշվի առնելով Ադրբեջանի զորքի ու զենքի կուտակումը շփման գծում: Կառավարության նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որ նաև հարցը պիտի ԱԺ-ում ներկայացնի, ասաց. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ»:


Իհարկե, ԼՂՀ ճանաչման հարցը արդյունավետ դիվանագիտական զսպիչ գործոն է ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց՝ կարճաժամկետ հեռանկարով: Բաքվին չի կարող զսպել ագրեսոր հռչակվելու փաստը՝ ապրիլյան քառօրյա պատերազմով Ադրբեջանն արդեն իսկ համաշխարհային հանրությանը ներկայացել է որպես ագրեսոր, ու՝ ի՞նչ: Հավելյալ զսպիչ մեխանիզմ կարող էր ծառայել փաստը, որ ագրեսիայի դեպքում Բաքուն ինքն է անհնար դարձնում բանակցություններն ու առկախում Մինսկի խմբի գործունեությունը:

Տրամաբանորեն: Բաքուն ապացուցել է, որ վտանգավոր է ապավինել մի երկրի տրամաբանությանը, որի նախագահն Իլհամ Ալիևն է: Սա՝ մեկ, և երկրորդ՝ ի՞նչ պիտի անի ԱԺ-ն, եթե Բաքուն նոր ագրեսիա չձեռնարկի, օրինագիծը պահի մեծ օրակարգում ու սպասի ագրեսիայի՞: Իրադարձությունների զարգացման ընթացքը թելադրում է, որ ոչ: Օրինագծի ընդունման ժամանակ կարող է ծագել մեկ սկզբունքային հարց՝ Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությո՞ւնը, թե՞ ուժի մեջ է մտնում ԼՂՀ ԳԽ 1989-ի որոշումը և ԼՂՀ-ն միանում է ՀՀ-ին: Մյուս հարցերն ընթացիկ են և ցանկացած պատասխան թեական է՝ ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Իսկ այդ հարցին Հայաստանն ու Արցախը միասին պետք է պատասխանեն:


Երեկ ավելի ուշ ԱԳՆ-ն նաև հայտարարեց. «ՀՀ ԱԺ երկու պատգամավորների` ԼՂՀ ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՀՀ կառավարության որոշմանը կայծակնային արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ որոշումը Մոսկվայի հետ չի քննարկվել. «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք որոշումներին, որ ընդունվում են այդ կոնտեքստում։ Անխոս, մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կվնասեն բավականաչափ փխրուն հրադադարը և կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը»,- ասել է Պեսկովը։ Նրանից քայլ առաջ է գնացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Երբ ես Երևանում էի և երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երևանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի»: Հայտարարության հասցեատերը Բաքուն է: Ինչո՞ւ պիտի Երևանը մնա Մոսկվայի սցենարում, երբ Մոսկվան խաղում է երկու լարի վրա ու ռազմավարական դաշնակցին գործով չի տարբերում ռազմավարական գործընկերոջից: Այնպես որ, այս գումարման Ազգային ժողովը բոլոր հիմքերն ունի մտնելու պատմության մեջ:

Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ