ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Ուզում եմ անդրադառնալ մեկ գլխավոր թեմայի՝ վստահության հարցին»

«Ուզում եմ անդրադառնալ մեկ գլխավոր թեմայի՝ վստահության հարցին»
29.04.2016 | 01:01

98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունն առաջին փորձից չհաջողվեց, պատգամավորները ստիպված եղան վերաքվեարկել: Դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը և ՀԱԿ խմբակցության 6 անդամներ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կողմ էր նախագծին:

Այսպես ավարտվեց Ընտրական օրենսգրքի քննարկումը ԱԺ լիագումար նիստում, իսկ մինչ այդ պատգամավորներն ու խմբակցությունները հարց ու պատասխանի և ելույթների միջոցով ներկայացրին իրենց տեսակետները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն հիշեցրեց, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգիրքը հարափոփոխ օրենքներից է.

«Այս դահլիճում կան պատգամավորներ, ովքեր կհաստատեն, որ Ընտրական օրենսգիրքը եղել է մեր օրենսդրության մեջ հարափոփոխ փաստաթուղթ: Այս անգամ փոփոխությունները պայմանավորված են, առաջին հերթին, Սահմանադրության փոփոխությամբ, երկար տարիներ մեր ընտրական համակարգում կուտակված և գոյություն ունեցող թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Սրանք այն թերություններն են, որոնք կուտակվել են նաև այն ժամանակ, երբ այսօրվա ընդդիմադիրներից շատերը իշխանություն են եղել: Հիմնական զեկուցողը ընդգծեց մի պատճառ կամ նպատակ՝ ընտրության պատկերը ճշգրիտ վերականգնելու հնարավորություն ունենալն է: Ինձ թվաց, որ քննարկումների թոհ ու բոհի մեջ այս վերջինը արժանի ուշադրության չարժանացավ, բայց կարծում եմ, որ սա շատ լուրջ նպատակ է, ինչպիսին երբևիցե դրված չի եղել ընտրական օրենսգրքի ոչ մի բարեփոխման ժամանակ, և այս նպատակը խոսում է ինքն իր փոխարեն: Սա կենսագործելով մենք վաղը կարողանալու ենք ճշգրիտ պատկեր վերականգնել և ունենալ ճշգրիտ պատասխան բոլոր հարցերին, արդարացում բոլոր մեղադրանքներին: Սա շատ կարևոր նպատակ է, որ դրված է այս փոփոխության մեջ:


Այսպիսով, ի՞նչ ենք մենք ուզում Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունների դեպքում, բացի նրանից, որ պետք է ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնենք նոր Սահմանադրությանը:
Ես չեմ անդրադառնալու առաջարկվող փոփոխությունների իրավական կողմին կամ ընտրական գործընթացի տեխնիկական կազմակերպմանը: Թե հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին տրվող հարցերը, թե ձեր ելույթները, թե քննարկումներից հեռացած ՀԱԿ-ի մեր գործընկերների պահվածքը հուշում են անդրադառնալ մեկ գլխավոր թեմայի՝ վստահության հարցին:


Հայտնի 4+4+4 ձևաչափով քննարկումները հաջողությամբ չավարտվեցին: ՜Փակագծում ասեմ, որ ես չեմ կարծում, թե այս ձևաչափը ոչինչ չտվեց, տվեց բավականին մեծ արդյունք, ինչպես այլ բազմաթիվ ձևաչափերը, որ եղան քննարկումների ընթացքում, չստացվեց ուլտիմատային ոճը, որը պարզապես չի կարող տեղի ունենալ: Իսկ կոնսենսուս չձևավորվեց մի գլխավոր պատճառով՝ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց չեն վստահում: Թվում է՝ իշխանություն ասի՝ արևն արևելքից է ծագել ու արևմուտքում է մայր մտնելու, ընդդիմությունը կառարկի, որ իշխանությունն ամեն ինչ հարմարեցնում է իր ընթացիկ ու հեռագնա շահերին, իր վերարտադրությանը և ընդդիմության փոշիացմանը: Վստահ եմ՝ ծափ տվողներ էլ կգտնվեն: Թե այս դահլիճում, թե լրատվամիջոցների մեջ:


Առանց խորանալու պատճառների մեջ, առանց պարզելու հետևանքները, առանց կանգ առնելու ու մի քիչ մտածելու՝ լավ, էս ի՞նչ մրցավազքի մեջ ենք մտել, ի՞նչ ենք ուզում, ու՞ր ենք հասնելու, ինչքա՞ն է մեր խոսակցությունը հիշեցնելու երկու խուլի խոսակցություն՝ ամեն մեկն իրենն է ասում, առանց մյուսին հասկանալու:


Գուցե խտացնում եմ գույները, գուցե ոմանց կթվա, որ հեռանում եմ թեմայից, բայց երեկ, այսօր ու վաղը թեման մեկն է՝ մեզ պիտի վստահի ընտրողը, ում համար, թերևս, մեկ է՝ ինչ խելոք, խորամանկ ու խորիմաստ մեխանիզմներ ենք մենք մշակելու պարզ գործընթացի համար՝ ինքը մտնում է ընտրատեղամաս, ընտրում է ու դուրս է գալիս:


Համակարգը, որը հիմա առաջարկվում է՝ գործում է առանց մարդու միջամտության ու կլուծի միանգամից մի քանի կարևոր խնդիրներ. ցուցակների հարցը, կրկնաքվեարկությունների կամ բազմաթիվ քվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկելու, լցոնումների, այսպես կոչված` «կարուսելի» հարցերը: Տեսեք, թե ինչպիսի կարևորագույն խնդիրներ են այս համակարգի ներդրմամբ լուծվում:


Իրականում, հիմա մենք թևակոխել ենք ընտրական գործընթացների բարեփոխման աննախադեպ փուլ: Տարբեր ժամանակներում մեր երկրում ծավալված ընտրական գործընթացների պատմության ընթացքում երբևէ չի եղել, որ իշխանությունը գնար նման արմատական քայլերի: Ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրությունը կենտրոնացնել նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ բանաձևի վրա, որ ընտրությունների որակը ավելի կարևոր է, քան արդյունքը: Երբևէ եղե՞լ է, որ իշխանության ղեկավարը մեր երկրում նման խնդիր դրած լինի:


Մենք ասում ենք, որ Ընտրական օրենսգրքի հիմքում դրված է մեխանիզմ, որ կեղծիքի տեղ չի թողնում, իսկ շատերը մտածում են՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, ո՞ր փուլում, ո՞ր քայլում են ընտրությունները կեղծվելու: Հանեք ձեր միջից կասկածի որդը, որ ձեզ թույլ չի տալիս առողջ դատել ու տեսնել՝ ինչ կա:


Մենք ասել և ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել բոլոր ողջամիտ առաջարկները, որ բխում են Ընտրական օրենսգիրքը կատարելագործելու նպատակից, ու ի՞նչ ենք լսում ի պատասխան: Հերթական անգամ այն տպավորությունն է ստեղծվում, որ ընդդիմությունը ի սկզբանե պատրաստվում է ընտրությունները տանուլ տալու ու հիմքեր է ստեղծում իշխանությանը մեղադրելու:


Հիշեցնեմ՝ բացի ընտրություններից մենք ունենք կարևորագույն խնդիր՝ Հայաստանին պետք է ուժեղ իշխանություն, որ ձևավորվում է լեգիտիմ ընտրություններում ու պատրաստ է դիմակայել արտաքին մարտահրավերներին: Իսկ լեգիտիմ ընտրությունների կայացման հիմքերը դրվում են այստեղ ու հիմա՝ մեր ձեռքով, Ընտրական օրենսգրքով ու այդ օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքով:


Դժվար չէր հոդված առ հոդված Ընտրական օրենսգիրքը վերլուծել, առաջարկներին մեկ առ մեկ անդրադառնալ, ելույթներին:
Բայց ես ունեմ մեկ ձայն և վստահ, առանց երկմտության այդ մեկ ձայնը տալու եմ հօգուտ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, որովհետև ուզում եմ, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները, որով ձևավորվելու է խորհրդարանական կառավարման մոդելով մեր նոր Ազգային ժողովը, իսկապես նշանավորեն նոր մտածողության, նոր մոտեցումների ու նոր գաղափարների հաղթանակը: Որովհետև մտածում եմ, նախևառաջ, պետության մասին ու ժողովրդավարության նոր որակի:


Քառօրյա պատերազմից հետո ու հայտնի չէ՝ ինչ անակնկալներից առաջ, մենք մեր բոլոր որոշումներն ու բոլոր քայլերը պետք է այդ տեսանկյունից կատարենք: Բլից կրիգներին մեր պատասխանը պիտի մեր ամեն քայլով տանք: Ընտրական օրենսգրքին քվեարկեք այս տեսանկյունից»:


Երկուշաբթի օրվանից, ինչպես հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովը շարունակելու է Ընտրական օրենսգրքի նախագծի քնննարկումները և արդեն երկրորդ ընթերցումով ներկայացված կլինեն լիագումար նիստում հնչած առաջարկների մի մասը: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում շնորհակալ էր բուռն ու շահագրգիռ քննարկումների համար, ասաց, նաև անկախ ինչպես են պատգամավորները քվեարկելու, նրանց առաջարկները կընդունվեն, եթե բխում են Ընտրական օրենսգիրքը կատարելագործելու տրամաբանությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ընտրական օրենսգիրքն ընդունվեց առաջին ընթերցումով, բայց ոչ առանց սկանդալի՝ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները ԱԺ Կանոնակարգի տարբեր ընկալումներ ունեին: Ընդդիմադիրները քվեարկությունից առաջ ցանկանում էին քսան րոպե ընդմիջում վերցնել, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արագ քվեարկության դրեց հարցը և կասեցրեց ընդմիջումների շքերթը: Թեպետ կանոնակարգի խախտում չկար, բայց քվեարկության ձևը վկայում է, թե քաղաքական ուժերն ինչպես են վերաբերվում միմյանց ու … Կանոնակարգին:

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ