«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են
04.03.2016 | 16:23

Ներքաղաքական վերադասավորումներն արդեն լայն սպեկտր են ընդգրկում: «Խաղին» զուգահեռ մասնակցում են նաև արտաքին «ձևավորումները»: Այսինքն, և երկրում, և դրա սահմաններից դուրս ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Տպավորությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրություններն արդեն վաղուց ավարտվել են ու քաղաքական դաշտը «դասակարգվում» է:

Սերժ Սարգսյանի կատարած այսօրվա փոփոխություններից կարելի է եզրահանգել, որ չնայած նոր ընտրակարգով ընտրություն է նախատեսվում, իրականում դա զուտ տեխնիկական գործընթաց է լինելու: «Թարմացրած» կադրերը շատ լավ գիտեն իրենց գործը ու անելու են ամեն ինչ` ղեկավարության վստահությունն արդարացնելու համար: Այլ խոսքով, այս մեկ տարվա ընթացքում նրանք «կծառայեն» ժողովրդին, հետո` ապագա վարչապետին: Նոր կադրերը մի բանով էլ են առանձնանում. նրանք հստակ իշխանության մեկ օղակի «կամակատարներն» են, ակնհայտ է` ռելսերից գցում են հիմնականում երկու «լարի»` իշխանական թևի հետ «խաղեր» տվողներին: Այս փուլում նախագահին պետք են մարդիկ, որոնց մոտ միայն իր խոսքն է անցնում: Այս առումով դեռ փոփոխություններ սպասելի են, որովհետև շատ վաղուց ներիշխանական խլրտումների արդյունքում շատ պաշտոնյաներ «երկու տիրոջ» ծառա էին: Ավելի պարզ. Սերժ Սարգսյանը խնդիր է դրել իշխանությունից «մաքրել» վարչապետ Հովիկ Աբրահամյանի գրեթե բոլոր կադրերին: «Ականապատել է Արգամիչին, մեկուսացրել: Վերջին նշանակումների մասին նրան անգամ տեղյակ էլ չի պահել»,- վստահեցնում են կառավարության մեր աղբյուրները:
Թիկունքն ապահովելով, Սերժ Սարգսյանն անցնում է նաև արտաքին քաղաքականության որոշակի դասավորումների: Դեսպանների փոփոխություն է կատարվում, ոմանք էլ, հավաստիացնում է մամուլը, որ դեսպան են «ուղարկվելու»: Բայց արտաքին քաղաքականության ուղեգիծը, ի տարբերություն ներքին «հուսալիության», կաղում է: Դեսպան են ուղարկվում գործից «վտարվածները», որոնք ղեկավարությունից նեղացած դժվար թե կարողանան երկիր ներկայացնել: Իսկ որ ավելի հաճախ է լինում` երկիր են խայտառակում: Հուսալի, պետության համար պատիվ բերող դեսպանների գործի պիտի ուղարկել, որ օրումեջ չբողոքենք այս կամ այն երկրի ոչ հայանպաստ որոշումների, դիրքորոշումների, ներդրումների բացակայության համար: Եթե չկարողանան այս գործողությունները կատարել, գոնե դիվանագիտորեն պատրաստված, գրագետ կադրերը Հայաստանին «ամոթով» չեն թողնի օտարի աչքում: Նեղացած, անպատրաստ դիվանագետները նույնիսկ վտանգավոր են, հատկապես աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում:
Ի դեպ, ինչպես Հայաստանի «իշխանափոխությունների» պատմությունն է մեզ հուշում, քաղաքական հաղթանակները «գալիս» են ոչ թե ներքին «ճիշտ» դասավորությունից, այլ դրսի «հովանավորչությամբ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ