Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նախարարը չդիմացավ. «Վայ, մամա ջան»

Նախարարը չդիմացավ. «Վայ, մամա ջան»
19.02.2016 | 19:29

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր հատուկ հրավիրել, որպեսզի լուծեր ՀՅԴ-ին նախարարի պաշտոն տալու հարցը: Կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը` ՏԿԱԻՆ-ը առանձնացնելու վերաբերյալ, արժանացավ ընդդիմադիրների քննադատությանը: Հարցը զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին չէր հաջողվում համոզել ընդդիմախոսներին, ինչից երիտասարդ պաշտոնյան մերթընդմերթ ծանր հոգոց էր հանում: Իսկ արդեն Լևոն Զուրաբյանի հարցից հետո Հովհաննիսյանը չդիմացավ. «Վայ, մամա ջան»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նախ դժգոհեց, թե ինչու են այս հարցն արտահերթ քննարկում այն դեպքում, որ երկուշաբթի հերթական քառօրյան է մեկնարկում: «Պարզ չէ, մի կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, ինչո՞ւ է կոալիցիա կազմում ուրիշ ուժի հետ, ի՞նչ կա ԱԺ-ում, որ չեք կարողանում անցկացնել, ի՞նչն է պրոբլեմը և ի՞նչն էր խանգարում, որ երկու նախարարությունները միասին տայիք ՀՅԴ-ին»,- հարցրեց պատգամավորը և նախարարի պատասխանը նրան հիմք տվեց եզրահանգելու. «Անում ենք՝ լավ ենք անում՝ սա էր ձեր ասածը: Դուք ասացիք՝ այդ ամբողջ նախարարությունը դաշնակցությանը տալը արդեն շատ կլիներ: Սա ասացիք դուք: Դե լավ, բան չունեմ ասելու, շնորհակալ եմ՝ անկեղծության համար»:

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց.
«Չե՞ք կարծում, որ սա մյուս գործընկերների նկատմամբ խիստ անարդար վերաբերմունք է: Հասկացանք, որ այդ նախարարությունը ժամանակին առանձին է եղել, սակայն եղել է նաև լուսավորության նախարարություն, և կրթության նախարարություն, ինչո՞ւ չեք կիսում նաև այդ նախարարությունները, որպեսզի ձեր հարգարժան գործընկերների նկատմամբ ազնիվ լինեք, եղել է էկոնոմիկայի նախարարություն, և առևտրի նախարարություն... անտեր նախարարներին հանել են, ով տեր ունի պահել են։ Իհարկե, փոխաբերական իմաստով է ասված: Այնուամենայնիվ, դիսկոմֆորտի զգացում չունե՞ք նույն պարոն Աշոտյանի և Ճշմարիտյանի նկատմամբ»:
Նախարարն ասաց, որ անարդարության զգացում հաճախ ունենում է, բայց ոչ այս դահլիճում և ոչ այս հարցը զեկուցելիս: «Այն ինձ հաճախ պատում է, երբ հարցնում են այն, ինչ ինձնից լավ գիտեն, ընկալածը և հասկացածը այլ ձևով են ներկայացնում»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար ևս անընդունելի է այն բացատրությունը, որ կառավարությունը տալիս է մի նախարարությունը երկուսի բաժանելու համար: «Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վաղը կամ մյուս օրը քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ չի տարանջատվի սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից: Սա, ի վերջո, պետություն է և քաղաքական համագործակցության անհրաժեշտությունները պետք է բխեն պետական շահից»,- փաստեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում ՀՅԴ-ին նմանեցրեց «հարսի» հետ. «Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել ամուսնություն, որով որոշվել է հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում ամուսնության համար, նպաստավոր չեն, և որոշել են այդ բնակարանի մի սենյակը կիսել, որպեսզի զույգերը կարողանան այդտեղ բնակվել... Մեր գումարների հաշվին են տեղի ունենում կեղծ ամուսնությունները և քաղաքական պայմանավորվածությունը»:
Ի դեպ, բոլոր բանախոսները կառավարության ներկայացուցչին հիշեցնում էին, որ ընդամենը մեկ տարի առաջ այս նախարարությունը միավորվեց ու էլի կառավարման արդյունավետ անհրաժեշտության մասին էր խոսվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ