«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կառավարման ժամանակակից մոդելը խորհրդարանականն է»

«Կառավարման ժամանակակից մոդելը խորհրդարանականն է»
03.12.2015 | 20:36

Հայաստանի կառավարությունը 2012-ից ծրագրերի իրականացման գրասենյակ է ստեղծել՝ օրենսդրությունը «խոտանից» մաքրելու, համապատասխանեցնելու ներկայիս չափորոշիչներին, թեև նախարարությունների համապատասխան բաժինները պետք է իրականացնեին: Այսօր այդ «առաքելությունը» վերապահված է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին, որի ղեկավար ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ օրենսդրական փոփոխությունները հատուկ մասնագիտացում են պահանջում: Ստացվում է՝ նախարարությունները «խելքը գլխին» մասնագետներ չունեն իրենց ոլորտի օրենքներով զբաղվելու համար, կամ, որ ավելի հավանական է, նախարարությունը չի կարող հսկել իր ծախսերը: Մեր զրուցակիցը միայն այս հանգամանքով չի կարևորում իրենց հիմնարկի անհրաժեշտությունը: «Պետք էր մի մարմին, որ օրենսդրությունը պարզեցներ: Այնպես աներ, որ և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի, և՛ պետության ծախսերը կրճատվեն: Ցանկացած օրենք, կարգավորում ծախս է: Սահմանափակում ենք մարդկանց` այս բանը կանեք, սա` չանեք: Այնպես պետք է անել, որ ծախսերը կրճատվեն»,- պարզաբանեց պաշտոնյան, հավելելով, որ սեփական ծախսերի կրճատումը նախարարության գործառույթը չէ։ Ավելի ստույգ, դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ նախարարություն կամ պաշտոնյա կարող է սեփական գերատեսչությանը «զսպվածության» մղել, էլ ուր մնաց «շռայլությունները» քչացնել: «Զսպողներին» էլ վատ աչքով են նայում: Արմեն Եղիազարյանը փաստեց, որ որոշ նախարարությունների հետ խնդիրներ են լինում, տարաձայնությունները լուծում են բանակցությունների միջոցով, հեշտ են աշխատում, էկոնոմիկայի, գյուղատնտեսության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

Հարկային օրենսդրության հետ առնչվող քաղաքացիները մշտապես դժգոհում են այս ոլորտի օրենքներից: Պատճառը վատ կարգավորո՞ւմն է, թե՞ անարդյունավետ կառավարումը: «Առկա են և՛ մեկը, և՛ մյուսը: Ոչ մի բան կատարյալ չէ: Երբ մի խնդիր լուծում ես, նորերն են ծագում: Այնպես չէ, որ մենք կարող ենք իդեալական լուծում գտնել: Պայմաններ, իրավիճակ են փոխվում: Պարզապես այնպես պետք է անել, որ էական խնդիրներ չստեղծվեն»,- շեշտեց Արմեն Եղիազարյանը: Մինչդեռ բազմաթիվ հաշվապահներ բողոքում են, թե, փոփոխությունը դեռ չյուրացրած, կրկին օրենսդրական նոր «դագանակի» են հանդիպում: Բայց այս դժգոհությանը մեր զրուցակիցը հանգիստ է վերաբերվում` ասելով, թե կյանքն է փոխվում` իր հետ բերելով իրավիճակի նոր փոփոխություն:
Այսօր հանրության դատին են ներկայացված մայր օրենքի փոփոխությունները: Օրենքների հետ մշտապես գործ ունեցող Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ երկիրն այս վիճակում է: «Իրավիճակի վատ լինելը բազմաթիվ պատճառներով է պայմանավորված: Սահմանադրական փոփոխություններն իշխանության ապակենտրոնացում են ենթադրում, ինչը լավ է»,- վստահեցրեց պաշտոնյան,- ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ է շարժվում»: Տնտեսական վիճակը, մեր զրուցակցի պնդմամբ, բացարձակապես կապ չունի կառավարման համակարգի հետ, պարզապես, հիմա աշխարհում կառավարման ժամանակակից մոդելը խորհրդարանականն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ