«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը
19.06.2015 | 21:15

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախնական հավանությանն արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում և դրան կից բանաձևի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անընդունելի ձևակերպումների հետ:
«ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը և դրան կից բանաձևի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:
Ադրբեջանին վերաբերող բանաձևի նախագծում համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Թադեուշ Իվինսկին ոչ միայն չեն ներկայացնում Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում բացահայտ հետընթացը, այլև բանաձևի առաջին իսկ պարբերությամբ անդրադառնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, այն էլ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող և զուտ ադրբեջանական պետական քարոզչության հայտնի դրույթները կրկնող ձևակերպումներով:
Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձևակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը:
Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու և միակողմանի ներկայացնելու ձգտումն ընկալվում է որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ:
Անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24 տարիների փորձը լավագույն օրինակներից է ապացուցելու, որ նույնիսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հնարավոր են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական արժեքների հաստատումը, ապահովումն ու ամրապնդումը:
Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս, գնահատելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց, և համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական տարածքի մաս է, որն առաջնորդվում է համաեվրոպական արժեհամակարգով՝
- կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և չթույլատրել խեղաթյուրված ու միակողմանի ձևակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը,
- առաջարկում ենք Եվրոպայի խորհրդին և կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի`
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ