Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Լեռնային Ղարաբաղն ընտրեց

Լեռնային Ղարաբաղն ընտրեց
04.05.2015 | 16:44

Երեկ Լեռնային Ղարաբաղն ընտրում էր խորհրդարան՝ արդեն վեցերորդ անգամ:
Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն, «Ազգային վերածնունդը» 5 %-ի շեմին է, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 19 %, ԼՂ կոմունիստական կուսակցությունը՝ 1,5 %, «Խաղաղություն և զարգացումը»՝ 1 %-ից քիչ, ՀՅԴ-ն՝ 19 %,«Շարժում-88» կուսակցությունը՝ 6,5 %:
Նախնական տվյալներով՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն այս համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն - 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» - 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
4. «Շարժում-88» կուսակցություն - 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն - եթե 5 %-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով՝ 1 համամասնական մանդատ, եթե ոչ՝ կուսակցություններից մեկը կստանա մեկ մանդատը՝ կորսված ձայների վերաբաշխման շնորհիվ: Այս 32 մանդատին գումարվում է 1 անկախ պատգամավորի մանդատ:
ԼՂ նախագահ Բակո Սահակյանը երեկ քվեարկելիս ասել էր, որ ամբողջ նախընտրական շրջանը բոլոր կողմերը գնահատել են բավարար: Նա կարծում է, որ ընտրություններից առաջին հերթին շահելու են երկիրը և քաղաքացիները: Միջազգային կառույցները, չճանաչելով ԼՂՀ-ն, չեն ընդունում նաև ընտրությունները:
«Դա դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվում ենք և շեղվելու ենք մեր իսկ ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը, սկզբունքայնությունը ուղեկցել ու ուղեկցում են մեզ: Եվ այդ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, նվաճումներ ձեռք բերել, հաջողություն արձանագրել»՝ ասել էր Արցախի նախագահը:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր.
«Թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե երեկ՝ ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչը հստակ հայտարարել են, որ չեն ճանաչելու ԼՂՀ ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա ազդող իրադարձություն (affecting the legal status of Nagorno-Karabakh): Բուն ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին խոսք չկա։ Ավելին՝ երկու հայտարարություններում էլ ընդունվում է ԼՂ ժողովրդի դերը իրենց ապագան որոշելու հարցում (role of the people of Nagorno-Karabakh in deciding their future):
Արցախում ընտրությունների անցկացումը անուղղակիորեն նախատեսված է 24.03.1992 Մինսկի կոնֆերանսի (Մինսկի խմբի) մանդատով, որտեղ հստակ ամրագրված է, որ Մինսկի կոնֆերանսին պետք է հրավիրվեն Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները (elected and other representatives of Nagorno-Karabakh will be invited to the Conference as interested parties)»։
Այսինքն՝ ընտրությունները չճանաչվելով՝ ճանաչվում են գործնականում:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը քվեարկելիս ասել էր, որ նոր խորհրդարանից երկրի զարգացում է ակնկալում: Անդրադառնալով միջազգային կառույցների՝ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին արած հայտարարություններին, վարչապետը շեշտել էր, որ ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք:
Շատ ավելի հետաքրքիր էին ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի պատասխանները: Նա հույս ունի, որ գնալով Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա: Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական նա չէր տվել, պարզապես ասել էր. «Եթե նկատել եք՝ ես վատ բան չեմ ասում երբևէ, և կարծում եմ, որ դա կոռեկտ չէ: Ընդհանուր առմամբ՝ ես համարում եմ, որ Ղարաբաղը զարգանում է»: Քաղաքականություն իր վերադարձի մասին նա ասել էր, որ չէր էլ հեռացել, որ վերադառնա՝ «Ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով և այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Ղուկասյանը Ղարաբաղում չէ, սխալվում են, որովհետև Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է, իմ ընտանիքն է այստեղ: Ես Հայաստանում և Ղարաբաղում զբաղվում եմ Ղարաբաղի հարցով, երևի ավելի շատ լինում եմ Ղարաբաղում, քան Հայաստանում»: Փաստացի՝ նա հաստատել է, որ մտադիր է նախագահական ընտրություններին նորից մասնակցել և եթե այսօր կոռեկտ չի համարում գործող իշխանությանը քննադատել, դեռ չի նշանակում, որ ասելիք չունի: Արկադի Ղուկասյանը նաև ասել էր, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին խոսակցություններին լուրջ չի վերաբերվում:
ԼՂՀ վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները ավելի մրցակցային են որակվել, արդյունքները, ինչպես կանխատեսել էր գործող խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, շատ չեն տարբերվի հինգերորդ գումարման խորհրդարանում ուժերի դասավորությունից: Վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիքի» և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ՀՅԴ-ի միջև ծավալված հիմնական պայքարի նախնական արդյունքները՝ «Ազատ հայրենիք»՝ 15 մանդատ, ՀՅԴ՝ 7 մանդատ, նշանակում են, որ Արա Հարությունյանը պահպանում է դիրքերը: Իսկ դա նրա համար ամենակարևոր արդյունքն է, եթե հաշվի առնենք, որ վարչապետը հավակնում է նախագահի թեկնածու լինել առաջիկա նախագահական ընտրություններում: Մեծամասնություն որևէ ուժ չի դարձել, որ նշանակում է կոալիցիայի անհրաժեշտություն: Ո՞ր ուժերը կմիավորվեն, ո՞ր ուժերը կդառնան ընդդիմություն, մի քանի օրում կպարզվի: Բոլոր դեպքերում՝ ընտրությունները կայացել են, և դա կարևոր քայլ է՝ դեպի ճանաչում ԼՂՀ ճանապարհին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կանդրադառնան Արկադի Ղուկասյանի նախագահական նստավայր վերադառնալու մտադրության վրա, որ պաշտպանվում է նաև Երևանում: Կլինի՞ «քաղաքական պատերազմ» վարչապետի և փոխվարչապետի միջև, թե՞ հարցը կավարտվի «քաղաքական հաշտությամբ»: Ի՞նչ քաղաքական ճակատագիր կունենա վեցերորդ գումարման խորհրդարանը, որ լինելու է մշտական գործող: Կլինե՞ն սահմանադրական փոփոխություններ Ստեփանակերտում: Սրանք կարևոր հարցեր են, որ ձևավորելու են ԼՂՀ քաղաքական կյանքը առաջիկա տարիներին՝ օրակարգի առաջին կետ մշտապես պահելով ԼՂՀ ճանաչման հարցը: Ի վերջո, ԼՂՀ իշխանությունը գործում է ճիշտ ինչպես ԱՄՆ-ի իշխանությունը՝ նախագահները փոխվում են, քաղաքականությունը՝ ոչ:

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ