«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրախորհրդարանի բանաձևը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրախորհրդարանի բանաձևը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
16.04.2015 | 12:41

Եվրախորհրդարանը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։


Եվրոպայի խորհրդարանը
-հաշվի առնելով 1948 թ. ընդունված ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվենցիան,
-հաշվի առնելով 1987 թ. հունիսի 17-ին իր ընդունած Հայկական հարցի քաղաքական լուծման մասին բանաձևը,
- հաշվի առնելով 2015 թ. մարտի 12-ին իր ընդունած բանաձևը 2013 թ. աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամյա զեկույցի և այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականության վերաբերյալ,
-հաշվի առնելով 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը, ինչպես նաև ՀՀ և ԹՀ միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը,
-հաշվի առնելով իր Կանոնադրության 123(2) և (4) կետերը,
ա. նկատի ունենալով, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,
բ. նկատի ունենալով, որ գնալով աճում է այն անդամ-երկրների և ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը,
գ. նկատի ունենալով, որ եվրոպական համախմբման շարժման գլխավոր խթաններից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է,
դ. նկատի ունենալով, որ Թուրքիան և Հայաստանը, 2009-ին ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման Ցյուրիխի արձանագրությունը, ներքաշվել են դիվանագիտական կարգավորման գործընթացի մեջ,
ե. նկատի ունենալով, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության,
1. հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական զորակցության և արդարության ոգուն համահունչ՝ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակման արարողություններին:
2. Վերահաստատում է իր 1987 թ. հունիսի 18-ի բանաձևը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ճանաչել է, որ 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես սահմանված է 1948 թ. Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվեկցիայում, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և խստորեն քննադատում դրանք ժխտելու ցանկացած փորձ:
3. Հարգանքի տուրք է մատուցում մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունների և հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է, որպեսզի հիմնվի Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ ևս մեկ անգամ վերհիշելու աշխարհի բոլոր մարդկանց և ազգությունների՝ խաղաղության և արժանապատվության իրավունքը:
4. Ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում:
5.Որպես ճիշտ ուղղությամբ կատարված քայլ՝ ողջունում է ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ԹՀ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որոնցով ցավակցություն էին հայտնում և ճանաչում օսմանյան հայերի դեմ իրականացված վայրագությունները, խրախուսում է Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունները որպես հնարավորություն՝ շարունակելու իր ջանքերը արխիվները բացելու, իր անցյալին առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու ուղղությամբ:
6. Հրավիրում է Թուրքիային հարգել և ամբողջությամբ գիտակցել պարտավորությունները, որոնք նա ստանձնել է մշակութային ժառանգության պահպանման շրջանակում, մասնավորապես բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել անցյալ դարում իր իրավասության շրջանակներում ավերված կամ վնասված բոլոր հայկական և այլ մշակութային ժառանգությունների նկատմամբ:
7. Հրավիրում է Հայաստանին և Թուրքիային օգտագործել եվրոպական ազգերի հաշտեցման հաջող օրինակները և կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որը առաջին պլանում է դնում ժողովուրդների համագործակցությունը, վստահում է, որ դա կնպաստի հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական հաշտեցման՝ ճշմարտության և հավատի ոգով, աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին, որոնք աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, պարտավորեցնում է Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների՝ վավերացնելով և իրականացնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները՝ բացելով սահմանը և ակտիվորեն կարգավորելով հարաբերությունները, մասնավորապես, սահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման միջոցով:
8. Հրահանգում է իր նախագահին այս բանաձևն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, անդամ-երկրների կառավարություններին և խորհրդարաններին, ՀՀ կառավարությանը և խորհրդարանին և ԹՀ կառավարությանը և խորհրդարանին:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ