ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները ԱԺ-ում

ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումները ԱԺ-ում
14.04.2015 | 13:38

«Սահմանադրական բարեփոխումների հարցում կարևոր է մեծամասնության հավանությունը»,- ԱԺ-ում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
Նա հանդիպել է ԱԺ նախագահի, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԺ խմբակցությունների, Մարդու իրավունքների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների հետ:
ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը եվրոպացի պաշտոնյայի հետ զրույցում վերահաստատել են սահմանադրական բարեփոխումներին իրենց բացասական դիրքորոշումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, ինքը պնդել է, որ ռեֆորմը մեկ նպատակ ունի՝ ապահովել Սերժ Սարգսյանի հետագա կառավարումը. «Մնացած փոփոխություններին մենք դեմ չենք՝ մարդու իրավունքներին վերաբերող, արդարադատությանը, դատական իշխանությանը ավելի մեծ անկախություն տալուն, այդ բոլորին մենք դեմ չենք: Մենք դեմ ենք կառավարման ձևի փոփոխությանը, որը թույլ է տալիս նրան շրջանցել սահմանադրական արգելքը՝ սեփական իշխանության երկարացման համար»:
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի անունից ինքը վերահաստատել է իրենց տեսակետը. «ՈՒնենալով արտաքին և ներքին նման լրջագույն խնդիրներ, ունենալով այսպիսի լարվածության էսկալացիա սահմանին՝ գնալ կառավարման համակարգի փոփոխությանը երկրի համար լրջագույն մարտահրավերներ և պրոբլեմներ է ստեղծելու»:
Անն Բրասերը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, 100 տարի առաջ տեղի ունեցածը որակել է «զանգվածային սպանություններ». «100-ամյակին նվիրված միջոցառումները, որ տեղի են ունենում և կմեկնարկեն ապրիլի 24-ին, շատ կարևոր են անցյալը հիշելու տեսանկյունից: Որպեսզի հիշենք և տուրք մատուցենք այն բոլոր նահատակների հիշատակին, որ զոհվեցին 100 տարի առաջ, գանք ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որ գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ի ղեկավարը նաև ասել է. «Երբ Հռոմի պապը այս մասին խոսեց, կարծում եմ, որ ճանաչման հարցում կունենանք ավելի շատ համախոհներ»:
Հայաստանյան պատվիրակությանն անհանգստացնում է վեհաժողովում պատրաստվող զեկույցը, որը վերնագրված է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:
Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, զեկուցողը՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերը, չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղ. «Ես, բնականաբար, հարցրի, թե ինչպես կարող է անաչառ լինել մի զեկույց, որտեղ արդեն ըստ էության դատավճիռ և վերջնական գնահատական է հնչեցված: Եվ ես օրինակ բերեցի, որ իրենք՝ հենց Եվրոպայի խորհուրդը Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող է նշանակել ԵԽԽՎ անդամ մի տիկնոջ, որ շատ երկար ժամանակ վստահորեն համոզված էր, որ Սարսանգը գտնվում է Հայաստանում»:
«Զեկույցի վերնագիրն էլ հերիք է», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը. «Նշելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ անմիջապես ԵԽԽՎ-ն անթույլատրելի միջամտություն է կատարում բանակցությունների ընթացքի վրա, և դա իրականում ոչ թե կնպաստի բանակցությունների ընթացքին, այլ հակառակը՝ կխարխլի փխրուն պրոցեսը»:
Բրասերը հավաստիացրեց, թե զեկույցի նպատակը Մինսկի խմբի գործընթացին միջամտելը չէ, այլ լուծումներ գտնելուն նպաստելը: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմն էլ կմասնակցի փաստաթղթի պատրաստմանը:
Նաիրա Զոհրաբյանը բացառեց մասնակցությունը. «Հայկական պատվիրակության ներկայացուցիչները՝ թե ես, թե մյուս մեր գործընկերները նշեցինք, որ մենք, բնականաբար, չենք պատրաստվում համագործակցել ադրբեջանցի լոբբիստ Բոբ ՈՒոլթերի հետ՝ նման կանխակալ զեկույց պատրաստելու գործում: Որովհետև մենք հրաշալի գիտենք, որ այդ զեկույցը վաղուց գրված և պատրաստ է, և Բոբ ՈՒոլթերը ընդամենը ստորագրելու է այդ զեկույցի տակ»: Լևոն Զուրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ-ի նախագահին նաև հիշեցրել է, որ 7 տարի անց բացահայտված չեն Մարտի 1-ի դեպքերը, տեղեկացրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորման մասին. «Ստիպված էի արձանագրել այն փաստը, որ մենք նորից հայտնվել ենք քաղբանտարկյալներ ունեցող երկրի կարգավիճակի մեջ»: Սէֆիլյանի և նրա համախոհների կալանավորմանն անդրադարձել է նաև Զարուհի Փոստանջյանը. «Խնդրեցի, որ նա այցելի բանտեր: Բայց ասաց, որ իր առաքելության մեջ այս խնդիրը չի մտնում: Այլ առաքելություններ կարող են լինել, որոնք կայցելեն»: Փոստանջյանը նաև ասաց, որ Բրասերին փոխանցել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս սահմանապահ Վալերի Պերմյակովն անօրինական է պահվում ռուսական կողմի մոտ և բարձրացրել է նրան հայ իրավապահներին փոխանցելու հարցը. «Եթե տեղի չունենա այն արդարադատությունը, որը մենք ենք ընկալում, այս դեպքում, իհարկե, մենք իրավունք ունենք նաև բողոքներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ