ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Պատգամավորը` պաշտոնյային. «Եթե դուք ձեր ելույթին հետևեք կողքից, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է»

Պատգամավորը` պաշտոնյային. «Եթե դուք ձեր ելույթին հետևեք կողքից, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է»
25.03.2015 | 16:37

Այսօր ԱԺ-ում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանին մենաշնորհների մասին կրկին հիշեցրին: Հիշեցնողը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էր: «2015-ի մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ձեզ վերանշանակեց ձեր պաշտոնում և այդ օրվա դրությամբ Երևանում շաքարավազը, օրինակ, արժեր 395 դրամ, իսկ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ 265 դրամ, այսինքն, ավելի էժան էր Վրաստանում 133 դրամով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ Հայաստան ներկրում է շաքարավազ 1 անձ և այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: ՈՒսումնասիրե՞լ եք, թե ինչ կապ ունի այս փաստը 2014-ի հունվարին Չեխիայի մայրաքաղաքում արած Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, երբ Արսեն անունով հայը նրան հարցնում է, թե ինչու է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ բայց ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքա՞ր ներկրեն: Այս փաստն ինչպե՞ս եք մեկնաբանում: Հաջորդ փաստը՝ Եվրոպայում՝ Ավստրիայի խանութներում բանանը վաճառում են 500 դրամով, Երևանում՝ 1300 դրամով: Ի՞նչ կապ ունի այս փաստը մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ և դրան տիրապետում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ձեր ղեկավարած մարմինն այս փաստերն ուսումնասիրե՞լ է և արե՞լ է համապատասխան հետևություններ: Առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող Հայաստան բանան ներկրել և առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկը չի կարող ՀՀ-ում շաքարավազ ներկրել»,- ասաց պատգամավորը: Արտակ Շաբոյանը պատասխանեց, թե Փաշինյանի հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, դրանք անիմաստ են և անհեթեթ: «Իհարկե, մենք ուսումնասիրություններ իրականացրել ենք շաքարավազի շուկայում, բանանի ներկրման ոլորտներում: Այո, կան խոշոր ներկրող ընկերություններ, և խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Մեր կառույցի համար բացարձակապես նշանակություն չունի սեփականատերերի կարգավիճակը: Ես չգիտեմ, թե որ տնտեսավարողի սեփականատերն ով է հանդիսանում, և դա մեզ չի հետաքրքրում: Մենք գործ ունենք տնտեսավարողների հետ: Եթե շաքարավազի շուկայում «Ալեքս գրիգ» ընկերությունը նկատի ունեք, ապա «Ալեքս գրիգը» շաքարավազի հումք է ներմուծումև տեղում՝ գործարանում, արտադրում է շաքարավազ: Երբ շաքարավազի գնագոյացումը համեմատում ենք տեղում արտադրության հետ, ապա տեսնում ենք, որ երկրի ներսում արտադրելն ավելի ձեռնտու էև ավելի շահավետ: Եվ որպեսզի երկրորդ ընկերությունը լինի այս ոլորտում, երկրորդն էլ պետք է ներմուծի հումք և տեղում արտադրի, իսկ դա արվում է մեծ գործարանում: Գործարանի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Տարվա մեծ ժամանակահատվածում գործարանը չի աշխատում: Երկրորդ գործարանը կառուցելը տնտեսագիտորեն անիմաստ է: Այս պարագայում նպատակահարմար չէ երկրորդ տնտեսավարողի մասնակցությունը: Մուտքի խոչընդոտներ չկան: Եթե ձեռնտու է՝ ցանկացած տնտեսավարող կարող է ներկրել»: Բանանի ներկրման և ԴԱՀԿ-ի ղեկավարի «կապի» մասին էլ ասաց. «Մեկ անգամ գերիշխող դիրքի չարաշահման համար խոշոր ընկերությանը ենթարկել ենք պատասխանատվության: Խոսքը «Քեթրին գրուպ» ընկերությանն է վերաբերում: Եթե նորից կլինեն չարաշահումներ՝ պատասխանատվության միջոցներ կիրականացնենք»: Նիկոլ Փաշինյանին չբավարարեց պաշտոնյայի բացատրությունը: «Եթե դուք ձեր ելույթին հետևեք կողքից, դուք այն ժամանակ կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Երբ որ հետևեք ՀՀ-ում տնտեսության իրավիճակի և ձեր հանձնաժողովի գործունեությանը, կիմանայիք՝ անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Հիմա որ ձեզ այդտեղ նայում եմ, հասկանում եմ, որ ձեզ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ»: Շաբոյանը նյարդայնացավ. «Ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները և լինել չափի մեջ: Ես ձեզ կոչ եմ անում խոսել տնտեսագիտության լեզվով, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: Դուք ինչ-որ թվեր եք հրապարակում, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ