Օրենք, որ երբեք չի գործելու

Օրենք, որ երբեք չի գործելու
05.03.2015 | 12:14

Երբ ԱԺ-ն որևէ օրինագիծ քննարկում կամ ընդունում է արտահերթ նիստով ու նստաշրջանով, որպես կանոն, այդ օրինագիծը խնդրահարույց է: Առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում երեկ քննարկվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Քննարկում համարյա չեղավ, ողջերի հարցերի տակից դուրս չեն գալիս, հանգուցյալներով զբաղվելու տրամադրություն ու ժամանակ առանձնապես չունեին: Իսկ հարցը իրականում հենց ողջերին է վերաբերում: Որ գերեզմանատների հետ կապված խնդիրները շատ են ու վատ են լուծվում, ոչ մեկին չէր էլ հետաքրքրում: Լուծվում էր այլ հարց՝ Երևանն այլևս շատ փոքր է իր հանգուցյալներին տեղավորելու համար: Գերեզմանատները օղակում են քաղաքը ու քառակուսի մետր առ քառակուսի մետր փոքրացնում ողջերի տարածքը: ՈՒստի բնական է, որ փորձ է արվում «հստակեցնել գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները»: Բայց վայրենի են լուծումները՝ ինչ պայմանագիր, ինչ տասնհինգ տարվա ժամկետ, որից հետո արտաշիրմում և դիակիզում, դիակիզարանների ինչ մշակույթ, ինչ եվրոպական փորձ, ինչ մասնավոր ու ընտանեկան գերեզմաններ: Կառավարությունում կամ խորհրդարանում որևէ մեկը հետաքրքրվե՞լ է՝ ի՞նչ տեսակետ ունի Հայ առաքելական եկեղեցին, թաղման կարգ է փոխվում ու ի՞նչ մշակույթ է ներդրվում: Ո՞ր իրավունքով է հանգուցյալը դիտարկվում իբրև գործածությունից դուրս եկած անպետք իր, որ կարելի է վառել, գերեզման քանդել, թաղել, չթաղել, վերաթաղել, հանգուցյալներին էլ բաժանել արտոնյալների ու ոչարտոնյալների՝ հանրային ու մասնավոր գերեզմանատներում հուղարկավորելու, ի՞նչ սկզբունքով են ընտանեկան գերեզմանոցներ ստեղծվելու, ի՞նչ բարոյահոգեբանական հետևանքներ կունենան այդ գերեզմանոցները: Վերջապես՝ որևէ մեկը մտածե՞լ է կյանքի ու մահվան մասին, մարդու հոգու մասին: Լավ, հասկացանք, որ պատգամավորները անձեռնմխելի են, բայց անմահ չեն: Իրենց ընդունած օրենքը իրենց ու իրենց հարազատների վրա չի՞ տարածվելու, թե՞ ևս մի օրենք են ընդունելու անմահության կամ անմահների արտոնյալ հուղարկավորության ու անձեռնխելի գերեզմանոցների մասին: Հայ առաքելական եկեղեցին ընդունո՞ւմ է դիակիզումը: Կաթոլիկ եկեղեցին ընդունում է, բայց մենք կաթոլիկ չենք: Իսկ գուցե այդ օրենքից առաջ գործող գերեզմանատներում կարգուկանոնի հաստատման մասին օրենք ընդունվեր, բարեկարգվեին ու նորմալ տեսքի բերվեին գերեզմանատները, նորմեր սահմանվեին՝ հուղարկավորումից հետո կառուցապատման ու գերեզմանաքարի տեղադրման վերաբերյալ, որ գերեզմանոցներում թաջմահալներ չկառուցվեին ու չկառուցվեն՝ անտեր մեռելների հետևից ընկելու փոխարեն: Բայց խորհրդարանում քննարկման ժամանակ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, զեկուցել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, խորհրդարանական լսումներ եմ եղել, աշխատանքային քննարկումներ, ու անգամ՝ բազմաթիվ սկզբունքային հարցեր լուծվել են, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ հուղարկավորման մշակույթի ներմուծում է խոստացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միջազգային փո՞րձ: Կա: Կանոնակարգում էլ կա: Եկեղեցու համաձայնություն էլ կա: Սանիտարահիգիենիկ նորմերի մշակում էլ կա: Գերեզմանոցներ էլ կան, աճյունասափորների պատեր էլ կան: ՈՒ ամենակարևորը՝ հարգանք կա կյանքի ու մահվան նկատմամբ: Մարդու անմահ հոգու նկատմամբ: Եվ օրենքները, որ ընդունվում են, գործում են: Այս օրենքը, եթե ընդունվի, չի գործելու երբեք:

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ