Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Աղերսագիր նամակներ գրող» քաղաքական ուժի ներկայացուցիչ Զուրաբյանը, ըստ ԱԺ գործընկերների, նաև «թուլամորթ» է

«Աղերսագիր նամակներ գրող» քաղաքական ուժի ներկայացուցիչ Զուրաբյանը, ըստ ԱԺ գործընկերների, նաև «թուլամորթ» է
24.02.2015 | 21:52

Այսօր ԱԺ-ում բավականին քաղաքական բուռն քննարկում էր ծավալվել` ընդդիմություն-իշխանություն, ընդդիմություն-ընդդիմություն տանդեմում վիրավորանքների տարափով: Առիթը ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացրած կառավարման ճգնաժամ նախագիծն էր: Կրքերն այնքան թեժացան, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եզրափակիչ ելույթում հատ-հատ հիշեց բոլոր ընդդիմախոսներին` համապատասխանաբար վիրավորանքի «չափաբաժնով»: «Խորհրդարանում երեկ տեղի ունեցավ «Հանրապետական» խմբակցության հովանու ներքո մի նոր քաղաքական դաշինքի պրեզենտացիա: Այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միասին, նախկին իշխանությունների քննադատության վրա մասնագիտացած և հենց այդ նպատակով «Հանրապետական» խմբակցություն բերված որոշ գործիչներ, մեկը՝ իբր անկախ պատգամավոր, և մեկ-երկու՝ իբր ընդդիմադիր պատգամավոր: Այս իշխանավոր-անկախ-ընդդիմադիր դաշինքը երեկ, ուս ուսի տալով և փոխադարձ ջան ու ղուրբանով, պրեզենտացվեց խորհրդարանին»,-ասաց Զուրաբյանը: Խոսքը Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, հետո նաև Հերմինե Նաղդալյանի մասին էր, որոնցից ամեն մեկն իր պատասխանը տվեց Զուրաբյանին: Նախ Փաշինյանը նետեց. «Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ։ Անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին, սա այն միասնական դիրքորոշումն է, որը առաջացել է ՀԱԿ-ՀՀԿ խորհրդապահական խողովակների շփման օղակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում: Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին աղերսագիր նամակներ գրող քաղաքական ուժերն ու գործիչներն ինձ համար ընդամենն անցյալի գաղջ հիշողություն են, և ավելացնելու ոչինչ չունեմ»: Շարունակեց Էդմոն Մարուքյանը. «Էն քաղաքական ուժին, որին քննադատում էի, թե ըստ էության չեք տարբերվում իշխող քաղաքական ուժից, որին քննադատում եք, դրանում կրկին համոզվեցի: Մի օրինակ էլ ասեմ՝ երեկվա իմ ողջ ելույթի ընթացքում ինձ խանգարում էիք, Ձեր տեղից գոռում էիք, բայց երբ ՀՀԿ-ականն է խանգարում, ասում եք` դրանով չեք տարբերվում ձեր կողմից նշված ՀՀԿ-ական ամենավատ պատգամավորից»:
Վիրավորանքների չափաբաժինն ավելի թունդ էր ՀՀԿ-ՀԱԿ տիրույթում: Երբ Լևոն Զուրաբյանը հիշեց ԵԽԽՎ-ի զեկույցը ու մեղադրեց Հերմինե Նաղդալյանին, ասելով, թե նրա «անհեթեթ ու անքաղաքակիրթ ելույթով անգամ Հայաստանի դաշնակիցներին տրամադրեց մեր դեմ, իսկ Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ տարավ», կին պատգամավորը զայրույթը չզսպեց: «Պարոն Զուրաբյան, ձեզ նման անհեռատես և կարճամիտ քայլեր անեի՞, պատվիրակությունը քննարկեց բոլոր կարծիքները, ձեր առաջարկն անհեռատես համարվեց: Ես ինքս այդ կարծիքի կրողն եմ եղել, որ չի կարելի պահի խնդիրներ դնել և ձեզ նման անդրադարձ կատարել մի այնպիսի երևույթի, ինչպիսին զեկույցի վերնագիրն էր: Իմ ելույթը պայքար էր, մարտ էր, ես այն ընդունել եմ, մինչև վերջ պայքարել եմ որպես զինվոր, ոչ թե ձեր պես թուլամորթի նման դուրս եմ եկել՝ մտածելով, որ կարող է վատ լինի: Թեկուզև վատ ստացվեր, ես մարտիկ եմ, մինչև վերջ պայքարել եմ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Ապա գործին խառնվեց ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը, որը, դիմելով Լևոն Զուրաբյանին, ասաց. «Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր քաղաքականության մեջ անելիք ու ասելիք չունեն... Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի հինգի «Կոմսոմոլսկայա պրավդայի» հոդվածը, բացեք, նայեք»: Վերջում էլ փոխխոսնակը շեշտեց, թե այս նախագիծը ՀԱԿ-ի «կարապի երգն է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ