«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հրանտ Բագրատյանի 50 դիտողությունը՝ 2015-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Հրանտ Բագրատյանի 50 դիտողությունը՝ 2015-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
12.11.2014 | 16:36

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը 2015-ի բյուջեի վերաբերյալ Facebook-յան իր էջում ներկայացրել է 50 դիտարկում:
Ներկայացնում ենք ամբողջությամբ.
1. Տրամաբանական չէ կառավարության բյուջետային ուղերձի մեջ նշել, որ 2014 թ. տնտեսական 3,3% աճը պայմանավորված է ներքին տնտեսական զարգացման միտումներով և համաշխարհային տնտեսությունում աճի տեմպերի դանդաղեցմամբ։ Համաշխարհային տնտեսության մեջ 2014 թ. սպասվող աճը (2,5-3%) վերջին 10 տարում ցածրերից չէ. 2013 թ.՝ 2,17%, 2012 թ.՝ 2,38%, 2011 թ.՝ 2,83%, 2010 թ.՝ 4,07%, 2009 թ.՝ -2,09%, 2008 թ.՝ 1,46%, 2007 թ.՝ 3,98%, 2006 թ.՝ 4,1%, և 2005 թ.՝ 3,63%։
2. Անհասկանալի է, այնուամենայնիվ, թե 2015-ին տնտեսությունը ինչո՞ւ պետք է աճի 4,1%։ Ինչո՞ւ, ասենք 14,1% չէ, կամ նույնիսկ 1,4%։ Զուտ մասնագիտորեն պետք էր բացատրել ՀՆԱ-ի աճի բնույթը (աճի սպառում-առաջարկ համակցության մեջ), դրա ճյուղային կառուցվածքը և ապա նկարագրել համապատասխան կոմպոնենտները։ Մասնավորապես, կուզենայինք հասկանալ ներդրումների գնահատականը 2015-ին՝ 2014 թ. համեմատությամբ։ Սա պետք է լիներ բյուջետային ուղերձի առանցքը։ Բացի այդ, կարևոր է 2015-ին բյուջեի մեջ վերջապես առանձին աղյուսակ մտցնել և ցույց տալ, թե 2015-ին բյուջեի հաշվին ՀՀ տնտեսության մեջ ներդրումներն ինչքա՞ն են։ Ներդրումներ ասելով նկատի ունենք հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ծախսերը բյուջեից։
3. 2015 թ. Բյուջետային ուղերձի սկզբնամասում, գործարար և ներդրումային միջավայր, արտահանման զարգացում (էջ1-3), կոնկրետ գործողություններ չկան։ Իսկ այն, ինչ կոնկրետ է, հասցեական չէ կամ էլ սխալ է (օրինակ, այս փոքրիկ երկրում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը)։ Նույն տեղում (էջ 4) ՓՄՁ ոլորտի զարգացում բաժնում ոչինչ չկա։ Նախորդ կառավարության լոզունգային խոստումների ոճը պահպանված է։ Նույնն է նաև «Տեխնոլոգիական զարգացում» բաժինը։
4. Աղքատիկ են տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն բաժինները։
5. Անհասկանալի է «Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում» բաժինը։ Ծավալուն շարադրանքում մի կոնկրետ խոսք անգամ չկա համայնքների բյուջետային ինքնաբավության աստիճանի բարձրացման մասին։ Միայն մի աղոտ պարբերություն «համայնքների ֆինանսական հնարավորությունների բարձրացման» մասին, ակնարկ տուրքերի մասով։ ՀՀ-ն միակ մեզ հայտնի տեսադաշտում գտնվող երկիրն է, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններին ամրակցված եկամուտները կազմում են նրանց պետքերի 29%-ը։
6. Այս նույն տեղում կարդում ենք համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման մասին։ Կարծում ենք` պատերազմի նախաշեմին համայնքների խոշորացման մասին խոսելն անգամ ավելորդ է։
7. Գյուղատնտեսության բաժինն այս տարի ավելի լավ է, քան նախկինում։ Բայց, նորից, պետք է մի քանի կոնկրետ քայլ խոստանալ կոոպերացիայի ուղղությամբ։ Պետք է նաև կիրառել գյուղմթերքների սուբսիդավորման գոնե պիլոտային ծրագիր։
8. Էներգետիկայի ծրագիրը էականորեն փոխվել է դեպի լավը։ Այնուամենայնիվ, պետք է ավելի կոնկրետ բաներ գրել նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ուղղությամբ կատարվող քայլերի մասին (անընդհատ, արդեն որերորդ տարին շարունակում ենք հետազոտությունները, կատարում նախապատրաստական աշխատանքներ), ինչպես նաև պլանավորել արևային հզորությունների (մեգավատով) գործարկում։ Նպատակահարմար կլինի նոր, վերականգնվող էներգետիկայի խրախուսման կապակցությամբ նախատեսել օրենքի ընդունում, այս փուլում երաշխավորել նման ձևով արտադրված էլեկտրաէներգիայի սպառումը, խրախուսողական տարիֆների կիրառումը։
9. Անհաջող է ստացվել ջրային տնտեսություն բաժինը։ Տեքստը նույնն է, ինչ նախորդ տարիներին։ Համոզված ենք, այստեղ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ՝ հատկապես ոռոգման համակարգերը (ներտնտեսային) գյուղատնտեսական կոոպերատիվներին հանձնելու ուղղությամբ։
10. Տրանսպորտի և ավիացիայի բաժինները պարզապես չեն ստացվել։ Անհասկանալի է ճանապարհաշինարարության հայեցակարգը։ Մասնավորապես, ո՞րն է չափանիշը։ ՀՀ անվտանգությո՞ւնը։ Ինչո՞ւ է կառուցվում Հս-Հարավը այս տարբերակով։ Ինչո՞ւ չի ապահովվում Իջևանով-Բերդ, Կիրանց-Ջուջևան, դեպի Մեղրի թունելների և անխափան ճանապարհների շինարարությունը։ Երկաթուղիների մասով տեքստն այս էլ որերորդ տարին կրկնվում է։
11. Քաղավիացիայի մասով ոչինչ չկա։ Արդեն որերորդ տարին է` հայտարարվում է բաց երկնքի քաղաքականություն։ Դա ո՞րն է։ Ավիացիան ընդհանրապես հետադիմում է։ Մարդիկ կանոնավոր կերպով Թբիլիսիից են թռիչքներ վերցնում։ Դեպի Երևան չվերթերն իրար հետևից փակվում են։ Ինչպես պետք է լուծվի մրցակցային հիմունքներով ավիաընկերություններին նավթով ապահովելու հարցը։
12. Կրթություն։ Ինչո՞ւ պետք է նախադպրոցական ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ տրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ինչո՞ւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ռեսուրսներով ապահովվածության մակարդակը չի բարձրացվում։ Ինչո՞ւ են շախմատը և հայ եկեղեցու պատմությունը դասավանդվում դպրոցում։ Առաջին դեպքում խոսքն իրեն սպառած խաղի մասին է։ Ներկայումս համակարգիչները գրեթե անխափան հաղթում են պրոֆեսիոնալ շախմատիստներին։ Խաղի ստեղծագործական հորիզոնները սպառված են։ Այսպիսի մի բան էլ տարիներ առաջ պատահեց շաշկի խաղին։ Ի՞նչ կարող է տալ նման խաղը հասարակությանը՝ հայտնի չէ։ Եկեղեցու պարագայում կա հայ ժողովրդի պատմություն առարկան, որտեղ առանձին գլուխներ և պարագրաֆներ կարող են լինել եկեղեցու մասով։ Առանձին առարկա դասավանդելով` մենք, նախ, խախտում ենք Սահմանադրությունը և, երկրորդ, արհեստականորեն պետությունից վեր ենք դնում եկեղեցին։ Այս ամենը միջոցների վատնում է հակապետական կամ անպտուղ միջոցառումների վրա։ Այդ գումարները կարելի էր ծախսել հանրակրթության ոլորտում ՏՏ զարգացնելու վրա։ Նույն երեխաները դպրոցում շախմատ խաղալու փոխարեն կարող էին շախմատային ծրագրեր գրել։
13. Այս ամենին զուգահեռ պետք է փոխվի կրթության ֆինանսավորման համակարգը։ Պետք է ֆինանսավորել սովորողներին (աշակերտներ և ուսանողներ), այլ ոչ թե դպրոցներն ու կրթական հաստատությունները։
14. Գիտության բաժինը շատ թույլ է շարադրված։ Չկա հիմնականը՝ բարեփոխումների քաղաքականությունը։ Գիտությանը հատկացվող միջոցներն ավելանում են, բայց թեմատիկ ֆինանսավորումը պակասում է։ Գիտության ոլորտում գերակա արժեքները խորհրդային են, փոփոխություններ չկան։ Ակադեմիկոսներ, թղթակից-անդամներ, դրանք մեծ մասամբ փողով, կլանային և համերկրացու (земляк) սկզբունքով «ընտրված» մարդիկ են։ Չկա իրական գիտական պրոդուկտ։ Պետք է վերջապես հրաժարվել գիտության վաստակավոր գործիչների, խորհրդային շրջանից եկող այլ տիտուլներից։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ տիտղոսավոր «գիտնականները», որպես կանոն, չունեն գիտական միտք, հայտնագործություններ, պատենտներ, չեն ցիտվում հեղինակավոր ամսագրերում և այլն։ Մի՞թե, օրինակ, ճիշտ է գիտության բաժնում գրել այսպիսի «ծրագրային» միտք. ապահովել գիտական և գիտամանկավարժական կադրերի արդյունավետ սերնդափոխություն։ Այստեղ ի՞նչն է ծրագրայինը։ Իսկ այն, որ «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի գիտության մասով ընդգրկած ծրագրերը միտված են գիտության ոլորտում բարեփոխումների իրականացմանը», պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Ե՞րբ պետք է գիտությանը հատկացված միջոցները հասցեագրվեն կոնկրետ կատարող գիտնականներին։ Պետք է ֆինանսավորվեն գիտնականները, այլ ոչ թե գիտական հաստատությունները։ Բացի այդ, հույժ կարևոր է գիտությանը հատկացվող գումարները սահմանել ՀՆԱ-ի գոնե 1%-ի չափով։
15. Առողջապահության ոլորտի քայլերը նույնպես լոզունգային են։ Չկա ամենակարևորը. ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու ոլորտում մրցակցությունը խրախուսելու, բուժման որակն ու պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն են ոլորտի եկամուտներ գեներացնելու հնարավորությունը, հարկատվության մակարդակը։ Ո՞վ կամ ինչն է լինելու ոլորտում ֆինանսավորման օբյեկտը։ Խոսքը մասնավորապես պետական պատվերով նախատեսված միջոցները սերտիֆիկատների ձևով բնակչությանը տրամադրելու մասին է։
16. Անհասկանալի է սոցիալական ապահովության բաժնում խոսել այն մասին, թե իբր պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի արդյունքում կապահովվի համակարգի երկարաժամկետ կայունություն։ 2015 թ. տնտեսական աճը թույլ է, ներդրումային ռեսուրներն անբավարար են։ Դրա պատճառներից մեկն էլ այս կուտակային համակարգն է։ Ընդհանրապես ինչպես այս բաժինը, այնպես էլ ֆիզկուլտուրա և սպորտ ու բնապահպանության բաժինները գրվել են իներտ, հերթական նախաձեռնությունների սկզբունքով։ Նման բաներ գրելուց առաջ պետք է նկատի ունենալ. բյուջեում ճի՞շտ է արտացոլվել տնտեսական կամ սոցիալական քաղաքականության այն միջոցառումները, որոնցից ուղղակի եկամուտներ են ստացվում կամ որոնց վրա ուղղակի ծախսեր են կատարվում։ Օրինակ, ինչ անմիջական կապ ունի բյուջեի հետ ահա այսպիսի միտքը (նման մտքեր ՈՒղերձում շատ կա). «մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական ու մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը՝ ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը»։ Որ չգրեինք, չէինք անելո՞ւ։
17. Նույնն է նաև հասարակական կարգի պահպանում ենթաբաժինը։ Պարզապես թվարկված են ոստիկանության աշխատանքային պարտականությունները (չնչին բացառություններով)։ Այստեղ է, որ պետք է խնդիր դրվեր հանցագործությունները կրճատելու, հասարակական կարգի խախտման թվային արձանագրման և այլնի առումով։ Օրինակ, մարդկանց գրպանին լրջորեն խփում են նկարահանող սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված տուգանքները։ Նվազագույն աշխատավարձի համեմատ սրանք մեծ թվեր են։ Սակայն ոչ մի վերլուծություն չկա, թե այդ համակարգը ինչի է հանգեցրել, ինչպիսի՞ն են խախտման թվերը, ի՞նչ եկամուտներ են ստացվել, ինչպե՞ս են դրանք բաշխվել և այլն։
Դիտողություններ 2015թ պետական բյուջեի եկամուտների մասով
1. 2015-ի բյուջեի եկամուտները 2014-ի համեմատ ավելացվել են 4,2%-ով (1184,5 մլրդ դրամ), հարկային եկամուտները ՝ 3%-ով, այն դեպքում երբ գնաճը 4% է, իսկ տնտեսական աճը՝ 4,1%։ Այսպիսով, բյուջեի եկամուտները 2,9, իսկ հարկային մուտքերը 4,1%-ով աճելու տեղ ունեն։ Պետք է սահմանել (կարելի է նույնիսկ օրենքով) որ ՀՀ յուրաքանչյուր հաջորդ տարվա բյուջեի նվազագույն թիվը պետք է լինի. Բt1 = Բt0 x It1 x Iicp, որտեղ Բt0-ն հաշվետու տարվա բյուջեն է, It1-ը` տնտեսական աճն է ծրագրավորվող տարում, իսկ Icp-ն՝ միջին գնաճը ծրագրավորվող տարում։ Այս առումով 2015 թ. նվազագույն բյուջեն պետք է կազմի. 1135,9x1.041x1,04= 1229,8 մլրդ դրամ՝ 1184,5-ի փոխարեն։ Հետևաբար 2015-ի բյուջեի եկամուտները պետք է ավելացնել առնվազն 45,3 մլրդ դրամով։
2. Անհասկանալի են բյուջետային ուղերձի II մասի 3.1. աղյուսակում (2015 թ. պետական բյուջեի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչները) ներդրումների և սպառման մակարդակների ցուցանիշները։ Դրանց գումարը չի կարող գերազանցել ՀՆԱ-ն։ Եթե սպառման մակարդակն ավելացել է մասնավոր տրանսֆերտների կամ պարտքի հաշվին, ապա պետք է համապատասխան ձևակերպում տալ։
3. ՈՒղերձում 2015 թ. արդյունաբերության աճը «կանխատեսվել է» 3,7%։ Հիմնավորումը բացակայում է։
4. ՈՒղերձում 2015 թ. գյուղատնտեսության աճը «կանխատեսվել է» 3,4%։ Հիմնավորումը բացակայում է։
5. ՈՒղերձում 2015 թ. շինարարության աճը «կանխատեսվել է» 2%։ Հիմնավորումը բացակայում է։
6. ՈՒղերձում 2015 թ. ծառայությունների և առևտրի աճը «կանխատեսվել է» 3,7%։ Հիմնավորումը բացակայում է։
7. Ամբողջովին խառնած են աշխատավարձերի աճի թվերը։ Այսպես, 2014 թ. 7 ամիսներին պետական և ոչ պետական տնտեսությունների մասով հրապարակված են 142055 և 194589 դրամ թվերը։ Սա չի համապատասխանում իրականությանը։ ԱՎԾ-ն իրավունք չուներ 5% կուտակայինի թվերը դիտարկել իբրև եկամուտ։ Նույն ձևով սխալ է 2014 թ. 7 ամիսների 3,9% իրական աշխատավարձի աճը։ Եթե հանենք կուտակայինը, ապա իրական աշխատավարձի աճ միգուցեև չկա։
8. Անշուք շարադրանք է ներկայացված Կապիտալ ներդրումներ բաժինը։ ՈՒղղակի անհավանական է, որ ոչ բյուջեի նախագծում և ոչ էլ ուղերձում կապիտալ ներդրումներին առանձին գլուխ հատկացված չէ։
9. Անհասկանալի է ուղերձի զուտ արտահանում բաժինը։ Մտնում ենք ԵԱՏՄ։ Կառավարությունն ասում է, որ նոր հնարավորություններ են բացվում։ Մինչդեռ շարադրանքն այս բաժնում նույնն է, ինչ անցյալ կամ նախանցյալ տարի։
10. ՈՒղերձում նորից խոսվում է գնաճը կայունացնելու, թիրախավորման մասին։ Վերջին տարիներին ՀՀ տնտեսական աճի դանդաղեցման պատճառներից մեկն էլ ցածր գնաճն է։ Մեր երկրի տնտեսական զարգացման այս փուլում գնաճը չի կարող ավելի փոքր լինել, քան տնտեսական աճը։
11. Բավականին խաբուսիկ է ֆինանսական շուկա բաժնում կատարված «վերլուծությունը»։ Այսպես ԿԲ հայտարարություններն առ այն, որ վերջին տարիներին սպրեդը փոքրացել է (աղյուսակ 3.5.2.), չի համապատասխանում իրականությանը։ Այո, վարկերի ուղղակի տոկոսը 4 տարում իջել 0,7 տոկոսով, ավանդներն էլ բարձրացել են 1,6%-ով, բայց բանկերը մտցրել են քարտերի տրամադրման, փողի կանխիկացման, ազատ մնացորդի նկատմամբ պահանջների և այլնի այնպիսի նորմեր (որոնք, ի դեպ, վերլուծված չեն), որ ի վերջո վարկավորման տոկոսադրույքի իջեցումը ոչ մի դրական հետևանք էլ չի թողնում։
12. Անհասկանալի է բյուջեի ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի բաժանումը համախմբված և պետական բյուջեների միջև։ Այսպես, ՀԲ եկամուտներն են 1221,3 մլրդ դրամ, իսկ պետականինը՝ 1184,5։ Այսինքն, բոլոր ՏԻՄ մարմինների բյուջեները կազմում են սոսկ 36,8 մլրդ դրամ։ ՏԻՄ մարմինների ծախսերը կազմում են 125,7 մլրդ դրամ։ Այսինքն, ինքնածախսածածկման մակարդակը 29,2% է։ Մինչդեռ ուղերձում ՏԻՄ մարմինների եկամուտները ցույց են տրված 118,4 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ 81,3 մլրդ դրամ ֆիննախը միջոցներ է հատկացնելու ՏԻՄ մարմիններին։ Ինչո՞ւ է այս 81,3 մլրդ դրամը քննվել իբրև ՏԻՄ եկամուտ։
13. Անընդունելի է աղյուսակ 5-ում (ուղերձի 124-րդ էջ) ԱԱՀ հաշվարկման տվյալների բազան՝ նկատի ունենալով ՀՆԱ-ում նվազեցման ենթակա գումարները (2013՝ 1463,7 մլրդ դրամ, 2014՝ 1486,8 և 2015՝ 1601,7 մլրդ դրամ)։ Շատ արագ է աճում։ Որպես հիմնական գործոն 125-րդ էջում խոսվում է 58,35 մլն դրամ շեմի մասին։ Իբր սրանք փող չեն բերում բյուջե։ Բայց ուզո՞ւմ ենք, որ բերեն։ Ինչո՞ւ ենք 3,5% շրջհարկի շեմը իջեցնում 1%-ի։ Պետք է բարձրացնել 5-6%-ի, բայց ոչ մի փաստաթուղթ չպահանջել։ Շեմն էլ կարելի է սահմանել 125 մլն դրամ։
14. Բյուջետային ուղերձի ԱԱՀ, ակցիզային հարկի և շահութահարկի հաշվարկներն անընդունելի են։ Դրանք հաշվարկելիս գոնե 1%-ի ջանք չի նախատեսված ստվերը կրճատելու ուղղությամբ։ Անընդունելի են ինչպես ԱԱՀ, այնպես էլ շահութահարկի նկատմամբ փաստացի դրույքաչափերի մեծությունները (համապատասխանաբար 15,08% և 11,2%)։ Չհարկվող ճյուղերը հանելուց հետո փաստացի դրույքաչափերի իջեցումն առանց լուրջ բացատրության անընդունելի է։ Մասնավորապես, ԱԱՀ-ի մասով նշվում է, որ այդ 15,08%-ը հետևանք է փաստացի և անվանական դրույքաչափերի տարբերության։ Սա էլ պայմանավորված է նրանով, որ կան հարկային արտոնություններ։ Դրանից հետո 2013-ի փաստացի հարկումը նույնականացվում է 2015-ի համար։ Այդ դեպքում, ո՞րն է ստվերը։
15. Հնարավոր չէ ունենալ առաջընթաց և պայքար ստվերի դեմ եկամտային հարկի և շահութահարկի տարբեր դրույքների պայմաններում։ Դրանք պարզապես պետք է հավասար լինեն։ Ներկայումս դրանք համապատասխանաբար կազմում են 31% և 20%։
16. Անհասկանալի է ՀՀ ԿԲ-ից ակնկալվելիք մուտքերի բացակայությունը։ Նորմալ երկրներում ԿԲ-երն ապահովում են բյուջեների եկամուտների 10-15%-ը։ Պետք հասնել այն բանին, որպեսզի ԿԲ-ն բյուջեին փոխանցի 25 մլրդ դրամ (շահույթ և միջոցներ մասնավոր տրանսֆերտների ստերիլիզացիայից)։
17. Ինչո՞ւ են 2015-ի մաքսատուրքերը գնահատված 53,5 մլրդ դրամ կամ 130 մլն դոլար։ Մենք լինելու ենք ԵԱՏՄ տարածքում և ստանալու ենք 1,13%-ը՝ առնվազն 250 մլն դոլար։ Այսպիսով, այստեղ 49 մլրդ հաշված չէ։
18. Ինչո՞ւ են բնապահպանական և բնօգտագործման վճարները գնահատվել 30 մլրդ դրամ նախորդ տարվա 33-ի փոխարեն։ Պետք է ավելացնել առնվազն 10 մլրդ դրամ։
19. Ինչո՞ւ է դեֆիցիտը նախատեսված 2,34% կամ 114,1 մլրդ դրամ։ Իհարկե, սա ավելի լավ է, քան անցյալ տարի։ Բայց միևնույն է, այն պետք է նախատեսել 2,99% կամ 145,5 մլրդ դրամ։ Այսպիսով, այստեղ կարելի է ապահովել լրացուցիչ մուտք 31,4 մլրդ դրամ։ Սա նաև մի փոքր կբարձրացնի գնաճը և կնպաստի տնտեսական աճի արագացմանը։
20. Բյուջետային ուղերձում ընդհանրապես վերլուծված չէ գույքահարկը։ Մինչդեռ սա ևս եկամուտները բարձրացնելու լուրջ աղբյուր է։
21. Պետական բյուջեի եկամուտների մեջ պարզ չեն պետական գույքի վաճառքից (սեփականաշնորհումից) ստացվող միջոցները։
22. ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով պետք է հաստատել ամբողջությամբ և ըստ առանձին հարկատեսակների։
23. 2015 ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում պետք է կետ նախատեսել հետայսու բյուջեի հաշվետվությունն ըստ առանձին հարկատեսակների ներկայացնելու վերաբերյալ։
24. Այսպիսով, առանց հարկային բեռը բարձրացնելու և ստվերի դեմ պայքարի 2015 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կարելի է ավելացնել 160,7 մլրդ դրամով (45.3 + 49 + 10 + 31.4 +25)։ Ըստ իս, ՀՀ պետական բյուջե եկամուտները պետք է հաստատել առնվազն 1345,2 մլրդ դրամ, իսկ համախմբված բյուջեինը՝ 1382 մլրդ դրամ։ Դրա հետ կապված փոխենք ԱԱՀ, եկամտային հարկի և շահութահարկի հաշվարկման բազան։
Դիտողություններ 2015 թ. պետական բյուջեի ծախսերի մասով.
1. ՀՀ պետական բյուջեն ծախսերի գծով պետք է հաստատել 1459,3 մլրդ դրամ, իսկ համախմբված բյուջեի ծախսերի մասով՝ 1501,2 մլրդ դրամ։
2. Բյուջեի ծախսերի մեջ առանձին տողով պետք է հաստատել Հայաստան պետական ներդրումային սուվերեն հիմնադրամի ստեղծումը՝ նախատեսելով 150 մլրդ դրամագլուխ։ Այս գումարի 125 մլրդ դրամը պետք է տա կառավարությունը, իսկ 25 մլրդ-ը` ՀՀ ԿԲ-ն՝ հանրապետություն փոխանցվող տրանսֆերտների մասնակի ստերիլիզացիայի հաշվին։
3. Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ ավելի բարձր ՀՆԱ սահմանելու դեպքում եկամտահարկից ստացված լրացուցիչ մուտքերը կգերազանցեն բյուջեի ծախսերը։
4. Պետք է հնարավորինս ավելացնել ՏԻՄ մարմինների բյուջեները (նրանց թողնել շահութահարկի և եկամտահարկի 50%-ը)։ Այս դեպքում համայնքների ղեկավարների մեջ կառաջանա շահագրգռվածություն համայնքի տարածքում տնտեսության զարգացման կապակցությամբ։ Այս ձևով բյուջետային եկամուտները վերակառուցելիս ֆինանսական հոսքերի վերաբաշխումը կպակասի շուրջ 89 մլրդ դրամով։
5. Ինչո՞ւ են կրճատվել կրթության ծախսերը 0,3%-ով (127,5 մլրդ՝ 428-ով պակաս 2014-ից)։ Սա անթույլատրելի է։ Կրթության ծախսերի մակարդակը պետք է անընդհատ բարձրանա մինչև կհասնի ՀՆԱ 7 տոկոսը։
6. Գիտությանը հատկացվող գումարները իբրև սկիզբ 2015-ի համար սահմանել ՀՆԱ-ի գոնե 0,5%-ի չափով։ Գիտատեխնիկական կրթության համար նախատեսված է 13,9 մլրդ դրամ։ Իսկ սա կազմում է ՀՆԱ-ի սոսկ 0,28%-ը։ Ի դեպ, այս13,9 մլրդ դրամից էլ 9,8 մլրդ-ը բազային ֆինանսավորում է։ 2014-ին բազային ֆինանսավորումը եղել է 71,27% (9025 մլրդ 12663-ից), իսկ 2015-ին կազմում է 70,5%։ Առաջընթաց չկա։ Ավելին, թեմատիկ ֆինանսավորման համար 2014-ի 1,516 մլն-ի փոխարեն ունենք 1333 մլն դրամ։ Բացատրությունն էլ տարօրինակ է. ավարտվող թեմաների հաշվետվությունների և նոր թեմաների մրցույթների միջև երկամսյա տարբերություն կա։
7. Ինչո՞վ բացատրել մշակույթի ծախսերի ավելացումը 23,6%-ով (21,1 մլրդ դրամից 26,1 մլրդ)։
8. Գյուղատնտեսության ոլորտում կրկին սուբսիդավորվում են վարկերի տոկոսները (1,163 մլրդ դրամ 2014-ի 872,5-ի փոխարեն), պարարտանյութերը (1829,4 մլրդ դրամ) և դիզվառելիքը (1260,6 մլրդ դրամ)։ Փաստորեն, այս ապրանքների գծով շուկան չի կայանում։
9. ՏԻՄ մարմինների բյուջետային եկամուտների առաջարկվող փոփոխության արդյունքում վերախմբագրել ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին օրենքի 10-րդ հոդվածը»։

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ