«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայ-թուրքական հարաբերություններ, արտագաղթ և... «թեժ աշուն»

Հայ-թուրքական հարաբերություններ,  արտագաղթ և... «թեժ աշուն»
09.09.2014 | 00:21

5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանը մեկնարկեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հնչեցրած հարցերով: Եթե առաջինին մտահոգում էր հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելը, ապա երկրորդն առաջարկում էր կազմակերպել բաց քննարկում արտագաղթի թեմայով, քանի որ այն վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի: Երկու դեպքում էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչները հստակ պատասխաններ չտվեցին:
Զարուհի Փոստանջյանի և Գալուստ Սահակյանի երկխոսությունն ավարտվեց վերջինիս հումորով. ԱԺ նախագահը, իմանալով, որ «Ժառանգության» պատգամավորի գրանցման քարտը չի աշխատում, արձագանքեց՝ երկարատև բացակայության պատճառով քարտը փչացել է։ Իսկ արձանագրությունների մասով էլ ասաց, թե այդ հարցը հռետորական է և դրան տրվել է պատասխան: Իսկ արտագաղթին վերաբերող հարցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, որ իրենք ժողովրդի հետ շփվում են առանց միջնորդների: Եվ ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր:
ՈՒշագրավն ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայտնվելն էր մի խումբ լրագրողների «շրջափակման» մեջ, և նրա եզրահանգումը. «Դավայ, յան տվեք սաղդ»: Համանման պատասխաններ հնչեցրին նաև Նահապետ Գևորգյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և Մհեր Սեդրակյանը:
Առավոտյան, մինչ նիստի սկսելը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր առանձին նիստ հրավիրել: Հավանաբար «թեժ աշնանն» են նախապատրաստվում: Եվ պատահական չէ, որ ԱԺ միջանցքներում լրագրողների ու պատգամավորների երկխոսության մեջ ամենաշատ գործածվող բառակապակցությունը հենց «թեժ աշունն» էր, ինչն էլ հումորային տրամադրություն էր ստեղծում, երբեմն էլ զավեշտի վերածում լուրջ դեմքով զրույցները:
«Ախր այսքան տարի «թեժ աշուն» եք խոստանում, ի՞նչ եղավ» հարցին տարբեր խմբակցությունների պատգամավորներ տարբեր պատասխաններ էին հնչեցնում՝ կախված ակնկալիքներից, քաղաքական կոնյունկտուրայում զբաղեցրած դիրքից ու քաշից:
Հարկ է հիշեցնել, որ ԱԺ ոչիշխանական ուժերի քառյակը իշխանություններին է ներկայացրել տասներկու կետերից բաղկացած պահանջ և տրամադրել որոշակի ժամանակ` դրանք ի կատար ածելու համար: Ոչիշխանական ուժերը նաև հայտարարել են, թե աշնանը ակտիվ գործողություններ են նախաձեռնելու։
«Իրատես de facto»-ն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց` ՀՀԿ-ն արդյոք պատրա՞ստ է ընդառաջելու քառյակի պահանջներին և իրականացնելու դրանք։
«Իշխանությունն առաջնորդվում է իր ծրագրերով և կատարում է իր ծրագրերը: Դրանք կարող են համընկնել նաև որևէ մեկի առաջարկի հետ: Կառավարությունը հայտարարել է, թե ինչ է պատրաստվում անելու։ Կա կառավարության ծրագիրը, բյուջեն, կառավարությունն առաջնորդվում է դրանով: Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին, ապա ընդդիմություն է, պետք է պահանջի: Եթե ընդդիմության խնդիրը պահանջելն է, ապա իշխանության գործն էլ իր առջև դրված խնդիրները կատարելն է: Դրանք հնարավոր է և բացարձակ չհատվեն, չհամընկնեն իրար հետ: Ըմբռնումով պետք է մոտենալ նրանց պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, թե մենք այս կանենք, մենք այն կանենք, ծանոթ ձեռագիր է, այդ «մենք»-ը պարբերաբար փոխվում է: Եվ առհասարակ ընդդիմությունը հանրահավաք անում է, երբ կարողանում է անել, չի նայում` իշխանությունը կատարե՞ց իր պահանջները, թե՞ չկատարեց»,- մանրամասնեց Սամվել Նիկոյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ