«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության նոր ծրագրի նախագիծը

ԱԺ-ն այսօր կքննարկի կառավարության նոր ծրագրի նախագիծը
19.05.2014 | 11:55

Համաձայն ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում կսկսվի ՀՀ 13-րդ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որն անցած ուրբաթ երեկոյան բաժանվել է Ազգային ժողովի պատգամավորներին և տեղադրված է կառավարության կայքում:
Կառավարության ծրագիրը բաղկացած է 74 էջից և հաստատում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մինչ այս կատարած հայտարարությունները. կանգնել գյուղացու կողքին, գործարարների համար հավասար մրցակցային խաղի կանոններ սահմանել, հայրենիքը դարձնել ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու հնարավորությունների երկիր և այլն:
Թվերի, տվյալների մասին խոսելիս նկատվում է որոշակի զգուշություն՝ «պետք է» բառի զուգորդմամբ: Օրինակ՝ «այս ամենի հիմքում՝ 2014-2017 թթ. տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված արտահանման տնտեսական ներուժի և այլ գործոնների բերումով, պետք է ստեղծվեն նախադրյալներ հետագա՝ ավելի հավակնոտ և բեկումնային աճի համար»:
Ծրագրի հիմքում կառավարության 2013-ի ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն են, խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Կառավարության գերակա շահը ՀՀ քաղաքացին է, իսկ հայրենիքը դառնալու է արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:
ՀՀ կառավարությունը հռչակում է իր գործունեության գերակա նպատակը. ՀՀ քաղաքացին, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը:
«Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի և գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր` յուրաքանչյուրի համար»,- ասված է ծրագրում:
Ընդգծվում է, որ կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար հնարավորություններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը, և միայն հասարակության կողմից արդարացի ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում:
Խոստացվում է, որ կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե հայրենական, թե օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը լինելու է ՀՀ կառավարության առաջնահերթություններից:
Կառավարությունը պետք է աջակցի գործարարին՝ իր գործիքներով լինի անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող քաղաքացու կողքին, ապահովի նրա համար գործարարությամբ զբաղվելու հավասար և բարենպաստ պայմաններ:
Սոցիալական հիմնահարցերի շարքում առանձնանում է տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի ստեղծումը, բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար կարևորվում է աշխատավարձերի համակարգված աճը, որը խոստացվում է լինել հետևողական և համաչափ:
Կառավարությունը՝ բնապահպանության կողքին լինելով, նաև՝ գյուղացու կողքին
Հաջորդ շեշտադրումն այն է, որ կառավարությունը հատկապես կարևորելու է գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը, ավելացվելու են առկա գործիքներով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծավալները, մեկնարկելու է կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր՝ հանրապետության մարզերում գյուղատնտեսության կենսունակությունը լրջորեն բարելավելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանի կաբինետը խոստանում է 2014-2017 թթ. էական աշխատանքներ կատարել ջրամբարաշինության բնագավառում՝ սկսելով 4 կարևորագույն ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնել Սևանի բեռը, այլև զգալիորեն բարելավել հողագործական աշխատանքների արդյունավետությունը:
Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները
Առաջիկա 3 տարիներին տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային նշանակություն։ ՀՀ կառավարությունը ծրագրի իրականացմամբ 2014-2017 թթ. նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով. նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ մինչև 10 տոկոսային կետով: Նոր ծրագրի նախագծով՝ 2017 թվականի նվազագույն աշխատավարձը դառնալու է 65 000 դրամ:
Հաշվի են առնված արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները, որոնք նկարագրված են ծրագրի վերջին մասում:
Արտաքին հարաբերությունների ոլորտում կառավարությունը կարևորում է՝
• Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը,
• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը,
• Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը,
• ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը,
• Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը,
• Անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել զարգացումը,
• Հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումը,
• Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացումը,
• Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացումը,
• Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացումը,
• Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը,
• ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացումը։
ԵՄ-ի հետ ասոցացման դրույթների փոխարեն, որը առկա էր նախորդ ծրագրում, նշվում են ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը:
• ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը։
• Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդումը:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ