«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լրագրողական համերաշխությունը միֆ է - 2

Լրագրողական համերաշխությունը միֆ է - 2
15.03.2014 | 16:25

Ամիսներ առաջ գրել էի, որ լրագրողները չեն կարողանում համերաշխություն ցուցաբերել նույնիսկ մանրուք թվացող հարցերում: Օրինակ, ի՞նչն էր խանգարում, որ լրագրողները միավորվեին և բոյկոտեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կազմակերպած ամանորյա ընդունելությունը: Չէ՞ որ նա դրանից առաջ պիտակավորել էր լրագրողներին, որոնք հոդվածներ էին գրել և բացահայտել իր ապօրինությունները:

Երեկ էլ հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն են ակցիաներ կազմակերպել «Հայկական ժամանակ» և «ժամանակ» օրաթերթերի խմբագրությունների առջև՝ նրանց անվանելով «դհոլ»: Խմբագրության աշխատակիցները պարզել էին, որ այդ ակցիաները լուսաբանում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցները: Այսինքն՝ մասնագիտական համերաշխության սկզբունքն այս դեպքում էլ խախտվեց, և հօգուտ՝ օլիգարխիկ-կուսակցական շահերի:
Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես Ռուսաստանում գտնվում են մտավորականներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում երկրի ղեկավարության քաղաքականությանը, քննադատում են, հանդես գալիս բաց նամակներով և չեն վախենում, որ ինչ-որ բան կկորցնեն:
Ռուսական պետական հեռուստաընկերության հաղորդավարուհի Լիզ ՈՒոլը հրաժարվում է աշխատել մի հեռուստաընկերությունում, որն, իր խոսքերով, ֆինանսավորվում է Վ. Պուտինի կողմից և արդարացնում է նրա գործողությունները:
Իսկ Հայաստանում շարունակվում է նորմալ դիտվել լրատվամիջոցին լրատվամիջոցի դեմ հանելը, միմյանց հասցեին «ծախված», «դհոլ» և այլ պիտակավորումներ հնչեցնելը: Նորմալ է դիտվում, որովհետև հենց հասարակական, քաղաքական գործիչները ոչ միայն չեն դատապարտում, այլև խրախուսում են այդ մթնոլորտը՝ ԶԼՄ-ներին բաժանելով «յուրայինների» և «ծախվածների»՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից: Այդ իսկ պատճառով էլ հայաստանյան հեռուստաընկերություններում չեն գտնվում Լիզ ՈՒոլներ, որոնք հանուն պրոֆեսիոնալ սկզբունքների «ձեռնոց կնետեն» և կազատվեն աշխատանքից:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ