«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստան-ԵՄ հարաբերություններում գաղջ մթնոլորտ է»

«Հայաստան-ԵՄ հարաբերություններում գաղջ մթնոլորտ է»
11.02.2014 | 21:58

«Չպետք է գերագնահատել կամ թերագնահատել տեղի ունեցածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում Հայաստանի և ԵՄ խորհրդարանականների միջև փաստաթուղթ չստորագրելու փաստին, ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Նկատենք, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության շրջանակում սա առաջին դեպքն է, երբ փաստաթուղթ չի ստորագրվում: Պատվիրակության ղեկավարը սա բացատրեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի նախագահի որոշման, ինչի առնչությամբ Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ «նեղացվածություն ու չհասկացվածություն» կա: «Իսկապես փաստաթղթի շուրջ մեզ չհաջողվեց գալ վերջնական համաձայնության»,-հավելեց Սամվել Ֆարմանյանը, որպես անհամաձայնության կետ նշելով փաստաթղթում Ղարաբաղին առնչվող ոչ ցանկալի ձևակերպումները: Պատվիրակության մյուս անդամը` դաշնակցական Աղվան Վարդանյանն էլ նկատեց, որ ողբերգություն տեղի չի ունեցել, բայց վատ է, որ հնարավոր չեղավ համատեղ փաստաթուղթ ստորագրել: Ըստ ՀՅԴ պատգամավորի, այս ամենը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, այդ թվում, սեպտեմբերի երեքից հետո առկա մթնոլորտն ու վերջերս ԵԽԽՎ-ում ընդունված ոչ հայանպաստ բանաձևը: Չնայած այս ամենին, ըստ պատվիրակության անդամի, հնարավոր էր ԵՄ հետ ձևավորել ընդհանուր օրակարգ և փաստաթուղթ ստորագրել: Նա անգամ մեղադրեց Սամվել Ֆարմանյանին, ով միահեծան որոշում է կայացրել՝ առանց պատվիրակության անդամներին քննարկումների մասին տեղեկացնելու: Շեշտելով մայիսին ԵՄ խորհրդարանի ընտրությունները, Աղվան Վարդանյանը կարևորեց մեր պատվիրակության, արտաքին գործերի նախարարության հետևողական աշխատանքը, որպեսզի այսօրինակ իրավիճակներից խուսափենք: Պատվիրակության մյուս անդամն էլ՝ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը ևս համամիտ էր դաշնակցական գործընկերոջ հետ, որ հնարավոր էր փաստաթղթի ստորագրումը: Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, Մարգարյանը կարծում է, որ ԵՄ նոր պատգամավորների հետ համագործակցությունն ավելի դժվար է լինելու, քանի որ նրանք կատարված փաստով են մեզ հետ խոսելու: «Չստորագրելը մեզ վնասեց»,-եզրափակեց Ստեփան Մարգարյանը: Պատվիրակության անդամներից ամենահակիրճը Նիկոլ Փաշինյանն էր, ով իր տպավորությունները երեք նկատառումով ներկայացրեց. Հայաստան-ԵՄ հարաբերություններում գաղջ մթնոլորտ է, Հայաստանին պակաս անկախ են ընկալում, Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնում է ի հաշիվ ԵՄ-ի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ